ՌԱՀՀԿ-ը գնահատեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը եւ վերլուծեց Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում եւ տարածաշրջանում պաշտպանության բարեփոխումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2010 17:37

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր քննարկեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցը: Վերլուծություններ ներկայացվեցին Թուրքիայում եւ Ադրբեջանում պաշտպանության բարեփոխման ու ռազմաքաղաքացիական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ արվեցին Վրաստանում եւ Իրանում այս հարցերի ավելի կենտրոնացված վերլուծություններ:

Կլոր սեղանի շուրջ 50 մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը հակիրճ շարադրեց Հարավային Կովկասում պաշտպանության բարեփոխումների, ինչպես նաեւ ռազմական ուժերի հավասարակշռության հարցերը, որոնք, ըստ նրա, “ապացուցեցին տարածաշրջանային անվտանգության համատեքստում վերջին իրադարձությունների քննարկման եւ վերլուծության կարեւորությունը”: Նա հավելեց, որ “Թուրքիայում եւ Ադրբեջանում պաշտպանության բարեփոխումների եւ ռազմաքաղաքացիական հարաբերությունների ներկայիս շարժունակ բնույթը մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցերի ուսումնասիրությանը”:

ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Լեւոն Հովսեփյանն իր զեկույցում ամփոփեց Թուրքիայում պաշտպանության բարեփոխումների եւ ռազմաքաղաքացիական կապերի ուսումնասիրությունները: Հովսեփյանը, ով վերջերս հրատարակեց Թուրքիայի զինված ուժերին նվիրված գիրք, զեկույցը սկսեց Թուրքիայի պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության վերլուծությամբ եւ շարունակեց` հավելելով, որ շատ առումներով “Թուրքիան դարձել է անվտանգության պետություն”: Նա նաեւ ընդգծեց, որ այդ երկիրն այժմ ցանկանում է կառուցել իր “փափուկ ուժը” եւ տարածաշրջանում դառնալ “անվտանգության երաշխավոր”` միաժամանակ “պաշտպանության բարեփոխում իրականացնելով Եվրամիությանը միանալու փորձերի շրջանակներում”:

Իր հերթին ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծեց տարածաշրջանային վերջին միտումները` արծարծելով մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության բարեփոխումների կարգավիճակը: Նա շեշտեց, որ չնայած Ադրբեջանի պաշտպանության բնագավառի ուռճացված ծախսերին, իրական թեստն այն է, թե ինչպես է այնտեղ տնօրինվում ռազմական բյուջեն: “Ադրբեջանի զինված ուժերը դեռեւս մնում են կոռուպցիայի սրտում”,- համոզմունք հայտնեց Կիրակոսյանը` գնահատելով նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի կարողականությունը:

Իր խոսքում ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ռազմական ներուժը ուժերի հավասարակշռության կարեւորագույն տարրերից ընդամենը մեկն է: “Մյուս գործոնները` ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ քաղաքական կայունությունը, հավասարապես կարեւոր են”,- ասաց Սարգսյանը:

Վերջում ծավալվեցին հարցուպատասխան եւ մտքերի փոխանակություն, որին աշխուժորեն արձագանքեցին ներկաներից շատերը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանըª արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply