Ավարտվեց ԱԺ-ի գարնանային նստաշրջանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 11, 2010 14:51

Հունիսի 7-ից 10-ը կառավարության նիստերի մեծ դահլիճում գումարվեցին Ազգային ժողովի  գարնանային նստաշրջանի վերջին հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում 115 հարց էր, այդ  թվում` 29  միջազգային պայմանագիր:

Օրակարգային  հարցերի  թվում էր նաև «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է Հայաստանում թույլատրել օտարալեզու կրթության կազմակերպումը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ներկայացուցիչները և նրանց միացած համախոհները

այդ  կապակցությամբ բոլոր չորս օրերին բողոքի ակցիաներ կազմակերպեցին կառավարության շենքի մուտքի առջև` դիմավորելով  պատգամավորներին «Ամո’թ», «Կրթությունը` հայերեն», «Լեզու հանձնողը` դավաճան» վանկարկումներով և «Պահանջում ենք Արմեն Աշոտյանի հրաժարականը», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Ազգադավ օրինագիծը հանել անդարձ» պաստառներով: Նրանք պատգամավորներին հանձնեցին նաև իրենց առաջարկությունների և առարկությունների փաթեթը:

Խորհրդարանն անդրադարձավ կրթության ոլորտին վերաբերող կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը: Քառօրյայի ընթացքում, նախ առաջին, ապա նաև` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Ըստ այդմ, ՀՀ երկքաղաքացիներին հնարավորություն է տրվում ուսումնական հաստատություններ ընդունվել ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի կառավարության սահմանած կարգով և պայմաններով` իրենց ընտրությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հիմնավորմամբ, օրենսդրական նախաձեռնության նպատակն է` վերացնել ՀՀ երկքաղաքացիների կրթական իրավունքի սահմանափակումը: Գործող օրենսդրությամբ երկքաղաքացիները Հայաստանի ուսումնական հաստատություններ են ընդունվում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոններով, սակայն, ըստ նախարարի, երկքաղաքացիների պարագայում առաջանում են բազմաթիվ, մասնավորապես, հայերենի իմացության, ժամանակային առումով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀԿ» խմբակցության երեք պատգամավորների հեղինակած «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով   երկարաձգվում է օրենքի  գործողության ժամկետը: Արդյունքում, այն ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2011 թ. հուլիսի 1-ը կվճարեն համայնքային վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի գումարները` առանց հաշվարկված տույժերի և տուգանքների, կազատվեն վերջինների վճարումից:

Ավարտված քառօրյայում քննարկված հարցերի գերակշռող մասը վերաբերում էր տնտեսական ոլորտին: Դրանցից առանցքայինը «ՀՀ  2009 թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան  հաշվետվությունն էր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական քաղաքականությունն իր ազդեցությունը պետք է թողներ տնտեսության վրա, ինչն արձանագրվեց 2009 թ. երկրորդ կիսամյակում: «Տնտեսական անկումը 18,3 տոկոսից սկսեց նվազել, և մենք տարին ավարտեցինք 14,2 տոկոսով, իսկ 2010 թ. այդ միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը, և մենք չորս ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք 7,2 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Տ.Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան կառավարությունը կանխատեսում էր տարեսկզբին։

Ելույթներ ունեցան միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք քննադատեցին կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձավ հաշվետու տարում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կատարմանը: Նա հայտնեց, որ ծրագրով նրանց կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ- հոգեբանական ծառայություններ մատուցելու համար 2009 թ. պետբյուջեով նախատեսված է եղել 37,5 մլն. դրամ, սակայն, ըստ կատարողականի, 7մլն դրամը խնայվել է երիտասարդների առողջության, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական պայմանները բարելավելու հաշվին: Իսկ «Ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքների ծախսեր» բաղադրիչը կատարվել է 100 տոկոսով,  ինչն ամբողջ գումարի 53 տոկոսն է: «Ակնհայտ է, որ մանկատների շրջանավարտների համար բյուջեով նախատեսված գումարները տարիներ շարունակ ամբողջությամբ չեն ծախսվում նրանց նվազագույն կարիքների ապահովման վրա, և այն զզվելի պաշտոնյաները, ովքեր, մարդկային խիղճը կորցրած, այդ երեխաների դրամներով են հարստանում, չեն պատժվում օրենքով: Այսպիսի փաստերը 2009 թ. բյուջեի հաշվետվության մեջ բազմաթիվ են: Ոլորտները ստանձնած քաղաքական ուժերը պետք է բացատրություն տան, թե ինչ է արվում այդ ուղղությամբ»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամը:

«Ժառանգության» անունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց «դեմ» քվեարկելու իրենց որոշման մասին: Նա նաև իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ «քննարկումը, ըստ էության, բացառապես տեղի ունեցավ կառավարություն-ընդդիմություն շրջանակներում», և քաղաքական կոալիցիայի կողմից «որևէ մեկ խոսք չեղավ ի պաշտպանություն կառավարության քայլերի»: «Սա անթույլատրելի է նաև  քաղաքական տեսանկյունից»,-հայտարարեց Ա.Մարտիրոսյանը:

«Ես կարծում եմ` այն անտարբերությունը, որ ցուցաբերվում է այս հաշվետվության քննարկմանը, լավագույն պատասխանն է Հայաստանի այն կառավարությանը, որն այդպես էլ ամպերից չիջավ գետին և չկարողացավ իրականացնել այն քաղաքականությունը, որին սպասում էր մեր ժողովուրդը, ներառյալ  ԱԺ-ի 131 պատգամավորները»,-հայտարարեց «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նկատեց նաև, որ քննարկումների ժամանակ կառավարության ներկայացրածը հաստատում է այն մոտեցումը, որ «այս կառավարությունն ի վիճակի չէ հասկանալու երկրում ծառացած հիմնախնդիրները, ի վիճակի չէ  նաև տալու պարզագույն լուծումներ»: «Միայն ամպագոռգոռ հայտարարություններ, միայն թվերի ներկայացում, որոնք իրական կյանքի հետ որևէ առնչություն չունեն: Մարդիկ, փաստորեն, փորձում են համոզել Հայաստանի քաղաքացուն, որ ինքն ավելի լավ է ապրում, որ ինքը չգիտի, որ ինքը լավ է ապրում, և իրենց միամիտ մտքով մտածում են, որ Հայաստանի քաղաքացին էլ կարող է հավատալ այդ խոսքերին»,-հայտարարեց դաշնակցական պատգամավորը: Նա կոչ արեց քաղաքական մեծամասնությանը միանալ խմբակցության քվեարկությանը և չհաստատել  հաշվետվությունը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու «նոր կառավարություն` նոր խնդիրներով և մարտավարության ճիշտ ընտրությամբ»:

Կոչը, ինչպես և քննադատությունը, քաղաքական կոալիցիայի կողմից մնաց անարձագանք:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply