Ամերիկյան երազանքն ու հայկական ընկալումը

ԷՍՍԵ | | June 11, 2010 11:16

Տեսարան Սիեթլ քաղաքից

Հետևում մնացին Հայաստանից Ամերիկա տանջալիորեն անվերջ թվացող, երկար ու ձիգ ժամերը. Փարիզ, հետո Դեթրոյթ, վերջնակետը` Սիեթլ:

«Բարի գալուստ Ամերիկա»,- ռեստորանում աչքով արեցին պնակների մեջ գեղեցիկ ձևավորված անհամ ու օտարոտի  ուտեստներն, ու գիտակցությունս արձանագրեց, որ սա Հայաստանը չէ:

Միացյալ նահանգներում  եմ. Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում:  Մասնակցում եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության  «Համայնքային կապեր» ծրագրի հետաքննական լրագրության սեմինարին:

Սիեթլը Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան հատվածի` Խաղաղ օվկիանոսի ափին  կառուցված նորաստեղծ ու անտառաշատ քաղաք է: Հարուստ է երկնաքերներով ու արևմտյան ափի խոշորագույն նավահանգիստն  է: Բուն քաղաքի բնակչությունը մոտ 500 հազար է, իսկ շրջանների հետ` մոտ 3 մլն: Սիեթլում է գտնվում Բոինգի ռազմաօդային ինքնաթիռների գործարանը և «Մայքրոսոֆտ» ընկերությունը: Բիլ Գեյթսն իր դղյակում անհասանելի էր, ինչպես կուռքը երկրպագուների համար:

Փարիզից Դեթրոյթ տանող «Դելտայի» ինքնաթիռում մատուցված ուտելիքների համը գուժեց ինձ համար լրիվ նոր աշխարհ մուտք գործելու «բոթը»: Այդ ժամանակ չէի էլ հիշում Ամերիկայի դեսպանատանն անցած հարցազրույցի ընթացքում փոխհյուպատոսի տված հարցը. «Ինչո՞ւ եք ուզում վերադառնալ Հայաստան»: Ենթատեքստն այն էր, թե 21 օր տևող սեմինարի ավարտից հետո հո՞ չեմ պատրաստվում մնալ ԱՄՆ-ում ու չվերադառնալ հայրենիք:  Ո՛չ: Չե՛մ պատրաստվում:

Պատասխանս հիշելու էի օրեր անց ու կրկին ինձ համար հիմնավորելու ու արժևորելու էի Հայաստան վերադառնալու և  իմ բնօրրանում ապագայիս տեսլականն իրագործելու կամքը:

Ամերիկյան իրականության հետ հաջորդ բախումս ամերիկյան «հոտի» հետ ծանոթությունն էր: Առաջին տանը, ուր մուտք գործեցի, քթիս  անմիջապես խփեց գաղջ տամկահոտը, ու ամբողջ օրը բաց մնացած լուսամուտն անգամ չփոխեց օդի բովանդակությունը: Դե, Նահանգները շատ մեծ հասկացություն են, և բնական է, որ տպավորությունս վերաբերում է կոնկրետ Սիեթլին:

Արձանագրեցի, որ այստեղ բնակիչները չեն բացում լուսամուտները: Տունն  օդափոխելու մշակույթ չկա: Գիշերվանից հետո մնացած մարդկային մարմնի հոտը կարող է խառնվել խոհանոցում շաբաթներով չդատարկվող աղբամանից դանդաղորեն ու աննկատ ծորացող աղբահոտին ու այդպես հավերժորեն շրջանառվել լայն ու ընդարձակ տնով մեկ: Կամ էլ` տան շքամուտքը բացելու ժամանակ մի փոքր արտահոսել:

Երկնաքերներում ընդհանրապես լուսամուտները չեն բացվում, գործում է օդափոխության համակարգը:

Տեղաբնակ Ջինային հարցրեցի, թե ինչու՞ այստեղ տան լուսամուտները չեն բացվում: Ասաց, որ Սիեթլը անձրևոտ քաղաք է, և երբեք չես կարող կանխատեսել` հաջորդ պահին կանձրևի՞, թե՞ ոչ: «Տունը կարող է թրջվել,- ասաց նա,- բացի այդ, մեր լուսամուտները շատ են, իսկ եթե քամի լինի, լուսամուտները կարող են շրխկալ, ու ապակիները` կոտրվել»:

Ռուս էմիգրանտ Մարինան ասաց, որ այդ տամկահոտը  գալիս է բոլոր շինություններից ու բոլոր տներից. «Մի տեղից մի քիչ շատ, մյուսից` քիչ, բայց գալիս է: Եթե մի քիչ շատ ես մնում, սովորական է դառնում»:

Փաստորեն, ճիշտ էր Մարինան:  Մի քանի օր անց ինքս էլ չէի բացում տան լուսամուտները ու չէի զգում  տան պատերին կպած հոտը:  Ու քիթս էլ չէր նկատում շաբաթներ շարունակ տան պատերին կպած չօդափոխված հոտը:

Ընդամենը օրեր անց արդեն դուր էր գալիս հսկայական սուպերմարկետներում կարգուկանոնով դարսված, օրինակ, համեմի հետ հեռավոր կապ ունեցող կանաչու հոտը: Մինչդեռ առաջին օրը քիմքս սոսկումով արձանագրեց, որ ամերիկյան ուտելիքները բնական չեն ու պատրաստված են  արհեստական հիմքի վրա: Մեծ-մեծ ու անհամ բանջարեղեն, գեղեցիկ ու անբիծ մրգեր, միս, որը մսի հետ կապ չունի: Ու էլի այդպիսի շատ բաներ:

Մի բան, որ միանաշանակ համեղ է, սաղմոն ու հալիբաթ ձկնատեսակներն են, որ բերվում են Ալյասկայից կամ օվկիանոսամերձ այլ վայրերից: Բայց շատ թանկ է: Երևի հայիս համար: Մի կես կգ ապխտած սաղմոնն արժեր մոտ 30 դոլար: Իրենք ձուկ շատ չեն ուտում: Պատճառը երևի թանկությունը չէր: Ինչքան հասկացա,  իրենք շատ սիրում են կիսաֆաբրիկատ ու պատրաստի սնունդ:

Վաճառվող ցանկացած ապրանքի վրա թաքս կա` հարկ, որը տատանվում է գնի 10 տոկոսի սահմաններում: ԱՄՆ-ի նահանգների գերակշռող մասում թաքսը գործում է: Նահանգների բնակիչներն աշխատավարձից եկամտահարկ կամ շահութահարկ չեն վճարում, նրանք դա մուծում են թաքսի տեսքով, որը, փաստորեն, մուծում է նաև օտարերկրացին: Որովհետև ապրանքը վաճառվում է բոլորին:

Ուզում էի գնալ Սիեթլի Արվեստների թանգարան: Ամերիկացի ընկերուհիս ասաց, որ դա իր ծրագրերի մեջ չի մտնում: «Դրա համար նախօրոք պետք է ամեն ինչ պլանավորել»,- անվրդով ասաց նա ու շարունակեց ընկերուհու հետ նույն օրվա ծրագիրը կազմակերպելու 2 ժամ տևող գործընթացը: «Այդքան ժամանակում ինչ ասես, որ չէի անի»,- փրփրակալած մտածում եմ ես, որ ոչ մի կերպ չկարողացա համակերպվել պլան  կոչվածի ու այն բանի հետ, որ քո փոխարեն ամեն ինչ մտածված է: Թանգարան, իհարկե, գնացի: Ասացի, որ ես էլ իմ սեփական ծրագրերն ունեմ ու կողմ եմ պահի տակ ծնված մտքերը կյանքի կոչելուն:

Ամերիկայում ամեն ինչ մտածված է: Ավտոբուսը որոշակի ժամին լինում է որոշակի կանգառում: Ամերիկացին կարիք չունի անհանգստանալու, թե կուշանա: Ամեն ինչ մտածված է: Ամերիկացին կարիք չունի մտածելու ինչ-որ կենցաղային խնդիրների մասին: Ամեն ինչ մտածված է: Պետությունն  ամեն ինչի մասին հոգում է: Ամեն ինչ մտածված  է:  Բոլոր հրահանգներն ու ցուցումները պարզեցված են այն աստիճան, որ երկար մտածելու կամ ավելի ճիշտ` մտածելու կարիք չկա: Ամեն ինչ մտածված է: Ժամը 11-ին լանչի ժամն է: Պետք է ուտել: Կարևոր չէ` սոված ես, թե ոչ: Ամեն ինչ ծրագրված է: Սիեթլում ժամը 11-ին բոլորը լանչում են: Ես սովոր եմ ուտել, երբ սոված եմ կամ էլ ժամանակ ունեմ: Այդպես կախված չես ուտելիքից:

Սակայն նույն Ամերիկայում ոչ ոք հերթը չի խախտում: Փողոցի երթևեկության կարգուկանոնը երբեք չի խախտվում: Քաղաքի կենտրոնից հեռու փողոցներում, որտեղ լուսակիր չկա, հետիոտնը անցնում է դրա համար նախօրոք մտածված տեղից, սակայն ոչ թե ինքն է զիջում ճանապարհը հեռվից երևացող ավտոմեքենային, ինչպես մեզ մոտ, այլ` հակառակը: Ամերիկայում իշխում է օրենքի գերակայությունը: Հայաստանում` ոչ:  Ամերիկացին  հավատում է իր պրեզիդենտին: Հայը` ոչ:  Ամերիկայում ամենուրեք ժպտում են: Հայաստանում` միայն խոժոռ դեմքեր են:  Ամերիկայում մարդիկ շատ պատահական մի տեղում կարող են ծանոթանալ ու անբռնազբոս, առանց որևէ ենթատեքստի ասել` «Hi!! Nice to meet you»: Հայաստանում քեզ կիսաթթված ժպիտով նույնպես կասեն, թե շատ հաճելի է, իսկ մտքում կմտածեն.«Ո՞վ ես դու, գնա քո համար շրջապատ ճարի»:  Ամերիկայում Պուլիտցերյան մրցանակակիր, լրագրող  Էրիկ Նալդերի գրած հոդվածի արդյունքում սենատորը կարող է զրկվել իշխանական որևէ օղակում այլևս հայտնվելու հնարավորությունից: Հայաստանում ողջ մտավորականությունը պայքարում է օտարալեզու դպրոցների բացման դեմ, արդյունքը` կասկածելի է:  Ամերիկացին երբեք չի հաշվում մանրը խանութում կամ էլ հետևում, թե քարտից ճի՞շտ պահվեց արդյոք փողը: Հայաստանում քեզ ամեն քայլափոխի խաբում են:

Երբ արդեն  վերադարձին մուտք գործեցի «Զվարթնոց» օդանավակայան, իրերի շարժասայլակի համար պահանջեցին 9 ամերիկյան դոլար կամ 2500 դրամ: Հետո պարզեցի, որ այն արժե ընդամենը 400 դրամ, իսկ 2500 դրամը, ինչպես պատճառաբանեցին, այն գինն է, որի դեպքում օդանավակայանի աշխատողն ինքը կբարձի ու քեզ անհրաժեշտ կետը կհասցնի քո իրերը: Ապշեցի: 21 օրում հասցրել էի  ադապտացվել ամերիկյան իրականությանն ու օրենքի գերակայությանը: Գիտակցությունս արձանագրեց. «Սա արդեն Ամերիկան չէ, դու արդեն տանն ես: Բարի՛ գալուստ, Հայաստան»:

Ես ունեմ իմ երազանքը: Դա կարող է  համարվել նաև ամերիկյան երազանք: Կամ, ավելի ճիշտ, ամերիկյան երազանքի իմ ընկալումը: Ավելի ճիշտ` նույն երազանքի իմ պրոյեկտումը: Ձևակերպումները տարբեր են, բովանդակությունը` նույնը:  Ես հավատում եմ մարդկային մտքի անսահմանափակությանն ու դրա թռիչքի  արգասաբերությանը: Ես հավատում եմ, որ մարդ կարող է դառնալ Օբամա ոչ թե նրա համար, որ նրա պապը կամ էլ հարևանի եղբայրը Բուշի ընկերն է, այլ որովհետև նա ունի այդ ձգտումը: Ու կարևոր չէ, թե հասարակության որ շերտից է նա կամ դեպի բարձունք տանող ճանապարհը որ կետից է սկսել: Ես հավատում եմ, որ Հայաստանը  կարող է դառնալ այն երկիրը, որտեղ յուրաքանչյուրի առջև բաց են բոլոր դռները:

Միացյալ նահանգները 200 տարում ոչնչից դարձավ աշխարհի զարգացմանն ընթացք տվող երկիր: Ես չեմ հավատում, որ Հայաստանը կդառնա աշխարհակալ երկիր: Տեսականորեն անգամ դա հնարավոր չէ: Բայց հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ օրենքի երկիր: Ես ուզում եմ դա: Ու հավատում եմ, որ դրա իրագործումը կախված է իմ ու քո երազանքից կամ դրա համար մղվող պայքարից: Ընդամենը 60 տարի առաջ Մարտին Լյութեր Քինգը պայքարում էր սևամորթների իրավունքների համար ու ռասսայական խտրականության դեմ: Այսօր ԱՄՆ պրեզիդենտը սևամորթ է: Մենք կարող ենք դա անել: Ես հավատում եմ: Կարող ես  քո հավատով միանալ ինձ:

Դիտվել է 5721 անգամ:
Print Friendly

Leave a Reply