Ծնողների կարծիքով` օտար լեզուն միշտ մայրենիից հեշտ է լինում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2010 12:22

Այսօր ՀՀ և ԼՂՀ 35 քննական կենտրոններում 8755 դիմորդ շրջանավարտներ քննություն են հանձնում օտար լեզվից:  Անգլերենից այսօր քննություն հանձնելու դիմում հայտ է ներկայացրել  7787, ֆրանսերենից` 433, գերմաներենից` 512, իսպաներենից 18, իտալերենից`4 և պարսկերենից 1 դիմորդ շրջանավարտ:

Քննության ընթացքին լրագրողները և ԳԹԿ տնօրինությունն այսօր հետևում էին Երևանի պետական բժշկական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում:

Այստեղ այսօր անգլերենի քննության էր ներկայացել 220 դիմորդներից 204-ը:

Մինչ քննության սկսվելը քննասենյակից դուրս հրավիրեցին մի դիմորդի` 16-ամյա Վահագն   Սիմոնյանին`պատճառաբանությամբ, որ վերջինս թռիչքային սկզբունքով է այս տարի դպրոցն ավարտել, ինչն անօրինական է, ուստի քննությանը մասանակցելու իրավունք չունի. դեռևս անցած տարվանից ԿԳՆ հրամանով  դասարանից դասարան թռիչքն արգելված է:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասում է, որ 2 օր առաջ ԿԳՆ-ից ստացել են 39 շրջանավարտի անուն, ովքեր  թռիչքային կերպով դպրոցը շուտ են ավարտել, և հանձնարարվել է նրանց քննության չթողնել:

«Գուցե մի քիչ ուշացումով է ուսումնասիրությունը սկսվել»,- այսպես բացատրեց Խաչատրյանը փաստը, որ քննասենյակից դուրս հրավիրված տղան մինչ  այս արդեն հանձնել է քննություն այլ առարկաներից առանց որևէ խոչընդոտի:

Անդրադառնալով հայոց լեզվի քննության բողոքարկումներին` Խաչատրյանն ասում է, որ բողոքները բոլորը միանման են և անկախ բողոքների թվից` ուսումնասիրվելու են թեստերի բոլոր հարցերը:

«Միանշանակ է, որ թեստերը բարդ էին, սակայն անբավարար ստացողների թիվը նույնն է, ինչ անցած տարի` 10,89 տոկոս»,- ասում է Խաչատրյանը:

Երեխաների ծնողները, ի տարբերություն նախորդ քննությունների, այս անգամ մարտական էին տրամադրված,  բուռն քննարկում էին հայոց լեզվի և գրականության քննությունը և անգամ բանավեճի բռնվեցին ԳԹԿ ներկայացուցիչների հետ հարցի շուրջ` թե արդյոք 18-ից բարձր ստացածներն իսկապես ունեն համապատասխան գիտելիքներ: «Թող 19 և 20 ստացողներին նորից այդ թեստերը հանձնարարեն, եթե գոնե 16 ստանան, կասեմ արդար են ստացել իրենց 20-ը»,- ասած ծնողներից մեկը:

Իր տղային սպասող տիկին Գոհարն ասում է, որ երեխային մեծ դժվարությամբ է այսօր քննության բերել:  «Վախենում էր, որ անգլերենն էլ  հայոց լեզվի պես շատ բարդ կլինի: Երեխան ողջ տարին գիշեր-ցերեկ պարապի, որ գնա 8,5 ստանա՞»,- ասում է Գոհարը` նշելով, որ իր ապագա տնտեսագետ տղան ուղեցույցին համապատասխանող թեստերից ողջ տարին նվազագույնը 18 է ստացել:

«Ապագա տնտեսագետն ինչու պիտի կարողանա պատասխանել հարցերին, որոնց անգամ հայոց լեզվի  մասնագետները չեն կարողանում պատասխանել,- ասում է Գոհարը,- թող մաթեմատիկան բարդ լինի, որ գիտելիքները ստուգեն: Ամոթ է, որ մայրենին են նման վիճակում դրել»:

Տիկին Գայանեն էլ, ում դուստրը հայոց լեզվից 11,5 է ստացել,  հույս ունի, որ անգլերենի գնահատականը բարձր կլինի. «Օտար լեզուն միշտ ավելի հեշտ է, երեևի ավելի հեշտ լեզու է: Անցած տարի էլ եմ դիմորդ ունեցել, հայոց լեզվից 14 էր ստացել, անգլերենից` 17,5»:

Տիկին Սոֆան էլ պատմում է, որ իր մեդալի թեկնածու դուստրը դիմել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ, աակայն հայոց լեզվից ստացել է 15,5: «Հայերենը էդպես լավ գիտեր ու ցածր է ստացել, անգլերենի հիմքն այդքան էլ լավ չէ»,-ասում է Սոֆան ու հավելում, որ հույս ունի` անգլերենից երեխան բարձր կստանա` օտար լեզուն միշտ մայրենիից հեշտ է լինում:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply