Աղետի գոտում 2010թ-ին բնակարանով կապահովվի 1624 ընտանիք

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 14, 2010 15:35

Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարականով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել է հայեցակարգ, որով նախատեսվում է լուծել 1988 թ-ի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքիների բնակարանների խնդիրները: Այս տարի աղետի գոտում բնակարանով կապահովվի 1624 ընտանիք, այդ թվում` Գյումրիում` 1056, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում` 306, Սպիտակում` 220, Ստեփանավանում` 42:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ամբողջ աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի եւ գտնվում են ՀՀ նախագահի անմիջական ու ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նրա տեղեկացմամբ, այդ բնակարանների բաշխումն իրականացնում է հանձնաժողովը. գործունեության թափանցկության եւ հրապարակայնության ապահովման համար հանձնաժողովում, բացի մասնագետներից, ընդգրկված են նաեւ զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմակերպում է արտագնա նիստեր, տեղում շահառուի ներկայությամբ քննում նրա գործը: Բնակարանների բաշխումն իրականացվում է հրապարակային վիճակահանությամբ, ըստ սենյակների թվի նույնական բնակարաններ ստացող ընտանքիների միջեւ, ընդ որում, ընտանիքի ներկայացուցիչն անձամբ ինքն է արկղիկից դուրս բերում իր ապագա բնակարանի համարը: Նախարարի հավաստմամբ, Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարանները բաշխելու համար մինչ այսօր անցկացվել է վեց վիճակահանություն, որին մասնակցել է 810 ընտանիք:

Բաշխվել է երեքսենյականոց 292, երկուսենյականոց 306 եւ մեկսենյականոց` 212 բնակարան: Մնացած բնակարանների բաշխման վիճակահանությունը նախատեսվում է ավարտել մինչեւ հունիսի 25-ը: Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերում ընդհանուր հաշվով կկառուցվի 59 շենք` 3 հազար 30 բնակարանով: Դրանցից 22-ը 1056 բնակարանով արդեն այս ամսվա վերջին կհանձնվի շահագործման, մնացած 37-ի շինարարությունն ընթացքի մեջ է: Սպիտակում կառուցվում է նոր թաղամաս . արդեն պատրաստ է երկու եւ երեք սենյականոց 220 բնակելի տուն, որոնք շահագործման կհանձնվեն այս տարվա հուլիսի 15-ին: Լոռու մարզի ութ գյուղերում` Շիրակամուտ, Մեծ Պարնի, Գեղասար, Արեւաշող, Հարթագյուղ, Լուսաղբյուր, Սարահարթ եւ Գոգավան, արդեն կառուցվել է 303 անհատական բնակելի տուն, շահագործման է հանձնվել 173-ը, եւս 112-ը կհանձնվի հուլիսի 15-ին: Կկառուցվի նաեւ 600 բնակելի տուն Ջրաշեն, Լեռնավան, Կաթնաջուր, Ծաղկաբերդ, Սարամեջ եւ Լեռնանցք գյուղերում, ավարտին կհասցվի նաեւ անավարտ բնակելի տների շինարարությունը:

Այն գյուղերում, որտեղ շահառուների քանակը չի գերազանցել տասը, անօթեւան ընտանիքներին տրվել են Բնակարանի գնման վկայականներ: Լոռու եւ Շիրակի մարզերում տրամադրվել է 59 ԲԳՎ: Նշենք, որ ծրագրի ավարտը նախատեսվում է 2012 թվականին: Լոռու մարզի 24 գյուղերում, Սպիտակում ու Շիրակի մարզի 11 գյուղերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 26 միլիարդ դրամ է, իսկ Գյումրիում` մոտ 39 միլիարդ:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply