Ուժեղ քամի, կարկուտ և անձրև Շիրակում և Տավուշում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 14, 2010 11:29
Հունիսի 12-ին, ժամը 19.43-ին Շիրակի մարզից ստացված տեղեկության համաձայն` Գյումրիում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով Տերյան փողոցի թիվ 121/018 եւ 121/019 տնակների վրա ծառ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների ուժերով ծառը մասնատվել է եւ հեռացվել:
Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է նաեւ մարզի Աշոցք գյուղի խանութներից մեկի տանիքը` 72 քմ. մակերեսով, իսկ մարզի Ոսկեհասկ գյուղում վնասվել են երեք տների եւ մեկ անասնագոմի տանիքները:
Օրվա ընթացքում մոլեգնած քամին եւ տեղացած անձրեւը վնաս են հասցրել նաեւ Հացիկ գյուղի տնամերձ հողամասերին և ցանքատարածքներին: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետը:
Նույն օրը ժամը 18.20-ից մինչև ժ.18.40-ը տեղացած կարկուտից վնասվել են մարզի Կապս, Վահրամաբերդ, Ազատան, Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Հացիկ և Ոսկեհասկ համայնքների գյուղատնտեսական հողատեսքերը և շինությունների տանիքները:
Վնասի չափը ճշտելու նպատակով Շիրակի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Նույն օրը Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ տեղացած անձրեւների հետեւանքով սելավաջրերը հեղեղել են Բերդ քաղաքում տեղակայված` ՀՀ ՊՆ զորամասի տարածքը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների կողմից նշված տարածքում իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
