Շարունակվում են աշխատանքներն Ադրբեջանում գտնվող հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 16, 2010 17:43

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում` Վայոց ձորի մարզի Բարձրունի բնակավայրի սահմանահատվածում, իրականացված մոինտորինգից առաջ Վայոց ձորի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայկական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչների առջեւ բարձրացրել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ վերադարձման հարցը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, հայկական կողմը, հաշվի առնելով միջազգային նորմերն ու սկզբունքները, ապրիլին ադրբեջանական կողմին էր վերադարձրել Հայաստանի սահմանը խախտած մեկ զինծառայողի, ի տարբերություն Ադրբեջանի:

«Հայկական կողմը տանում է համապատասխան աշխատանքներ Ադրբեջանում գտնվող սահմանախախտ 6 հայ զինծառայողների եւ 5հոգանոց ընտանիքի հայրենադարձման ուղղությամբ»,- վստահեցրեց նա: Ս. Ասատրյանը հավաստիացրեց նաեւ, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, մշտապես պահպանում է Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերիների իրավունքները` թույլատրելով նրանց հանդիպումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, իրականացնել նամակագրական կապ հարազատների հետ: «Մինչ այժմ Ադրբեջանում գտնվող որեւէ ՀՀ քաղաքացի հնարավորություն չի ունեցել նամակագրական կապ պաշտպանել ծնողների կամ հարազատների հետ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հավատարիմ է մնում միջազգային նորմերին»,- ասաց Ս. Ասատրյանը:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply