“Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագրով վարկավորվել է 71 ընտանիք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2010 13:07

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակներում արդեն վարկավորվել է 71 ընտանիք:  Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտնեց,  որ 18 ընտանիք սպասում է ներկայացված վարկավորման հայտերի հաստատմանը: Վարկ ստացածների մոտ 65 տոկոսը երեւանաբնակ է, մնացածը մարզերից են: Ծրագիրը սպասարկում են 11 բանկ եւ երեք վարկային կազմակերպություն: Այս տարվա ընթացքում ծրագրով նախատեսված է վարկ տրամադրել 300 ընտանիքի, սակայն, Ա. Քարամյանի խոսքով, եթե պահանջարկը մեծ լինի, ապա այդ թիվը կարող է վերանայվել: «Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նախատեսված 300 թիվը գերազանցելու դեպքում կան հավանական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտության դեպքում ծրագրում կներգրավվեն: Մեր դիտարկմամբ պահանջարկն այնքան է, որ միչեւ տարվա վերջ հավելյալ միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի լինի»,-ասաց Ա. Քարամյանը:

Ըստ նրա` ծրագիրը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի, սակայն մինչ այդ` նոյեմբեր-դեկտեմբերին, անդրադարձ կկատարվի որոշակի բացթողումներին եւ ծրագիրը կլրամշակվի, որպեսզի 2011թ-ին այն ավելի արդյունավետ իրականացվի: Հիշեցնենք, որ ծրագրի շահառուներին տրամադրվում է մինչեւ 16 մլն դրամ, առնվազն 10 տարի ժամկետով, 30 տոկոսի չափով կանխվճար տալու պարագայում, առավելագույն 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ծրագրին մասնակցել ցանկացող ընտանիքում ամուսիններից մեկը պետք է լինի 18-30 տարեկան, սակայն երկուսի տարիքի գումարը չպետք է գերազանցի 60-ը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է նման ծրագիր իրականացնել նաեւ մարզերում, սակայն այլ ձեւաչափով: Ծրագրի շահառուների համար կկառուցվի բազմաբնակարան շենք եւ կտրվի երիտասարդ ընտանիքներին շուկայականից ցածր գներով: Իսկ այդ բնակարանները ձեռք բերելու համար նրանց կտրամադրվի մատչելի պայմաններով վարկ:

Ա. Քարամյանի խոսքով, նախատեսվում է մինչեւ 400 բնակարան ունեցող համալիր կառուցել Կապանում: Շինարարության մեկնարկը նախանշվում է օգոստոսին: «Ակտիվորեն աշխատում ենք Կապանի քաղաքապետարանի հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում արդեն ուրվագծել ենք հնարավոր թիրախային խմբերը: Ծրագրի իրականացումը քաղաքի բնակչության մեջ մեծ աշխուժություն է առաջացրել: Նույնիսկ 400 բնակարանով կառուցվելիք համալիրը, կարծում եմ, չի բավարարի եղած պահանջարկը»,-ասաց Ա. Քարամյանը:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply