Ուղեգիր նվաճելու խնդիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 11, 2010 14:29

Հունիսի 28-ին Երևանում կմեկնարկի բասկետբոլի կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Այդ կապակցությամբ  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարության նիստերի դահլիճում լրագրողներին հանդիպեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, հավաքականի խաղացող Լիանա Բաղդասարյանը, հավաքականի մենեջեր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը: Ռոստոմյանը ներկայացրեց, թե ինչպես են Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվում այդ փորձությանը: Հավաքականը մարզումներ է անցկացնում  Երևանի «Միկա» մարզասրահում: Հավաքականի կազմը համալրել է «Հատիսի» սևամորթ խաղացող Ամանդա Ջեքսոնը: Ղազանչյանն էլ նշեց, որ այդուհանդերձ, թիմի բոլոր օղակներում էլ կան հիմնախնդիրներ: Հատկապես զգացվում է բարձրահասակ խաղացողների պակաս: Առաջնությանը մասնակացելու է 8 թիմ, որոնք տեղաբաշխվելու են երկու ենթախմբերում: Մեր երկրի ներկայացուցիչները A խմբում են և մրցելու են Ջիբրալթարի (հունիսի 28-ին), Մոլդովայի (Հունիսի 28-ին), Անդորրայի (հունիսի 30-ին) հավաքականների հետ: Մյուս` B խմբում ընդգրկված են Շոտլանդիայի, Մալթայի, Ուելսի հավաքականները: Ադրբեջանցիները հրաժարվել են  Երևան ժամանել: Ռոստոմյանը հայտնեց, որ վերջերս Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Նասիբովի հետ, ով ծնվել է Երևանում, փայլուն տիրապետում է հայերենին: Նա ասել է, որ ինքն էլ կցանկանար, որ  Ադրբեջանի հավաքականը մասնակցեր առաջնությանը, սակայն որոշ հանգամանքներ խանգարել են: Թիմերը ժամանելու են մրցավայր հունիսի 27-ին: Մոտավոր հաշվարկներով ստուգատեսի կազմակերպման համար կպահանջվի ծախսել 55 մլն դրամ: Հայաստանի հավաքականի առջև խնդիր է դրվել ուղեգիր նվաճել` հաջորդ տարի B դիվիզիոնի առաջնությանը մասնակացելու համար:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply