Նիկոլ Փաշինյանը հանձնվեց իրավապահ մարմիններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2009 17:35

a1p_am_55339Այսօր` ժամը 15:00-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացել է դատախազություն, որից հետո նրան կալանավորել են ու տարել կենտրոնի ոստիկանություն: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն «Անկախ»-ին հայտնեց, որ իրենք 15 րոպե առաջ են դուրս եկել Կենտրոնի ոստիկանությունից և այսօր Փաշինյանին կտեղափոխեն մեկուսարան:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը փախուստի մեջ էր անցյալ տարվա մարտի 2-ից: Նա մեղադրվում էր 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

34-ամյա Փաշինյանը ծնվել է Իջևանում, ամուսնացած է,  ունի երկու երեխա: Սովորել է Երևանի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետում (չի ավարտել)։ Աշխատել է «Լրագիր», «Մոլորակ» և այլ թերթերում։

1999թ. իր խմբագրած «Օրագիր» թերթի փակվելուց հետո  սկսեց տպել «Հայկական ժամանակ» օրաթերթը:

2007թ. Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Իմփիչմենթ» դաշինքը, իսկ 2009թ.  նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցն էր, և   հիմնականում նա էր վարում ընդդիմության հետընտրական բողոքի հանրահավաքները:

Ընդհատակում գտնվելու 1 տարի, 3 ամիսների ընթացքում նա պարբերաբար հոդվածներ էր հրապարակում «Հայկական ժամանակում» և վարում իր էլեկտրոնային կայքէջը:

Հանձնվելու պահին նրա կողքին են եղել 4 փաստաբաններ՝ Արամ Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Տիգրան Մուրադյանն ու Տիգրան Աթանեսյանը: Փաստաբաններին թույլ չեն տվել նստել նույն մեքենան, որով տարել են Փաշինյանին:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ասում է, որ Փաշինյանի հանձնվելու մասին տեղյակ չեն եղել ընդդիմության ղեկավարները, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Փաշինյանը հանձնվելուց առաջ դատախազության շենքի մոտ գտնվող լրագրողներին ասել է, որ հանձնվում է այսօր և ոչ թե վաղվա հանրահավաքին, որպեսզի չկարծեն, թե ինքը պաշտպանվում է համակիրների թիկունքում:

Նա նաև նշել է, որ վստահ է՝ իր նկատմամբ համաներում չի կիրառվելու, բայց նախընտրում է բանտը. «Որովհետեւ շատ քաղբանտարկյալներ ազատության մեջ են, և ես կարող եմ իմ պայքարը շարունակել բանտում»,-ասել է նա:

Խորհրդարանում համաներման մասին հարցի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ասել էր, որ եթե Խաչատուր Սուքիայանն ու Նիկոլ Փաշինյանը ներկայանան մինչև հուլիսի 31-ը, ապա համաներումը նաև նրանց նկատմամբ կկիրառվի:

Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ վաղ է խոսել նրա վրա համաներման տարածման մասին, քանի դեռ ոստիկանությունից չեն ստացել համապատասխան փաստաթղթերը, և դատական գործընթացը չի սկսել:

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply