Հերթական դիտարկում` հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2010 17:56
Հայ- ադրբեջանական սահմանի շփման գծում` Վայոց Ձորի մարզի Բարձրունի բնակավայրի սահմանահատվածում, այսօր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների մասնակցությամբ անցկացվեց հերթական դիտարկումը: Նախ` երկկողմ համաձայնությամբ ձեռք բերվեց անվտանգության երաշիք, որից հետո միայն անկացվեց դիտարկումը, որն անցավ առանց հրադադարի ռեժիմի խախտման:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, ամեն անգամ հայկական կողմը ցանկություն է հայտնում, որ մոնիտորինգների ժամանակ կատարվեն անմիջական հանդիպումներ` հատելով սահմանը: «Այսօրվա մոնիտորինգի ժամանակ եւս հայկական կողմը հանդես եկավ նման առաջարկությամբ, սակայն ադրբեջանական կողմը կտրուկ հրաժարվեց:
Նախորդ` Կոթիում անցկացված մոնիտորինգի ժամանակ քննարկվել են չեզոք գոտուց մեր տրակտորի դուրս բերման եւ այս տարվա մարտի 3-ին հայկական կողմն անցած ադրբեջանական դիվերսիոն խմբի 3-րդ անդամի դիակի հայտնաբերման եւ դուրս բերման հարցերը, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս շահագրգռվածություն չի ցուցաբերել սեփական քաղաքացու դին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Ա. Մկրտումյանը:
Հայկական կողմի գնահատմամբ` Ադրբեջանը լուրջ չի մոտենում մոնիտորինգների անցկացմանը, «անհասկանալի է` ո՞ւմ են ուղարկում եւ ի՞նչ լիազորություններով»: «Այնպիսի տպավորություն է, որ նրանք հարկադրաբար են մասնակցում մոնիտորինգներին: Այդ են վկայում ադրբեջանական կողմից 2009թ-ի չորս եւ այս տարվա երկու տապալված դիտարկումները: Հայկական կողմը միշտ էլ նախատեսում եւ պատրաստ է անմիջական հանդիպման` ունենալով համապատասխան լիազորություններ»,- ասաց Ա. Մկրտումյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր ադրբեջանական կողմը փորձել է պահանջ ներկայացնել, որ հայ լրագրողները չկարողանան մասնակցել եւ լուսաբանել մոնիտորինգը, սակայն հայկական կողմի պահանջով` դա չի իրականացվել: Մոնիտորինգից առաջ Վայոց Ձորի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ մարզի վեց բնակավայրերի ուղղությամբ, հատկապես` վերջին ժամանակներս, ադրբեջանական կողմից իրականացվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Ադրբեջանը մշտապես օգտագործում է բարձր տրամաչափի գնդացիրներ, 12 մմ տրամաչափի դիպուկահար հրազեններ: «Մշտական կրակահերթի տակ են մարզի 2400 հա տարածքներ, ինչի պատճառով գյուղացիները չեն կարողանում այստեղ իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ:
Ի տարբերություն Հայաստանի`ադրբեջանական կողմի սահմանամերձ գյուղական համայնքներում կանոնավոր կերպով իրականացվում են գյուղատնտեսական աշխատանքներ, քանի որ հայկական կողմը չի խախտում հրադադարի ռեժիմը»,- ասաց փոխմարզպետը: Նրա տեղեկացմամբ`հունվար- փետրվարին Բարձրունի գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից արձանագրվել է ամսական 7-10 հրադադարի խախտման դեպք, իսկ մայիսին, երբ արդեն սկսվել էին գյուղատնտեսական աշխատանքները` 110 դեպք:






Facebook
Tweet This
Email This Post
