Ըստ բանասերների` հայոց լեզվի և գրականության թեստերը մասնագիտական խոտան են

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 15, 2010 12:42
Մանուկ Մկրտչյան, Փառանձեմ Մեյթիխանյան

Մանուկ Մկրտչյան, Փառանձեմ Մեյթիխանյան

Գնահատման և թեստավորման կենտրոնում 20-ից ավելի բանասերներ` դասախոսներ, մանկավարժներ, դպրոցական գրքերի հեղինակներ, քննարկում էին այս տարվա հայոց լեզվի և գրականության թեստերը:

Քննարկումը սկսելուց առաջ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ թեստերի որակը, մակարդակը, միջին գնահատականի սանդղակը որոշվում են պետական քաղաքականությամբ, և թեստերի հեղինակները մեղք չունեն թեստերի բարդության համար: «Եթե հանձնարարվում է կազմել այնպիսի թեստեր, որոնք հնարավորություն կտան տարբերակել միջին գիտելիքներ ունեցողին տաղանդավորից, թեստի հեղինակը պարտավոր է կատարել հանձնարարությունը,- ասում է Մկրտչյանը,- թեստ կազմողի դիտավորությունը չէ, որ թեստերը բարդ են, դա նրանց ընկալմամբ նրանց տրված հանձնարարությունների կատարումն է»:

Մկրտչյանի խոսքով` շրջանավարտներին տրվող գնահատականի սերտիֆիկատի ուժի մեջ լինելու ժամկետի խնդիր կա:

Ըստ Մկրտչյանի`եթե  երեխան բարդ թեստերից բարձր գնահատական է ստանում, դպրոցն ավարտելուց հետո դեռ մի քանի տարի կպահպանի գիտելիքների բարձր մակարդակը, իսկ հեշտ թեստերի դեպքում 2-3 տարի հետո ամեն ինչ կմոռացվի: «Բանակ գնացող տղաները պետք է կարողանան բանակից վերադառնալուց հետո օգտագործել ավարտելիս ստացած գնահատականը, ինչը հիմա անել չեն կարող»,- ասում է փոխնախարարը:

Մկրտչյանն ասում է, որ հանձնարարական է տրվել բոլոր առարկաների թեստերի հեղինակներին, սակայն խնդիրը ըմբռնել են միայն հայոց լեզվի թեստերի հեղինակները: Ըստ նրա` թեստ կազմելը շատ բարդ գործ է և առայժմ  լավ թեստաբաններ և որակյալ թեստեր ունենք միայն  հայոց լեզվից և գրականությունից: Մկրտչյանի պնդմամբ` համեմատաբար հաջող են նաև բնագիտական առարկաների և մաթեմատիկայի թեստերը, մինչդեռ խնդիրներ կան հումանիտար առարկաների` օտար լեզուների և պատմության գծով. այս առարկաների թեստերը հեշտ են, գնահատականներն էլ` շատ բարձր: Սակայն, ըստ նրա,  համատարած բարձր գնահատականները հավաստի չեն, և նման պարագայում գնահատականը կորցնում է իր արժեքը:

Դավիթ Գյուրջինյան.«Այս թեստերով վարկաբեկվեց հայոց լեզուն, հայ դպրոցը, թեստային համակարգը»

Այս տարի ԳԹԿ-ն ունեցել է թեստերի վրա աշխատող 2 աշխատանքային խումբ: Ուսումնական տարվա վերջում վիճակահանությամբ տպագրության են ուղարկվել Աշխեն Ջրբաշյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի կազմած թեստերը:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որ եղել է թեստեր կազմող երկրորդ խմբի հեղինակներից, կարծում է, որ այս տարի անցած տարվա համեմատությամբ խայտառակ հետընթաց կա. «Սա համարում եմ գործի տապալում: Այս թեստերով վարկաբեկվեց հայոց լեզուն, հայ դպրոցը, թեստային համակարգը: Թեստերը բարդ չեն, թեստերը խրթին են, անորակ, շատ հարցեր ունեն մի քանի ճիշտ պատասխան, որոշ հարցեր պարզապես դուրս են տրամաբանությունից»:

Ըստ Գյուրջինյանի` թեստերում 3 տասնյակից ավելի  առաջադրանքեր չեն համապատասխանում ուղեցույցին, դպրոցական դասագրքերին և ուղղակի սխալ են: «Այս թեստերը բուրում են անգրագիտությամբ, ցուցաբերված չէ մեթոդական-մանկավարժական մոտեցում»,- ասում է Գյուրջինյանը` հավելելով, որ կարծես թեստերով հարձակում են սկսել  թշնամական բանակի նկատմամբ, ոչ թե 16-ամյա դիմորդների:

ԵՊՀ դասախոս Աշոտ Աբրահամյանը 15 էջանոց կարծիք-վերլուծություն էր ներկայացրել, որտեղ մատնանշված են սխալ պարունակող  հարցերը: «Անպտուղ ճանապարհ է այս տարվա թեստերն անցած տարվա թեստերի հետ համեմատելը: Անցած տարվանը բարդ էր, այս տարի խոսքը մասնագիտական խոտանի մասին է»,- ասում է նա:

Աբրահամյանը որպես սխալ ձևակերպված հարցեր մատնանշեց բոլոր 4 տարբերակների 2-րդ հարցը` «Ո՞ր շարքի բոլոր բառերում ուղղագրական սխալ չկա». Սխալն առկա է ոչ թե բոլոր բառերում, այլ մի բառում, թեստերի 2-րդ և 4-րդ տարբերակների 4-րդ հարցը`«Որ շարքում կա կրկնակ տառ չունեցող բառ»  և այլն` նշելով, որ հայախոս մարդու համար նման հարցն անհասկանալի է: «Դիմորդը քննասենյակից դուրս է գալիս և դժգոհում, որ 15 րոպե ժամանակ է վատնել միայն հարցի պահանջը հասկանալու համար»,- ասում է Աբրահամյանը:

Քննարկմանը ներկա Սեյրան Գրիգորյանը, որ անցած տարվա թեստերի հեղինակներից է, մատնանշեց թեստերի 2-րդ և 4-րդ տարբերակների 4-րդ հարցը նաև որպես ուղեցույցի պահանջների խախտում.  կիլովատ բառը թեստերում երկու «տ»-վ է գրված և համարված է ճիշտ պատասխան, մինչդեռ սա երկձևություն է: «Ուղեցույցում հստակ նշված է, որ երկձևություններից պետք է խուսափել: Չէ՞ր կարելի մի այլ, ավելի դժվար բառ օգտագործել»,- հավելեց մի ուսուցչուհի:

Ի պատասխան` թեստերի հեղինակներից Փառանձեմ Մեյթիխանյանը սկսեց թվային տվյալներ ներկայացնել, թե սխալ ձևակերպում ունեցող հարցերին դիմորդների քանի տոկոսն է ճիշտ պատասխանել, ապա նշեց, որ հայերենն ունի ճկուն շարադասություն:

Սեյրան Գրիգորյան. «Բերեք հայ գրականությունից մի նմուշ, որտեղ կիրառված է այս տարվա թեստերում ընդգրկված «խորդ» բառը»

Այստեղ ներկա բանասերները հարց բարձրացրին` թե էլ ինչո՞ւ են թեստերում ընդգրկել սխալ շարադասությանը վերաբերող հարցեր, եթե հայերենի ճկուն շարադասությունը հնարավորություն է տալիս թեստերի սխալ ձևակերպված հարցերը ճիշտ համարելու:

Այլ բանասերներ ևս մատնանշեցին հարցեր, որոնց հարցը կամ պատասխանը սխալ է ձևակերպված, որ թյուրըմբռնումների տեղիք է տալիս: Սակայն այս ամենն անտեսելով` փոխնախարար Մկրտչյանը նշում էր, թե «մատնանշեք մասնագիտական սխալներ, անընդհատ խոսում եք, բայց օրինակներ չեք բերում»:

Սեյրան Գրիգորյանը հիշեցրեց անցած տարվա թեստերի քննարկումները, երբ Մեյթիխանյանը Սեյրան Գրիգորյանին և Յուրի Ավետիսյանին մեղադրում էր թեստերում «սակավապետ» բառի կիրառության համար` վերջինս համարելով գործածությունից դուրս եկած բառ. «Ճշտեք, թե այս տարվա թեստերում որքան հազվադեպ հանդիպող, գործածությունից դուրս եկած և բարբառային բառեր կան: «Սակավապետ» բառն օգտագործվում է դպրոցական ծրագրով պարտադիր մի շարք գրքերում: Բերեք հայ գրականությունից մի նմուշ, որտեղ կիրառված է այս տարվա թեստերում ընդգրկված  «խորդ» բառը»:

Աշոտ Աբրահամյանը մատնանշեց, որ թեստերում խախտված է ուղեցույցի առնվազն 8 կետ, օրինակ` ըստ ուղեցույցի` թեստերի 27-35 հարցերը պետք է վերաբերեն շարահյուսությանը, մինչդեռ այս տարի այդ համարների առաջադրանքներում կան նաև բառագիտությանը վերաբերող հարցեր:  Խախտված է նաև Ա և Բ մակարդակի հարցերի դասավորությունը. ըստ ուղեցույցի` գրականությանը վերաբերող հարցերից «պնդումներին» վերաբերողները պետք է Բ մակարդակում ընդգրկված լինեն, մինչդեռ ընդգրկված են Ա մակարդակում:

«Ուղեցույցը պարտադիր է բոլոր թեստ կազմողների համար և նրանք պարտավոր են հետևել դրա պահանջներին»,- ասում է Աբրահամյանը: Ի պատասխան փոխնախարար Մկրտչյանն ասաց, որ առարկայական ուղեցույցը ուսումնական ձեռնարկ է և չի կարող սահմանափակում լինել թեստ կազմողի համար (մինչ քննությունները ԳԹԿ-ն բազմիցս հայտարարել է, որ թեստ կազմողներն առաջնորդվում են բացառապես ուղեցույցով, տարեվերջին էլ դպրոցները նոր

Աշոտ Աբրահամյան.«Անցած տարվանը բարդ էր, այս տարի խոսքը մասնագիտական խոտանի մասին է»

ուղեցույց են ստանում, որպեսզի աշակերտները պատկերացում կազմեն թեստերի բովանդակության ու բարդության մասին):

Հավաքված մասնագետները Մանուկ Մկրտչյանի առաջարկով քննարկեցին մի քանի հարցեր, որոնք բողոքարկման թերթիկում նշել էին գրեթե բոլոր բողոքարկողները: Մասնագետները որոշեցին, որ  բոլոր դիմորդներին պետք է միավոր տալ  թեստերի 1-ին տարբերակի 17-րդ և 57-րդ հարցերի համար: Այնուհետև, սակայն, մասնագետները որևէ հարցի շուրջ համաձայնության չեկան: Չնայած հավաքված բանասերների գերակշիռ մասը պնդում էր, որ թեստերի 2-րդ տարբերակի 27-րդ առաջադրանքի`«Ո՞ր նախադասության մեջ է ստորադաս նախադասությունը գերադասին կապակցվել շաղկապով»,  ճիշտ պատասխան առաջադրված չկա , Մեյթիխանյանն այդ հարցը համարեց ճիշտ, և որևէ եզրակացության չեկան:  Չնայած բոլորը միաձայն խոտան համարեցին թեսերի 1-ին և 2-րդ տարբերակի 55 և 56-րդ հարցերը, Մեյթիխանյանն էլի պնդեց, որ հարցերը ճիշտ են:

Մասնագետների մոտ հարց առաջացավ, թե ինչպես է հետագայում լուծվելու այն առաջադրանքների ճիշտ-սխալ լինելը, որոնց ճիշտ լինելը պնդում է Մեյթիխանյանը, և որևէ որոշում դրանց կապակցությամբ չի ընդունվում: Մկրտչյանը պատասխանեց. «Դա արդեն մեր գործն է»,- հետագայում նշելով, որ «մենք»-ը կառավարության աշխատակազմի կողմից ստեղծված բողոքարկման ընդհանուր հանձնաժողովն է:

Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին ներկաներից մեկը թեստերի հեղինակներին առաջարկեց պատասխանել, թե իր ընթերցած տողերը Սևակի «Անլռելի զանգակատան» որ ղողանջից են, չէ՞ որ երեխաներից պահանջվում է անգիր իմանալ 7000 տողանոց ստեղծագործությունը և հիշել, թե որ տողը որ ղողանջից է: Մանուկ Մկրտչյանն այդ պահին ընդհատեց քննարկումը` ասելով, որ հավաքված մասնագետներն այլևս սթափ չեն դատում և զգացմունքներով են առաջնորդվում, ուստի քննարկումը պետք է հետաձգել:

Դիտվել է 14421 անգամ:
Print Friendly

Leave a Reply