Շիրակի երեք գյուղում մեկնարկեց «Լինս»-ի դպրոցաշինության ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2010 19:19

Շիրակի մարզի երեք գյուղական համայնքներում` Սարակապ, Նոր Կյանք, Արեւշատ, այսօր մեկնարկեց «Լինս»-ի դպրոցաշինության ծրագիրը: Ծրագրի իրականացման գրասենյակի պատվիրատվությամբ մարզի Անիի տարածաշրջանի Սարակապ գյուղում իրականացվում է դպրոցի ուժեղացման եւ վերականգնման ծրագիր: Ինչպես  տեղեկացրեց համայնքի ղեկավար Արծրուն Խաչատրյանը, 1982 թվականին կառուցված դպրոցը խիստ վթարային էր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Շինարարության ընթացքում դասերը կազմակերպվում էին գյուղապետարանի շենքում: Ներկայումս դպրոցն ունի 106 աշակերտ: Շինարարության կապալառուն «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ն է:

Շինաշխատանքները, ըստ ծրագրի, կտեւեն 450 օր: Ուժեղացման-վերականգնման աշխատանքներ են իրականացվում նաեւ Նոր Կյանքի դպրոցում` կապալառու «Ալգարե» ՍՊԸ-ի կողմից: Այստեղ շինաշխատանքները կկատարվեն 480 օրում: Ծրագրով` բացի հին մասնաշենքի հիմնանորոգումից, նախատեսված է նաեւ նոր մասնաշենքի կառուցում: «Սա մեր համայնքի համար լինելու է «երազանքի դպրոց»`անհրաժեշտ հարմարություններով, գույքով եւ ջեռուցմամբ: 1967 թնականին կառուցված դպրոցը մեկ անգամ է մասնակի վերանորոգման ենթակվել. հիմնանորգման անհրաժեշտությունը մեծ էր»,- նշեց Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը:

Ներկայումս դպրոցն ունի 206 աշակերտ: Մարզի երրորդ դպրոցը, որն ընդգրկված է ծրագրում, Արեւշատի` 300 աշակերտական տեղի համար նախատեսված կրթօջախն է: Այստեղ շինարարությունն իրականացվում է «Բաղրամյան շին» կազմակերպության կողմից, «Լինս»-ի շինարարական ծրագրի բոլոր նորմերին համապատասխան, 450 օրում: Ինչպես տեղեկացրեց «Լինս»-ի դպրոցաշինության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը, հանրապետությունում ծրագրով նախատեսված է ընդհանուր առմամբ վեց դպրոցների վերակառուցում, ուժեղացում եւ կառուցում, որոնցից երեքական` Շիրակում եւ Լոռիում:

Շինարարության նպատակով նախատեսված է մոտ 9.5 մլն դոլար, որից 5.5 մլն-ը` Շիրակի մարզի Արեւշատ, Սարակապ եւ Նոր Կյանք դպրոցների համար: «Դպրոցների ընտրությունը կատարել է գրասենյակը: Մարզպետարանի ներկայացրած առաջարկություններից ընտրվել է երեքը, որոնք համեմատաբար ավելի վատ վիճակում են եւ շատ աշակերտներ ունեն»,- ավելացրեց Հ. Սարգսյանը

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply