Մայրենիի քննության գնահատականը կբարձրանա առավելագույնը 1 միավորո՞վ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2010 15:12

Հայոց լեզվի և գրականության թեստերում բացահայտված սխալ հարցերը շատ չեն և կարող է խոսք լինել գնահատականների 0,5-1 բալ բարձրացման մասին: Այսօր նման հայտարարություն արեց ԿԳ փոխնախարար, բողոքարկման հանձնաժողովի ղեկավար Մանուկ Մկրտչյանը` հավելելով, որ հանձնաժողովի վերջնական որոշումը պարզ կդառնա հունիսի 23-ից հետո, երբ ավարտվեն միասնական քննությունները:

Մկրտչյանի  կարծիքով` Հայոց լեզվի և գրականության քննությունից հետո բարձրացծած աղմուկն արհետածին էր և դրանում մեղավոր էին բոլորը: «Ի՞նչ իմաստ ունի հասարակությանը գրգռել, եթե երեխաները դեռ քննություն են հանձնում»,- ասում է Մկրտչյանը:

Երբ լրագրողները հարց բարձրացրին, թե թեստերի հեղինակները որևէ պատասխանատվություն կրելու են, Մկրտչյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք թույնով լցված: Ի՞նչ են արել այդ մարդիկ, որ պատժվեն: Մարդիկ ջանասիրաբար աշխատել են, հիմա արդյունքն այսպիսին է, հետևանքներն էլ չնչին են»: Ըստ Մկրտչյանի` հիմա իրենց նպատակն է ոչ թե որևէ մեկին պատժելը, այլ լարված իրավիճակը շտկելը:

Մկրտչյանն ասում է, որ թեստեր գրելու համար այս հեղինակներին  են ընտրել, քանի որ վերջիններս արդեն երկար  տարիներ ոլորտի լավագույն մասնագետներ են: Նրա խոսքով` հետագայում ԳԹԿ-ն կարող է նորից դիմել այս մասնագետներին` առաջարկելով նորից քննական թեստեր հեղինակել:

Փոխնախարարի խոսքով` քննական առարկայի միջին գնահատականը պետք է լինի 11-14 բալի սահմաններում, որպեսզի միջին և բարձր մտավոր ունակություններ և գիտելիքներ  ունեցողներին հնարավոր լինի բացահայտել: Իսկ եթե միջին գնահատականը ցածր է 11-ից կամ բարձր 14-ից, ապա թեստերն անորակ են:

Անդրադարձ եղավ նաև քննական ժամանակի արդյունավետությանը: Հայոց լեզվի և գրականության թեստերի 80 հարցերին պատասխանելու համար տրվում է երեք ժամ ժամանակ, այսինքն` դիմորդը 1 հարցին կարող է հատկացնել առավելագույնը 3 րոպե:

Մկրտչյանը նշեց, թե քննական ժամանակը որոշվում է բազմաթիվ հետազոտություններից հետո: Ուսումնասիրություններն, ըստ Մկրտչյանի, ցույց են տվել, որ երեք ժամից հետո դիմորդները քննական կենտրոնում այլևս չեն աշխատում և չեն մտածում, ուստի 3երեք ժամն օպտիմալ տարբերակ է:

Դիտվել է 1965 անգամ:
Print Friendly

Leave a Reply