Հայաստանի արտգործնախարարը այցելեց Վրաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2010 12:09

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հայ-վրացական համագործակցության ամրապնդման վերաբերյալ

Հունիսի 14-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեւի հետ:

Նախարարների հանդիպումը սկսվեց դեմ առ դեմ ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գրիգոլ Վաշաձեն բարձր գնահատեց տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցությունը, եւ նշեց, որ Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն առավել խորացնել եւ ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Թբիլիսի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունը շահագրգռված է ամրապնդելու եւ զարգացնելու բարիդրացիական հարաբերությունները:

Երկուստեք արձանագրվեց, որ նախարարների պարբերակական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցերին, քննարկվեց տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ հայ-վրացական սահմանզատման գործընթացը եւ այդ առումով երկու երկրների Նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող հարցեր:

Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ` հատկապես Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերի, եւ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի հաջողության առումով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ դրական փորձառության շարունակությունը ապահովող քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները մանրամասն քննարկեցին վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ: Այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրեց դրանց լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը հետեւեց Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Նույն օրվա երկրոդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Բաթում, ուր Էդվարդ Նալբանդյանին ընդունեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի Նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:

Նախագահ Սահակաշվիլին եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվեց երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում արծարծվեցին նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները:

Միխեիլ Սաակաշվիլու խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Վրաստանի նախագահը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Հունիսի 14-ի առավոտյան Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը խոսեց հայ-վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդեց իր հանդիպումների մասին: Վիրահայության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply