Հայերեն կրթությունն անգրագիտությո՞ւն…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 10, 2010 20:11

Օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ օրենքի նախագիծը շարունակում է մնալ հասարակության բուռն քննարկումների առարկա: Այս առթիվ իրենց դժգոհությունն ու բողոքն են արտահայտում Սփյուռքի և Հայաստանի քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ կազմակերպություններ, գործիչներ ու անհատներ:

Նախագծի գաղափարի վերաբերյալ ամենավերջին ցնցող հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «ԲարՔեմփ Երևան» միջոցառումկոնֆերանսի ժամանակ: Լրագրող Վահան Իշխանյանը, որ ներկա է եղել միջոցառմանը, իր բլոգում գրել է, թե վարչապետը հայկական կրթությունը համարում է անգրագիտություն: Լրագրողը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը, համակարգչային ծրագրերը հայերեն թարգմանելու փոխարեն ուզում օտարալեզու դպրոցներ բացել: Ի պատասխան վարչապետն առաջարկել է դահլիճում քվեարկություն անցկացնել` ովքեր են կողմ և ովքեր` դեմ դպրոցներում որոշ առարկաներ օտար լեզուներով դասավանդելուն (ի դեպ, օրենքի նախագծում նշվում է ոչ թե որոշ առարկաներ օտար լեզուներով դասավանդելու, այլ օտարալեզու դպրոցների բացման մասին): Իր բլոգում լրագրողը գրել է, որ քվեարկությամբ ձայները գրեթե հավասար են եղել, որից վարչապետը մեծ ուրախություն է ապրել` բացահայտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվողների կեսը կողմ է օտարալեզու կրթությանը: Խնդրի վերաբերյալ դահլիճում սուր հարցադրումներ են եղել: «Իսկ եթե այդ նախագիծը երկրի անկախությո՞ւնն է վտանգում» հնչած հարցին վարչապետը պատասխանել է. «Եթե երկրի անկախությանն է սպառնում, դեմ քվեարկեք, իսկ եթե հակառակը, անգրագիտությունն է երկրի անկախությանը սպառնում, կողմ քվեարկեք»: Փաստորեն, պարոն վարչապետի կարծիքով, հայոց լեզվով ուսուցումն անգրագիտություն է և սպառնալիք մեր երկրի անկախությանը, որի դեմ պետք է պայքարել:

«Պայքարի ուղին» գտած կառավարությանը նախ հաջողվեց օրենքի նախագիծը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության արժանացնել (հունիսի 4-ի նիստում): Հունիսի 9-ին ԱԺն ձեռնամուխ եղավ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկմանը:

Հունիսի 10-ի քննարկմանը հերթագրված 21 պատգամավորից մինչև նիստի ավարտը ելույթ ունեցան 15-ը, այդ թվում նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, թե նախագիծն այս ձևով ընդունելն իրենց համար էլ է անընդունելի: «Մենք դեռ չենք կողմնորոշվել, մեզ հետ կռիվ մի տվեք, այլ առաջարկություններ արեք օրենքը փոփոխելու վերաբերյալ»,- ասել է նա` ավելացնելով, որ իրենք համամիտ են ԲՀԿի հետ` ծրագիրը միայն ավագ դպրոցներում իրականացնելու առումով:

Այդպիսով նիստը ավարտվեց, և «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն այս գարնանային նստաշրջանում մնաց անավարտ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որը ԱԺ քառօրյայի մեկնարկին որոշում կայացրեց բողոքի ցույցերն անցկացնել քառօրյայի ողջ ընթացքում, ամեն օր ժամը 11-ին կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ (որտեղ ժամանակավորապես անց են կացվում ԱԺ նիստերը), բողոքի ամենամեծ ալիքը բարձրացրեց հունիսի 10-ին: Բողոքի ակցիային մասնակցում էին բազմաթիվ մտավորականներ, քաղաքականհասարակական գործիչներ: Ակցիայի մասնակիցները «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը», «Կողմ ես` հեռացիր», «Ազգադավ նախագիծը հանել անդարձ» և այլ պաստառներով և «Կրթությունը` հայերեն», «Ամո°թ», «Հա°յ եղեք», «Կեցցե~ Նժդեհը, կորչե~ն Նժդեհ կոչեցյալները» և այլ վանկարկումներով էին դիմավորում Ազգային ժողովի պատգամավորներին, հատկապես հանրապետականներին, որոնցից շատերը, անթաքույց ցինիկ ժպիտով անցնելով ակցիայի մասնակիցների կողքով, մտնում էին կառավարության շենք:

Սփյուռքահայ պատմաբան, լրագրող Գևորգ Յազիճյանը բողոքի ակցիային մասնակցում էր իր սփյուռքահայ ընկերների և ծանոթների խնդրանքով պատրաստած «Հոս Հայաստա՞ն է» պաստառով` իր և ընկերների հիասթափությունն ու զայրույթն արտահայտելով օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ հայկական իշխանությունների «պատրաստակամության» դեմ: «Սփյուռքում հայերն ինչ միջոցի ասես, որ չեն դիմում, անգամ կաշառում են, որ օտար դպրոցներում հայ աշակերտների համար հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն դասավանդվի, իսկ այստեղ մեր բոլոր ջանքերը ջուրն են ընկնում»,ասում է Յազիճյանը:

Նույն վրդովմունքն արտահայտեց ամերիկահայ քիմիկոս Արմինե Կոնդուկչյանը. «Սփյուռքում միլիոնավոր դոլարներ են ծախսում, գերբնական ուժերով պահում հայերենը, իսկ մեր իշխանությունները ի չիք են դարձնում մեր ջանքերը»,ասում է նա:

Ի դեպ, Յազիճյանը, իր վրդովմունքն արտահայտելով, մատնացույց արեց նաև Հանրապետական կուսակցության շենքի վրա ծածանվող կուսակցության դրոշը` զարմանալով ու զայրանալով, որ դրա կողքին չկա պետական դրոշը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքով` շատ հանրապետականներ դեմ են այս նախագծին (ներքին զրույցներից դատելով է ասում): Նա խոստանում է նրանց անունները նշել այն դեպքում, երբ վերջիններս Ազգային ժողովում քվեարկության ժամանակ նույն դիրքորոշումը չպահպանեն:

Հունիսի 7-ին Հանրապետական կուսակցության շենքի դիմացի մայթից բողոքի ակցիային հետևող երիտասարդ հանրապետական, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր կարծիքը հայտնեց «Անկախին»: «Սա մի խումբ մարդկանց անձնական դիրքորոշում է, որոնց մտահոգություններն անձամբ ես չեմ կիսում: Բողոքողներից շատերն իրենց երեխաներին այսօր արտասահման են ուղարկում սովորելու: Նրանց հիմնավորումները ես հիմնավոր չեմ համարում: Ես չգիտեմ որևէ մեկին, ով այս գաղափարին դեմ լինի, կան պարզապես տարբեր առաջարկներ, թե ինչ ձևերով ճիշտ կլինի այդ գաղափարն իրականացնել»,ասաց Ավագյանը` համոզմունք հայտնելով, որ նախագիծը կյանքի կկոչվի:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ կառավարության նիստերի դահլիճ մտնելուց առաջ մոտեցավ ակցիայի մասնակիցներին, ասաց. «Ամեն ինչ անելու ենք, որ օրինագիծն այս ձևով չընդունվի»:

Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը նույնպես մոտեցան ակցիայի մասնակիցներին: Ռուստամյանը շեշտեց. «Դեմ չենք օտար լեզվի ուսուցմանը, այլ դեմ ենք օտար լեզվով ուսուցմանը»: «Անկախի» այն հարցին, թե կո՞ղմ եք, արդյոք, որոշ փոփոխությունների դեպքում նախագիծն իրականացնելուն, թե՞ դեմ եք նախագծի գաղափարին ընդհանրապես, Ռուստամյանը պատասխանեց. «Սկզբունքորեն դեմ ենք նախագծի գաղափարին»:

Ռուստամյանը հունիսի 10-ին անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ լավ կլիներ, եթե շատերը միանային ակցիային. «Բոլորը պիտի հասկանան, որ սա համազգային հարց է»,ասաց նա` վրդովմունք հայտնելով նաև այն հայտարարությունների կապակցությամբ, թե բողոքի այս ալիքը ընդամենը 50-60 հոգու կարծիք է արտահայտում:

Ալավերդու միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցիչ, ակցիայի ակտիվ մասնակից Էդուարդ Շահվերդյանը կարծում է, որ մարդիկ պարզապես չեն գիտակցում այս հարցի կարևորությունը. «Մեր ժողովուրդը մոռացել է անցյալի դառը փորձը,- ասում է նա,- սա ճերմակ ջարդ է, որի դեմ պետք է պայքարել ազգային բուռն, դինամիկ գաղափարախոսությամբ, որը, ցավոք, չկա»:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանն էլ այս ամենի վտանգավորությունը տեսնում է հայերի օտարամոլության մեջ և խորհուրդ տալիս նախքան կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելը, պայքարել օտարամոլության և ստրկամտության դեմ: «Նորից կստեղծվի 60-70-ականների պատկերը, երբ հայկական դպրոցներում 400-500 աշակերտ էր սովորում, իսկ ռուսականներում` 2000-3000 աշակերտ»,ասում է նա:

Նախկին հանրապետական Տիգրան Թորոսյանը, որ դեմ է նախագծի ընդունմանը, կարծում է, որ սխալ է մեր խնդիրները կապել օտարների հետ. «Մենք մեր խնդիրը դրանով մտցնում ենք փակուղի»,ասում է նա:

«ՄԵնք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ չեն նահանջելու և անընդհատ հակադարձ քայլերի են դիմելու. «Որքան իշխանությունները համառ են, այնքան լարվածությունն ավելի կխորանա»:

Ի դեպ, ակցիայի մասնակիցների մեջ կային նաև մարդիկ, որոնց կողմից հնչում էին ոչ թե օտարալեզու դպրոցների վերաբացմանը, այլև այլ քաղաքական խնդիրների վերաբերող հարցեր: Այդպիսի հայտարարություններն ու վանկարկումները կասեցվում էին նախաձեռնող խմբի անդամների կողմից:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply