Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԽԽՎ-ի բոլոր պատվիրակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2010 21:28

Հունիսի 21-ից Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի Բյուրոն, ըստ ամենայնի, անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթահանձնաժողովի վերականգնման հարցին:

Այդ կապակցությամբ հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացուցիչ և Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 15-ին նամակ է հղել ԵԽԽՎի բոլոր պատվիրակներին: Նամակում, մասնավորապես, ասված է.

ՙԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ենթակայության տակ: Մինչդեռ, ԼՂի խնդրի կարգավորումը որևէ այլ ֆորմատ տեղափոխելը կարող է խաթարել բանակցային գործընթացը: Ուստի, ԼՂի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել խիստ զգուշավոր մոտեցում: Մեր բոլորի խնդիրը մեկը պետք է լինի` չվնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: Ժամանակին նման ենթահանձնաժողովի գործունեության անարդյունավետությունը մեզանից յուրաքանչյուրին պետք է հուշի ձեռնպահ մնալ նման կարգի անհեռանկար նախաձեռնություններից՚:

Ն.Զոհրաբյանը, ով անձնական պատճառներով չի մասնակցելու ամառային նստաշրջանի աշխատանքներին, նամակում նաև հույս է հայտնել, որ ՙԵԽն հավատարիմ կմնա իր մանդատին և չի փորձի մարդու իրավունքների, ժողովրդավարության հիմնարար արժեքներն օգտագործել որպես աշխարհաքաղաքական գործիք՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply