Քաթարի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 10, 2010 17:49

Այսօր  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան)հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար:

Նախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես նորանկախ Հայաստանի առաջին բանագնաց` իր այցելությունը Դոհա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով:

Նալբանդյանը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա  ամրապնդումն  ու ընդլայնումը Հայաստանի արտաքինքաղաքականության առաջնայնություններից է, եւ հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:

Դեսպան ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Քաթարում առանձնահատուկ համակրանքով են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ իր առաքելության ընթացքում կանի առավելագույնը համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռահման ալ-Մեղաիսիբիին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply