Հայ լրագրողներն ԱՄՆ-ում. հետաքննական սեմինար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | June 16, 2010 21:40«Լավագույն լրագրողները չգիտեն ոչ բառը». Պուլիտցերյան կրկնակի մրցանակակիր, հետաքննող լրագրող Էրիկ Նալդերի այս խոսքերը մեխվեցին ուղեղումս ու այսուհետ միշտ ինձ հետ կլինեն:
Մայիսի11-ից հունիսի 1-ը հայաստանյան հեռուստա-ռադիո-օնլայն և տպագիր լրատվական դաշտում գործող 10 լրագրող հնարավորություն ունեցան մասնակցելու «Հետաքննական լրագրություն» սեմինարին: Նրանց հետ էր նաև «Անկախի» թղթակիցը:
Սեմինարը կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության «Համայնքային կապեր» ծրագիրը: ԱՄՆ-ում լրագրողներին հյուրընկալող կողմը FRAEC ռուս-ամերիկյան տնտեսական և մշակութային կապերն ամրապնդող կազմակերպությունն էր, որը ծրագրեր է իրականացնում հետխորհրդային տարբեր պետություններում: ԱՄՆ-ում մնալու և այնտեղ կազմակերպվող բոլոր միջոցառումների ծախսերը հոգում է Միացյալ Նահանգների կառավարությունը:
Սիեթլում մեզ դիմավորեց FRAEC ծրագրի պատասխանատու Քըրթիս Քորթելյուն և հենց օդանավակայանից էլ սկսեց ամերիկյան մշակույթի հետ ծանոթությունը, որը ծրագրի բաղադրիչ մասերից էր:
Սիեթլի կենտրոնական մասերում է գտնվում Pike Place market կոչվող հսկայական շուկան, որի ամենագրավիչ մասը ձկան վաճառքի կետն է: Այստեղ միշտ մեծ բազմություն է հավաքվում, որովհետև, երբ հաճախորդը ձուկ է գնում, մի վաճառողը մյուսին է շպրտում ընտրված ձուկը, և այդ ընթացքում բոլոր վաճառողները երգեցիկ վանկարկում են. «բռ-նիր ձուկը… եկ-ավ» կամ մի ուրիշ հանգավորում: Իսկ վաճառողներից մեկը հանկարծ կարող է բացել ապխտած սաղմոնի տոպրակն ու հավաքված բազմությանն առաջարկել համտեսել այն:
Մշակութային այցելությունները համեմում էին մասնագիտական պարապմունքներն ու հնարավորություն ընձեռում ծանոթանալու հայերիս համար լրիվ նոր ու անծանոթ իրականությանը: Իսկ ամերիկյան ընտանիքներում հյուրընկալությունն օգնեց ճանաչելու ամերիկյան մշակույթը, համեմատելու այն ավանդական հայկականի հետ, գտնելու նմանություններ ու տարբերություններ: Բոլոր լրագրողներն էլ իրենց հյուրընկալող ընտանիքների համար պատրաստեցին հայկական կերակրատեսակներ՝ այդպիսով ամերիկացիներին ծանոթացնելով մեր ավանդական ուտեստներին:
Էրիկ Նալդերն ասում էր, որ հետաքննական լրագրությունը ԱՄՆ-ում իր աշխատանքային 40 տարիների ընթացքում աստիճանաբար ավելի ու ավելի է ծաղկել, և այն միջոց է բռնապետության դեմ:
«Իսկական հարցազրույցը պետք է լինի անկեղծ խոսակցություն,- հայ լրագրողներին իր մասնագիտական հմտություններն էր հաղորդում Էրիկը,- իսկ հարցազրույցի կարևոր մասը դու ես: Լրագրողը պետք է լինի հետաքրքրասեր, կազմակերպված ու ինքնավստահ: Ես ուսումնասիրում եմ մարդկանց վախերը և այդ միջոցով հասնում եմ այն բանին, որ նրանք համաձայնվեն հարցազրույց տալ: Ես հաճախ նաև այնպես եմ անում, որ մարդիկ իրենց պատմությունը պատմեն երկրորդ անգամ, այդպես ես ավելի շատ մանրամասներ եմ հավաքում պատմության մասին»:
Էրիկն ասում էր` թերթերը հասկացել են, որ գոյատևելու համար պետք է ասեն այնպիսի բաներ, որոնք մարդիկ չգիտեն:
Տպագիր մամուլը մեռնում է ԱՄՆ-ում: Տեղեկատվությունն ավելի ու ավելի շատ տարածվում է համացանցով, որի օգտագործումն ավելի է շատանում այնտեղ մեծ կիրառություն ունեցող iPhon-ներով: Այնտեղ մարդիկ հեռուստացույց էլ չեն նայում կամ շատ քիչ են նայում:
2009 թ. մարտին փակվել էր Seattle Post-Intelligencer 146-ամյա պատմություն ունեցող թերթը և վերածվել օնլայն օրաթերթի, իսկ 175 աշխատակցից մնացել են 15-ը:
Թերթի խմբագիր և քաղաքական մեկնաբան Քրիս Գրաջիելին ասում էր, որ տպագիր թերթ կարդում են հիմնականում մեծահասակները: Նրանց կայքն այսօր ամսվա կտրվածքով 40 մլն. այցելություն ունի, ինչը նրանց մտցնում է ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող 30-յակի մեջ:
ԱՄՆ-ում շատ ընդունված էր նյութերի վրա խմբով աշխատելու մշակույթը, որը Հայաստանի պարագայում չի գործում: Այնտեղ մի նյութի վրա կարող է աշխատել ավելի քան տասը լրագրող, հատկապես երբ հետաքննությունը բարդ է ու երկար ուսումնասիրության կարիք ունի: Մինչդեռ մեզ մոտ լրագրողները գերադասում են նյութի վրա աշխատել միայնակ:
Սիեթլում շարունակում էր գործել քաղաքի ամենահին և ամենախոշոր տպագիր օրաթերթը` 1891թ. հիմնադրված Seattle Times-ը, որի գլխավոր խմբագիրը հայկական արմատներ ունեցող Սակի Դարդարյանն է: Թերթը տպվում է 260 000 օրինակ տպաքանակով: Թեպետ Դարդարյանը հայերեն չգիտեր ու լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ իրենց թերթում Հայաստանի վերաբերյալ որևէ նյութ կամ լրատվություն չեն տպում, բայց հանդիպման ժամանակ, երբ լրագրող Արմինե Գևորգյանը «Դլե յաման» երգեց, աչքերը լցվեցին:
Ճանաչողական այցելությունների ժամանակ բարձրացանք Սիեթլի խորհրդանիշ համարվող The Space Needle, որը կառուցվել է 1962 թ. համաշխարհային տոնավաճառի համար: Մոտ 158 մ բարձրություն ունեցող գագաթից երևում էին Սիեթլն ու նրա հարակից տարածքները: Իսկ Columbia 76-հարկանի աշտարակից, որը ԱՄՆ-ի արևմտյան ափի ամենաբարձր շինությունն է, բացվում էր Puget Sound ծովախորշի տեսարանը, որը տանում էր Խաղաղ օվկիանոս:
Լրագրողական խումբը ծանոթացավ տեղի հայ համայնքին ու ներկա գտնվեց Սիեթլի հարակից Ռեդմոնդ շրջանում հայ առաքելական եկեղեցու հիմնարկեքին: Մոտ 3,5 ակր (1,4 հա) տարածքը հայ համայնքի ջանքերով եկեղեցին ձեռք էր բերել 1998 թ., սակայն առ այսօր միջոցներ չէին եղել այն կառուցելու համար: Սիեթլի հայ առաքելական եկեղեցու տեր հայր Եղիա Իսայանն ասաց, որ անհրաժեշտ միջոցներ արդեն հավաքվել են, և եկեղեցին կանգուն կլինի 1,5 տարի հետո: Իսկ 16 կնքահայրերը, նրա խոսքով, ընտրվել են համայնքի առջև մատուցած բազմամյա ծառայության համար:
«Մինչ օրս հայ համայնքը եկեղեցական արարողություններ անցկացրել է անգլիկան Սենթ Էնդրյուս եկեղեցում,- ասաց հոգևոր հայրը,- իսկ մեր կառուցվելիք եկեղեցին այսուհետ համայնքի համար կծառայի ոչ միայն որպես աղոթատեղի, այլև հավաքատեղի»:
Տեր Եղիայի խոսքով՝ Սիեթլում ապրում է 800 հայ ընտանիք, որը կազմում է մոտ 3000 շունչ: Սիեթլում տեղաբնակ կամ Հայաստանից գնացած հայեր գրեթե չկան: Նրանց գերակշիռ մասը Բաքվի ջարդերից ու Ղարաբաղից այնտեղ գնացած հայերն են և հիմնականում խոսում են ռուսերեն, թեպետ հայերեն հասկանում են: Իսկ ահա նրանց երեխաները հայերեն չգիտեն: Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը: Հոգևոր հայրն ասաց, որ այդ խնդիրը պետք է լուծի ամեն ընտանիք` իր երեխայի համար:
Խումբը հանդիպեց Սիեթլի քաղաքային խորհրդի հաղորդակցության բաժնի տնօրեն Լաուրա Լոքարդի (քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ) հետ, եղավ Օլիմպիա քաղաքում գտնվող Վաշինգտոնի նահանգի կառավարական շենքերում, որտեղ հանդիպեց Ներկայացուցիչների պալատի մեծամասնականների առաջնորդ Լին Կեսլերի հետ: Նա նույն պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ անընդմեջ և մեծ ժողովրդականություն է վայելում նահանգում՝ մամուլի համար կառավարության աշխատանքները թափանցիկ դարձնելու համար: «Ես ապրում ու շնչում եմ այն մտքով, որ այն ինչ անում են իշխանությունները, հասանելի լինի ցանկացած քաղաքացու համար»,- ասաց Կեսլերը:
Չափազանց հետաքրքիր էր ծանոթանալ Վաշինգտոն նահանգում գործող մի հասարակական կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում էր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ և հանրության շահերին առնչվող իրադարձությունների տեղեկացմամբ: Այդ կազմակերպության փորձագետ, հայազգի Արմեն Յուսուֆյանը մեզ պատմեց տասնամյակից ավելի ձգվող մի դատավարության մասին: Յուսուֆյանը դիմել էր տեղեկատվություն ստանալու, թե ինչու են քաղաքային իշխանությունները որոշել քանդել գործող կինոթատրոնն ու տեղում մարզադահլիճ կառուցել: Նրա դիմումին ընթացք չէին տվել, և նա դիմել էր դատարան` պաշտպանելով տեղեկություն ստանալու իր իրավունքը: Յուսուֆյանը վերջերս դատը շահել է, և նրան փոխհատուցել են օրենքով սահմանված կարգով տուգանքը:
Խմբի ղեկավար Քըրթիս Քորթելյուն ասաց, որ չափազանց գոհ է խմբի մասնագիտական պատրաստվածությունից և բազմաթիվ գովեստի խոսքեր է լսել նրանցից, ում հետ մասնագիտական հանդիպումներ է ունեցել լրագրողական խումբը: «Այս խումբը մինչ այժմ մեր հյուրընկալած խմբերից տարբերվում էր նրանով, որ նրանք ամենաերիտասարդներն են և իրենց կարիերան նոր են սկսել,- ասաց նա,- և այդ իմաստով այս սեմինարը նրանց համար շատ լավ հնարավորություն է հետագա գործունեությունը կազմակերպելու համար: Նրանք գալով մեր երկիր` հնարավորություն ունեցան համեմատել իրենց փորձը, հղանալ նոր գաղափարներ և այդ գաղափարները հետագայում ներդնել իրենց աշխատանքի մեջ»:
Խմբի լրագրող Քրիստինե Վարդանյանը գոհ էր իր այցելությունից: Նա ասաց, որ Ամերիկան ճանաչելուց բացի, սեմինարն իրեն օգնեց սովորելու նոր տեխնիկական հնարքներ, որոնք ինքը կկիրառի լրագրողական հետագա գործունեության ընթացքում: «Օրինակ` տեղեկությունների ու տվյալների արխիվացումը,- ասաց նա,- դու կարող ես երկարատև հետաքննական նյութերի ժամանակ քո հավաքած տվյալները արխիվացնել, և հետո կարիք չի լինի դիմելու ոստիկանություն` ինչ-ինչ տեղեկություն ճշտելու համար»:
Սեմինարը եզրափակվեց հրաժեշտի բարբեքյուով. հավաքվել էին այցելության բոլոր մասնակիցները, այդ թվում` հյուրընկալող ընտանիքները:
«Համայնքային կապեր» ծրագիրը Միացյալ Նահանգների և նախկին Խորհրդային Միության երկրների միջև իրականացվող փոխանակման և վերապատրաստման ամենաերկարատև ու ամենածավալուն ծրագրերից է: Ներկայումս այն գործում է 11 երկրներում:










Facebook
Tweet This
Email This Post
