Ժամանակն արդարացրեց Քոչարի հույսերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 12, 2010 10:00

Հունիսի 4–ին Նկարիչների միությունում բացվեց Երվանդ Քոչարի անհատական հոբելյանական «Իմ հույսը ժամանակի վրա է» ցուցահանդեսը, որը շատերը որակեցին աննախադեպ ոչ միայն Երվանդ Քոչարի ստեղծագործության, այլև առհասարակ Հայաստանում բացված ցուցահանդեսների համատեքստում:

Հայկազ Քոչարի կազմած ցուցադրությունը նպատակային կառուցվածք ուներ: Ցուցահանդեսը հնարավորինս ամբողջական էր ներկայացնում մաեստրոյի ստեղծագործական ժառանգությունը. այս առումով այն իրոք աննախադեպ է: Ինչպես նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը, արվեստագետը բազմաթիվ ստեղծագործություններ ունի թե՛ գեղանկարչության, թե՛ քանդակի, թե՛ գրաֆիկայի ոլորտներում: Սակայն, Քոչար ասելիս առաջին հերթին մարդու միտքն է գալիս Սասունցի Դավթի արձանը, որ կարծես «մեր ազգի հավերժության խորհրդանիշը լինի»: Սա ամենևին էլ չի նշանակում, որ գեղանկարչության և քանդակագործության մեջ Քոչարը գլուխգործոցներ չունի:

Քոչարն իր ստեղծագործական կյանքի ընթացքում միայն Փարիզում մասնակցել է ավելի քան տասը ցուցահանդեսների: Հայրենիքում նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1966-ին` Երևան տեղափոխվելուց 30 տարի անց: Դրանից հետո արվեստագետը Երևանում ունեցավ ևս երկու ցուցահանդես:

Այս փաստերը հիմք են տալիս ասելու, որ տվյալ ցուցահանդեսը կարևորագույնն է Քոչարի ստեղծագործական կյանքում:

Ցուցադրությունը ներկայացնում էր Քոչարի գրաֆիկան, քանդակը և գեղանկարը: Այն ամբողջական էր նաև ժամանակային առումով, այսինքն` ընդգրկված էին  նկարչի բոլոր` թիֆլիսյան, փարիզյան և երևանյան շրջանների աշխատանքները: Ցուցադրությունը սկսվում էր 1915-1917 թթ. Թիֆլիսում արված գծանկարներից և էտյուդներից: Հաջորդաբար ներկայացված էին կարևորագույն գեղանկարչական աշխատանքները` բերված մասնավոր հավաքածուներից, Երվանդ Քոչարի թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից:

Դահլիճում տեղ էին գտել նաև փարիզյան շրջանի տարածական նկարչության, Սասունցի Դավիթ և Վարդան Մամիկոնյան արձանների պաստառներն ու լուսանկարները, նաև Փարիզում ու Երևանում կերտած փոքր արձանիկները, որոնցից մեկը` արված 1927թ., ներկայացնում էր  Քոչարի տարածական նկարչության առաջին փորձը:

Այսպիսով, ցուցահանդեսն առաջին անգամ հայ արվեստասերներին և արվեստագետներին ներկայացրեց Երվանդ Քոչարի ստեղծագործական ամբողջ ընթացքը: Այն բաց է լինելու մինչև հունիսի 20-ը և հնարավորություն կընձեռի մոտիկից ծանոթանալու XX դարի հայ արվեստի խոշոր արվեստագետներից մեկի արվեստին:

Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է 2136 անգամ:
Print Friendly

Leave a Reply