Ըստ ԳԹԿ տնօրենի` մաթեմատիկայից դրական գնահատական ստանալը հեշտ կլինի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2010 12:36

Այսօր ՀՀ և ԼՂՀ 36 քննական կենտրոնում, որոնցից 2-ը ԼՂՀ-ում և 12-ը Երևանում,  9266 դիմորդ-շրջանավարտներ քննություն են հանձնում Մաթեմատիկա առարկայից:

Քննության ընթացքին այսօր ԳԹԿ ղեկավարությունը, ԿԳ նախարարը և լրագրողները հետևում էին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում, որտեղ քննություն էին հանձնում 220 դիմորդներ:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն անդրադառնալով մաթեմատիկայի թեստերին` ասում է, որ թեստերն անցած տարվա համեմատ ավելի հեշտ  են: «Հեշտ է հաղթահարել դրական միավորի շեմը, հետո  միավորներ  հավաքելն ավելի բարդ է»,- ասում է Խաչատրյանը` հավելելով, որ բարձր ստանալու համար դիմորդները  մաթեմատիկան «ավելի նուրբ մակարդակի պետք է իմանան»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ քննությունների շուրջ եղած ակտիվությունն անհասկանալի համարեց: Նրա խոսքով` այս տարի բուհերին հատկացված ուսանողական տեղերը 2500-ով ավելի է, քան դիմորդների թիվը: « Բոլոր այն դիմորդները, ովքեր կստանան դրական գնահատական, հնարավորություն կունենան ընդունվել իրենց նախընտրած  բուհ: Սա բացառիկ տարի է »,- ասում է Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ հուլիսի 20-ից հետո էլ կկազմվի հանրապետական մրցութային հանձնաժողովը, որը կամփոփի ԳԹԿ-ի իրականացրած  քննությունների արդյունքները, կկատարի համապատասխան  թափուր տեղերի վերաբաշխում ներբուհական ֆակուլտետների միջև, հավելյալ լրացուցիչ տեղերի բաշխում կկատարի  այն մասնագիտություններով, որտեղ մրցույթը մեծ է: Մրցութային հանձնաժողովը նհաև պետք է ապահովի արտոնյալ համակարգով ընդունելության իրականացումը` բանակից զորացրվածների,  այլ սոցիալական արտոնություններ ունեցողների համար:

Աշոտյանը նաև նշեց, որ հաջորդ տարի անպայման կկազմակերպվի բուհական ընդունելություն` բանակից զորացրվածների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր կուզենան բարձրագույն կրթություն ստանալ: Նախարարը նաև ծնողներին վստահեցրեց, որ հաջորդ տարի կպահպանվեն նաև պետպատվերով ուսանողական  տեղերը:

Քննության ավարտին սպասող ծնողներն այս անգամ համեմատաբար հանգիստ տրամադրություն ունեին` անգլերենի բարձր գնահատականներից հետո նման պատկեր էին ակնկալում նաև մաթեմատիկայի քննության համար:

Ծնողներից Նառան, ում դուստրն այսօր հանձնում էր վերջին` 3-րդ քննությունը,  ասում է, որ իր դուստրը հայոց լեզվից 10 է ստացել, անգլերենից` 16: Նառան ասում է, որ հայոց լեզվից բողոքարկել են 21 հարց և հույս ունեն, որ մի քանի միավորով կբարձրանա գնահատականը: «Կարծում եմ ինչ-որ միտումնավոր բան կա, որ հայոց լեզվի թեստերը միշտ աբսուրդ են, իսկ օտար լեզվինը նորմալ»,- ասում է նա:

Դիտվել է 2440 անգամ:
Print Friendly

Leave a Reply