Մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2010 16:25

Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման գործընթացն իրականացվել է մայրաքաղաքի 5` Նոր Նորք, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում:  Դրանցից 4-ում` Նոր Նորքում, Ավանում, Շենգավիթում և Էրեբունում, մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Այժմ ծրագիրն ընթացքում է Կենտրոն վարչական շրջանում: 4 -5 միավոր հատուկ տեխնիկա է աշխատում Գետառի հունի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասին հարակից հատվածում: Այստեղ գետի հունի շուրջ 300 մետրն արդեն մաքրված է: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն ասում է, որ  մոտ 10 օրից այս հատվածում աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:

Անհատական տնատիրությունների հատվածով հոսող Գետառ և Ողջաբերդ գետերի աղտոտման հիմնական պատճառը, իրենց իսկ խոստովանությամբ, բնակիչներն իրենք են: Գետն են նետում ամեն ինչ` պոլիէթիլենային տոպրակներից սկսած մինչև ավտոմեքենայի թափք: «Աղբարկղերը փոքր-ինչ հեռվում են, սակայն մարդիկ զլանում են մի երկու քայլ անել, աղբը պարզապես գետն են նետում: Ավելի մոտ տեղադրել չենք կարող, քանի որ բնակիչներն իրենք են դեմ իրենց տներին մոտ աղբամաններ տեղադրելուն»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու ավելացնում, որ այլընտրանքային տարբերակ իրենք, այնուամենայնիվ, առաջարկում են: Աղբատար մեքենան նախապես հաստատված ժամանակացույցով հատուկ ժամերին կանցնի այդ տարածքով, և մարդիկ կուտակված աղբն այդ մեքենայով հեռացնելու հնարավորություն կստանան:

Բնակիչները բարձրացրին նաև թաղամասի հետ կապված կենցաղային այլ խնդիրներ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը նշեց, որ առաջիկայում դրանք ևս հնարավոր լուծում կստանան:

Նոր Նորք վարչական շրջանում Գետառի հունի շուրջ 450, Ավանում`  3020 մետր է մաքրվել: Էրեբունի վարչական շրջանում ամբողջությամբ մաքրվել է վարչական շրջանի տարածքով անցնող Ողջաբերդի 5200 մետրանոց հատվածը: Շենգավիթ վարչական շրջանում Գետառից տեղափոխվել է ավելի քան 510 խմ աղբ:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply