«Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ գտնված 5500-ամյա կոշիկն այժմ գտնվում է…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2010 15:56

Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ գտնված 5500-ամյա կոշիկն այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում եւ շուտով կցուցադրվի այցելուներին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պեղումները սկսվել են 2007թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան ու իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբի կողմից:

«Հայ-ամերիկա-իռլանդական համատեղ այս արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200 թվականից մինչեւ 3500 թվականները»,- ասաց նա` ավելացնելով, որ քարայրի միկրոկլիմայի, չորության, սնկերի մնացորդների բացակայության շնորհիվ է, որ օրգանական նյութերը բացառիկորեն պահպանված են:

Պ. Ավետիսյանի խոսքով` կոշիկը գտնելուց հետո դրա չորս մասնիկները ուղարկվել են Օքսֆորդ եւ Կալիֆոռնիայի համալսարաններ` համապատասախան փորձաքննությունների, որից պարզ դարձավ, որ կոշիկը Ք. ա. 3600-3500 թթ-ի է: Նշենք, որ միայն մեկ կտոր կաշվից կարված եւ այն կրող մարդու ոտքի ձեւը ստանալու համար լավ մտածված տրեխ-կոշիկը հայտնաբերվել է խոտով լի վիճակում: Գիտնականները հայտնել են, որ իրենք չգիտեն` նախամարդիկ խոտը կոշիկի մեջ են լցրել այն տաք պահելու, թե ձեւը պահպանելու համար: Եվրոպական ոտնաչափով 37 համարի այդ կոշիկը կարող էր պատկանել եւ տղամարդու, եւ կնոջ:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply