Բեռլինում տեղի է ունեցել «Կամերտոն» երիտասարդական նվագախմբի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | հունիսի 14, 2010 20:16
Գերմանիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ինչպես նաև Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կառավարության, Գերմանիայի
ԱԳՆ, Բեռլինի հայ համայնքի և հանրաճանաչ Ս. Բեխշտեյն դաշնամուր արտադրող ընկերության աջակցությամբ ս.թ. հունիսի 11-ին Բեռլինում Սաքսոնիա-Անհալտ երկրամասի ներկայացուցչության դահլիճում տեղի է ունեցել Երևանից ժամանած
«Կամերտոն» երիտասարդական նվագախմբի համերգը: Նվագախմբի անդամներ Սիպան Թորոյանը (թավջութակ), Արևիկ Թորոսյանը (դաշնամուր), Ժորա Սարգսյանը (դաշնամուր), Արամ Պողոսյանը (սաքսոֆոն), Սպարտակ Մարգարյանը (դաշնամուր) և Սոնա Տերտերյանը (ջութակ) կատարեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգի սկզբում երեկոյի մասնակիցներին և հայ երաժիշտներին ողջունեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, որից հետո նվագախմբի պատմությունը ներկայացրեց գերմանական «Եվրոկոն» ընկերության նախագահ Լյուդմիլա ֆոն Բերգը, որը աջակցում է նվագախմբի հյուրախաղերին Գերմանիայում: «Կամերտոնը» այս շաբաթվա ընթացքում համերգներով հանդես կգա Գերմանիայի այլ քաղաքներում` Լեյպցիգում և Վեյսենհազելում: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական և հասարակական գործիչներ, Գերմանիայում արտոնագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Բեռլինի երաժշտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:





Facebook
Tweet This