Ա. Պողոսյան. «Սննդի «ամառային անվտանգությունը» պայմանավորված է ոչ միայն ժամկետով, այլեւ պահպանման ձեւով»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 16, 2010 16:24
Սննդի «ամառային անվտանգությունը» պայմանավորված է ոչ միայն ժամկետով, այլեւ պահպանման ձեւով: Ինչպես այսօր մամլո ասուլիսում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, արեւի տակ դրված եւ վաճառվող սննդից չպետք է օգտվել: Կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ մակնշված չէ եւ պահպանման ժամկետի մասին տեղեկատվություն չի կրում Հայաստանում վաճառվող պաղպաղակի 80-90%-ը, ձվի` 100%:
«Դիետիկ ձուն պահպանվում է յոթ օր, ոչ դիետիկը` մի փոքր ավելի: Յուրաքանչյուր ձվի վրա, կամ եթե փաթեթավորված է, փաթեթի վրա, պիտի նշված լինի` երբ է արտադրված եւ որքան ժամանակ է պիտանի»,- հիշեցրեց նա: Ա. Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջերս հկ ավելի շատ են ահազանգում դեղերի որակի վերաբերյալ: «Շաբաթը մեկից երկու ահազանգ ենք ստանում, որոնք առավելապես վերաբերում են դեղերի կասկածելի ծագմանը, ներգործուն չլինելուն եւ նույնիսկ` վնասելուն»,-ասաց նա: Ըստ Ա. Պողոսյանի` բողոքները մեծ մասամբ ներկրված դեղերից են: «Այսօր մեր երկրում դեղերի որակով զբաղվող ընկերություն չկա:
Մենք մեզ ներկայացված բողոքն ուղարկում ենք առողջապահության նախարարություն, որից հետո չգիտենք, թե ինչ է լինում»,-նշեց նա: Անդրադառնալով փողոցային առեւտրին` հկ նախագահն ասաց, որ այն «ցավոտ եւ չլուծված խնդիր է»` վտանգավոր առողջության համար: Նրա խոսքով` այս տարիների պայքարը տվել է փոքրիկ արդյունքներ, սակայն դրանք էլ անընդհատ պետք է հսկել:
Ա. Պողոսյանը սպառողներին հորդորեց ուշադիր լինել եւ միշտ գնումներ կատարելիս փնտրել մակնշումը: «Նախ` եթե տեսնում եք, որ մակնշված չէ, պիտի չառնեք, հետո առհասարակ դադարեք օգտվել այդ անբարեխիղճ արտադրողի առաջարկից կամ ծառայությունից, նաեւ` մի զլացեք զանգել սննդի որակի տեսչություն ու տեղեկացնել դեպքի մասին»,-նշեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
