Հայտնի են «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցույթի հաղթողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2010 14:09

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվեցին «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցույթի արդյունքները: Մրցույթը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն եւ Ռուսաստանի Հայերի միությունը, իրականացնում է ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամը: Մրցութային ֆոնդը 2010թ. կազմել է 9 միլիոն 250 հազար դրամ, որը բաշխվել է հինգ անվանակարգերում: Առաջին տեղի մրցանակը 1,5 միլիոն դրամ է, 2-րդը` 350 հազար դրամ:

Երկրորդ տեղի մրցանակի գումարը Ռուսաստանի Հայերի միությունը լրացուցիչ տրամադրել է իր հիմնադրման 10-ամյակի առթիվ: Ինչպես նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մրցույթն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, որն այս տարի ավելի ընդլայնված տեսք է ստացել: «Կարեւորն այն է, որ մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է: Սա նշանակում է, որ մրցանակաբաշխությունը գիտական շրջանակներում ունի բավականին բարձր հեղինակություն»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ի գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը ցանկություն հայտնեց, որ մրցանակաբաշխությունը կրի ավանդական բնույթ:

Անցած մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել են 27 գիտական աշխատանքներ, հետազոտություններ, նախագծեր, իսկ այս տարի` 38: Ըստ Հ. Մաթեւոսյանի` այս տարի ներկայացվող աշխատանքների որակը շատ ավելի բարձր է, որի պատճառով փորձագիտական հանձնախմբերը կանգնել են բավականին դժվար ընտրության առջեւ: «Հասարակական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսել են Վահան Բայբուրդյանը` «Քրդերը, Հայկական հարցը եւ հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» մենագրության համար եւ Տիգրան Թորոսյանը` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրության:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սեդա Գասպարյանը` «Գեղարվեստական համեմատությունը որպես լեզվաբանաստեղծական հնար» մենագրության համար: «Հայագիտություն» անվանակարգում առաջին տեղը շնորհվել է Արսեն Բոբոխյանին` «Հաղորդակցությունը եւ փոխանակությունը Կովկասի ու Տավրոսի միջեւ ընկած լեռնաշխարհում, մ.թ.ա. մոտ 2500-1500թթ.» մենագրության համար, երկրորդ տեղը` Մերուժան Հարությունյանին` «Թարգմանելու արվեստը» մենագրության:

«Բնական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսել են Շիրազ Մարգարյանը համահեղինակների հետ` «E վիտամինի ջուր + դիմեթիլսուլ‎ֆօքսիդ եւ ջուր + դիէթիլսուլֆօքսիդ պարունակող շրջված միցելներում կապվելու ուսումնասիրությունը սպեկտրոֆոտոչափական եղանակով» հոդվածների շարքի համար, եւ Արմեն Թռչունյանը` համահեղինակների հետ` «Բակտերիաների թաղանթների գործառական ակտիվությունը եւ դրա կարգավորումը» հոդվածների շարքի: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վիգեն Թոփուզյանը համահեղինակների հետ «α, β- Դեհիդրո‎ֆենիլալանինի խոլինային էսթերներ, մարդու ացետիլխոլինէսթերազի եւ բութրիլխոլինէսթերազի դարձելի արգելակիչների նոր դաս» հոդվածների շարքի համար:

«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում առաջին տեղը նվաճել է Դավիթ Սարգսյանը համահեղինակների հետ` «Օպտիկական պրոցեսները սուբմիկրոնային հաստությամբ ատոմական գոլորշիներում եւ դրանց կիրառությունները» հոդվածների ու թեզիսների շարքի համար, երկրորդ տեղը` Մարտին Գրիգորյանը համահեղինակի հետ` «Ուոլշի համակարգի ուժեղացված L1-greedy հատկության մասին» հոդվածների:

«Ինֆորմատիկա եւ տեխնիկական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսել են Ժոզե‎ֆ Փանոսյանը համահեղինաների հետ` «Ալմաստանման ածխածնային թաղանթների ստացման եղանակ եւ սարք» ԱՄՆ արտոնագրի համար, ու Վոլոդյա Երիցյանը համահեղինաների հետ` «Վինիլացետատի ստացման եղանակ», ՀՀ արտոնագրի: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ստեփան Մեսչյանը «Կավային գետնահողերի հոսքաբանության փորձարարական հիմքերը» մենագրության համար:

Դիտվել է 2014 անգամ:
Print Friendly

Leave a Reply