Գիտահետազոտական սեմինար` նվիրված Հայաստանի ջրամատակարարման ոլորտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2010 12:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող գիտահետազոտական սեմինարին։ Սեմինարի նպատակն է ներկայացնել կառավարության նախաձեռնած ոլորտային բարեփոխումների միջանկյալ արդյունքները և քննարկել ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող մարտահրավերները։ Քննարկմանը մասնակացում էին նաեւ ոլորտի պետական և մասնավոր հատվածի պատասխանատուներ, միջազգային դոնոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել է մշակել «Ջրային ոլորտի քաղաքականության մասին» փաստաթուղթ, վերլուծելով ոլորտի իրավիճակը, պետական-մասնավոր գործունեության գծով Հայաստանում մինչ օրս ձեռքբերված փորձը, և միջազգային պրակտիկայից քաղած դասերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին, նշել է. «Տնտեսական բարեփոխումների իրականացման մեջ մենք հասել ենք մի նոր հանգրվանի։ Անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք բացահայտեցինք և խնդրեցինք Համաշխարհային բանկին, որպեսզի մեզ տրամադրի խորհրդատվություն։ Մասնավորապես, խոսքը խմելու ջրի մատակարարման կազմակերպման ռազմավարության մասին։
Կառավարության ղեկավարը նաեւ նշել է. «Վերջին շրջանում կարող ենք ասել, որ բարեփոխումներն այս ոլորտում տվել են դրական արդյունքներ, մասնավորապես եթե նշենք, որ Երևանում արդեն խմելու ջրի մատակարարման արդյունքները բավական տպավորիչ են։ Մենք հասել ենք շուրջ 22 ժամ խմելու ջրի մատակարարման, և կարծում եմ` դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունենք միջազգային օպերատորներ, որոնց հետ կնքել ենք պայմանագրեր և որոնց փորձը, կարծում եմ, մի կողմից` մեզ համար ուսանելի է, մյուս կողմից` նաև արդեն իսկ ակնհայտ և դրական արդյունքներ մենք ունենք»։
Անդրադառնալով համայնքներում կապիտալ ներդրումների իրականացմանն ու տարածքային համաչափ համաչափ զարգացման խնդրին, վարչապետը կարևորել է. «Պետք է նշենք նաև, որ անցյալ դարի 60-70-ական թվականներից հետո խմելու ջրի ոլորտում կապիտալ ներդրումները գրեթե չէին իրականացվել, այն դեպքում երբ կա մասնագիտական գնահատական, որ 1 միլիարդ 700 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում։ Միայն վերջին տարիների ընթացքում է, որ մենք բավական լուրջ ուշադրություն ենք դարձրել այս ոլորտին և ներդրումներ ենք կատարել և այդ ներդրումները պետք է, իհարկե, շարունակենք, որպեսզի արդիականացնենք ենթակառուցվածքները, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում»։
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում փորձել են օժանդակել ջրարգացման ոլոտի աշխատանքների կազմակերպման գործում։
Սեմինարի արդյունքների և եզրակացությունների հիման վրա Ջրային ոլորտի քաղաքականության մասին առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա աշնանը։

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply