Անահիտ Բախշյանի հայտարարությունը մանկատան շրջանավարտների բնակարանների հարցով

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2010 15:02

Պարոն Տիգրան Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Պատճենը`

Պարոն Հովհաննես Հովսեփյանին

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար,

Պարոն Իշխան Զաքարյանին

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ

Հարգելի պարոն Սարգսյան,

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված է եղել  37մլն. 730 հազար դրամ` մանկատների շրջանավարտների կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ հոգեբանական ծառայություններ մատուցելու համար: Այս ծրագրի բաղադիչներից մեկի` «Բնակելի տարածքով ապահովում» վերնագրի տակ, «Գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակեպումներ» ենթավերնագրի դիմաց  2009 թվականի պետական ճշտված բյուջեով նախատեսված է եղել 2մլն 273 հազար դրամ, որը 2006 թվականից իրականացնում է «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությունը:

Ըստ 2010 թվականի մայիսի 27-ի`  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկանքի` 54 շահառուների, յուրաքանչյուրին 30.31 հազար դրամ,  վերոնշյալ բաղադրիչով տրամադրվել է 1մլն 651 հազար դրամ:

Իսկ ի պատասխան իմ 17.05.2010թ. ԺԽ-Ե-0300/10 թվակիր գրության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը պատասխանել է, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանների տրամադրում» եւ «ՀՀ  մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների, կահույքի, կենցաղային սարքերի եւ սարքավորումների տրամադրում» ծրագրերով նախատեսված  միջոցները 2008 եւ 2009թթ. չեն ծախսվել` բնակարանների տրամադրման կարգ չունենալու պատճառով, եւ այժմ Նախարարությունը մշակում է նոր կարգ (կից ներկայացնում եմ վերը նշված  տեղեկանքի պատճենը):

Այսինքն` առնվազն 2 տարի բնակարաններ չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին, ուրեմն  չէր կարող «Գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակեպումներ» լինել: Հետեւապես`

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում ինձ տեղեկացնել,

  1. ի՞նչ նպատակով է ծախսվել  գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակեպումների համար նախատեսված 1մլն 659 հազար դրամ գումարը, եթե, փաստորեն, 2008-2009թթ. բնակարաններ չեն գնվել եւ  չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:
  2. 2009 թվականին այդ ո՞ր 54 շահառուներն են ստացել բնակարաններ,  ինչու՞ ցուցակը  չի տրամադրվում:

Բնակարանների ծրագիրը տարիներ շարունակ չիրականացվելու պատճառով` մանկատների շրջանավարտները չեն ունենում գրանցում եւ զրկվում են իրենց տարրական սահմանադրական իրավունքներից: Չնայած, չունենալով հաշվառում,  բանակ զորակոչվում են բոլորը:

  1. Եթե տարիներ շարունակ մանկատների շրջանավարտներին բնակարաններ  չեն հատկացվում, ապա որտե՞ղ պետք է գրանցվեն այդ երիտասարդները, որպեսզի օգտվեն իրենց Սահմանադրական` կրթության, առողջության, աշխատանքի եւ այլ տարրական իրավունքներից:
  2. Արդյո՞ք գոյություն ունի որեւէ կարգ (եթե այո` տրամադրել այն), որով  կարգավորվում  է մանկատների շրջանավարտների գրանցման խնդիրը:
  3. Եթե չկա նման կարգ, ապա  Կառավարությունը ե՞րբ եւ ո՞ր պետական մարմնին  պետք է հանձնարարի այդ կարգի մշակումը:
  4. Եվ վերջապես, ո՞վ է պատասխանատու վերը նշված անլուծելի խնդրի լուծման համար:
Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply