Արաքսի նոր թեւը «սրբել տարել է» Ադրբեջանի նախարարների 125 մլն մանաթը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2010 9:43
Քուռ եւ գետերի հեղեղումների առաջն առնելու համար Արաքս գետը նախկին հուն ուղղելու Ադրբեջանի կառավարության նախագիծը տապալվել է: Արաքսի նոր «թեւը» 7 օրվա ընթացքում առաջ է գնացել ընդամենը 32 կմ՝ այդպես էլ չհասնելով Կասպից ծով: Ներկայում այն լցվում է Իմիշլիի շրջանի փոսորակները: Ենթադրվում է, որ երկու օր հետո ջուրը կհասնի Բիլասուվարի տարածք: Բայց, դեռեւս հայտնի չէ` արդյոք Արաքսը կհասնի Կասպից ծով, թե ոչ: Մասնագետները կարծում են, որ գետի առաջ դուրս եկած մեծ փոսորակները խանգարում են նրա նորմալ ընթացքին, այսինքն, Արաքսի պատմական հունի ռելիեֆը հատուկ դեր է խաղում այստեղ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, Արաքսի հունը փոխելու կառավարության մշակած ծրագիրը իրականում տապալվել է: Խոսքը նրա մասին է, որ նախագծի վրա տասնյակ միլիոնավոր միջոցներ են ծախսվել, սակայն՝ անարդյունք: Հունիսի 13-ին Սաբիրաբադում Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ վերջին 7 տարիներին միայն Քուռ գետի գետաբերանը մաքրելու համար 1 մլրդ դոլար է ծախսվել: Այժմ իրական վիճակն այն է, որ ոչ մեկ մլրդ դոլարը կա, ոչ էլ՝ Քռի դելտան է մաքրվել: Դա դեռ խնդրի այլ կողմն է: «Ազադլըգ»-ի աղբյուրը հայտնել է, որ միայն Արաքսի նոր թեւը բացելու եւ Քուռ գետի ափապատնեշման գործերի համար մինչ այժմ 125 մլն մանաթ (մոտ 156 մլն դոլար) գումար է ծախսվել: Նույնիսկ, Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շերիֆովը լրագրողներին խոստովանել է, որ միայն ափապատնեշման գործերի համար հարյուր հազարավոր տոննա քար, խիճ, ավազ եւ բետոնե կոնստրուկցիաներ են օգտագործվել: «Մեջտեղում ոչ մի գործ էլ չկա: Բանը նրանում է, որ այդ բոլոր ֆինանսական միջոցները վճարվել են օլիգարխների եւ տեղական գործադիր իշխանությունների ղեկավարների կոռուպցիոն հավաքագրումների հաշվին: Ինչպես ասում են, նրանց պարտադրել են եւ այդ պարտադրանքի ընդհանուր ծավալը 125 մլն մանաթ է: Իրականում այդ փողերը պետք է հատկացվեր պետական բյուջեից:
Բայց դրվել է պաշտոնյաների վրա: Տեղական գործադիր իշխանության ղեկավարների հետ դրանց թվում են նաեւ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը, ֆինանսների նախարար Սամիր Շերիֆովը, էկոլոգիայի նախարար Հուսեին Բաղըրովը, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Քերեմ Հասանովը, Հողերի եւ քարտեզագրման պետական կոմիտեի նախագահ Գարիբ Մեմմեդովը, «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Էթիբար Փիրվերդիեւը, «Մելորացիայի եւ ջրի տնտեսության» ԲԲԸ նախագահ Ահմեդ Ահմեդզադեն եւ այլ փոխնախարարներ: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են», -հեգնել է թերթը:






Facebook
Tweet This
Email This Post
