«ՀՀ հուշարձանների պահպանության մասին օրենքների կատարելագործման անհրաժեշտություն կա»,- Պ. Ավետիսյան
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 14, 2010 16:12
Հայաստանի Հանրապետության տարածքը աշխարհի այն եզակիներից է, որը հագեցած է ահռելի քանակությամբ հուշարձաններով, որոնց զգալի մասը հնագիտական է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքով` Երկիր մոլորակի վրա շատ քիչ պետություններ կան, որ այդ խտությամբ հուշարձաններ ունեն: Ուստի, ըստ Պ. Ավետիսյանի, այդ միջավայրում ապրող մարդկանց գործունեության ընթացքում կարող են առաջանալ խնդիրներ` կապված հուշարձանների պահպանության հետ, որոնք պետք է մի քանի հարթությամբ քննարկել:
Նրա խոսքով` հուշարձանների պահպանության մասին օրենքները կատարելագործելու, մշակելու եւ դրանք նորացնելու անհրաժեշտություն կա: «Չպետք է մոռանալ, որ Հայաստանի բոլոր հուշարձանները համաշխարհային նշանակություն ունեն, մարդկային քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերի համար բացառիկ տվյալներ են տալիս եւ եզակի սկզբնաղբյուրներ են»,- ասաց Պ. Ավետիսյանը: Ըստ նրա` ցանկացած հուշարձան մասնագիտական խնամքի կարիք ունի, եւ որ ամենակարեւորն է, Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները պետք է սոցիալականացվեն ու դառնան հանրության սեփականությունը: «Կարեւոր է նաեւ հուշարձանների հանրահռչակման խնդիրը, որի շնորհիվ երեխաների մեջ կներարկվի այն գաղափարը, որ դրանք մեծագույն արժեքներ են»,- ասաց նա:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ուղղակի ենթակայության տակ կա երկու արգելոց-թանգարան` «Ագարակ» պատմամշակութային, որը ստեղծվել է 2001 թ-ին եւ զբաղեցնում է 118 հա, ու «Էրեբունի» պատմահնագիտական, որը գտնվում է Երեւանում եւ իր երեք մասնաշենքերով զբաղեցնում է 100 հա տարածք: «Իհարկե, արգելոցները ՀՀ օրենքով ամրագրված են, սակայն երբ անդրադարձ ենք կատարում այդ արգելոցների պահպանությանը եւ օգտագործմանը, պարզում ենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում սովորական մշակութային կառույցներից:
Արգելոցները պետք է ունենան արգելոցային ռեժիմ»,- ասաց Գ. Գյուրջյանը: Նրա խոսքով` օրենքը պետք է կարողանա կարգավորել ոչ միայն պատմահնագիտական արգելոցների տարածքները, այլեւ պահպանել հանրապետության հնագիտական տարածքները: Անհրաժեշտ է, ըստ Գ. Գյուրջյանի, Հայաստանի ողջ տարածքը հռչակել որպես հնագիտական տարածք, ինչպես օրինակ` Իտալիայում, որի շնորհիվ այդ երկրում որեւէ շինարարություն անելուց առաջ պարտադիր այդ տարածքներում կատարվում են հնագիտական ուսումնասիրություններ:






Facebook
Tweet This
Email This Post
