Հանդիպել են Սերժ Սարգսյանը և Քերոլայն Քոքսը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2010 13:05

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ  ընդունել է  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Սարգսյանն ասել է, որ բարոնուհու եւ նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան եւ Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի: «Մեկ անգամ եւս շնորհակալություն Ձեզ եւ Ձեր ընկերներին` երկար տարիների հետեւողական աշխատանքի համար»,- ասել է նախագահը:

Բարոնուհի Քոքսը Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության  ընթացքում ստացած տպավորությունների մասին: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել է, որ  թե  Երեւանում եւ թե Ստեփանակերտում  մեծ դրական փոփոխություններ են կատարվում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի`  հարեւան երկրների հետ խնդիրները բանակցությունների եւ համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ակտիվ ստահոդ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply