Այգեձորում ավարտվել է հանդիսությունների սրահի վերանորոգումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2010 15:26

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և Շեն ՀԿ-ի կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) 2010 թվականի հունիսի 10-ին նշեց Այգեձոր համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգման ավարտը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը, ԱՄՆՄԶԳ-ի, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի անդամները:
2008 թվականին համայնքը նախաձեռնեց հանդիսությունների սրահի շինարարությունը տեղական բյուջեի և Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ֆինանսավորմամբ: Սակայն, անբավարար միջոցների պատճառով համայնքը չկարողացավ ավարտել հանդիսությունների սրահի շինարարությունը և այն անգործության մատնվեց:

ՓԵՎԾ ծրագրի շրջանակներում «Շեն» ՀԿ-ն համախմբեց համայնքի ուժերը` վարպետներին և ոչ որակյալ աշխատուժին շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, որոնք ներառել են սվաղում, ներկում, կերամիկական սալիկներով երեսպատում, կախովի առաստաղների տեղադրում, զուգարանի , խոհանոցի կառուցումն ու տարածքի ցանկապատում: Հանդիսությունների սրահը կահավորվել է փայտյա սեղաններով և աթոռներով: Այգեձորի գյուղապետարանը գյուղապետի ղեկավարությամբ, ով անխոնջ աշխատում էր համայնքի անդամների հետ շինարարությունն ավարտելու նպատակով, շարունակաբար օգնում և օժանդակում էր ծրագրին: Համայնքի քսաներկու բնակիչ աշխատեցին ծրագրում, իսկ երեք անձինք` մշտական աշխատանքի կանցնեն կառավարչի, խոհարարի և հավաքարարի պաշտոններում, շինարարության ավարտից հետո: Սրահում անցկացվելիք միջոցառումները գյուղապետարանի համար ստեղծելու են եկամուտ, որն օգտագործվելու է սրահի պահպանման համար:

Ծրագրի ավարտից հետո համայնքի հանդիսությունների սրահը ծառայելու է համայնքին` տարաբնույթ համայնքային և ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: «Անկասկած, դժվար է մայրաքաղաքից հեռու գյուղում ապրելը: Այս դեպքում հատկապես կարևոր է դառնում համայնքի բարեկեցությունն ապահովող տեղական ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների առկայությունը: Սա հաշվի առնելով է, որ տեղական պաշտոնյաները և ԱՄՆՄԶԳ Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը ընտրել են հանդիսությունների սրահի վերանորոգումը, որպես այս համայնքում կարճաժամկետ աշխատատեղեր ստեղծելուն ուղղված մեր ջանքերի մի մաս»,- ասաց դեսպան Մարի Յովանովիչը սրահի բացման արարողությանը:

Դեսպանը նաև նշեց, որ Այգեձորի հանդիսությունների դահլիճի վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆՄԶԳ-ի կողմից Տավուշում իրականացվող ծրագրերը ներառում են նաև Ջուջևան գյուղի դպրոցի սպորտդահլիճի, Սևքար և Թեղուտ համայնքների փողոցային լուսավորության համակարգերի վերանորոգումը, ինչպես նաև Կիրանց, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ համայնքներում խմելու ջրի համակարգերի վերականգնումը: Մինչև 2010 թվականի դեկտեմբերի վերջը ՓԵՎԾ-ն ակնկալվում է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման 48 ծրագիր, որոնցից կօգտվեն մոտավորապես 38,000 հազար մարդ, իսկ 800 հայաստանցի կապահովվի կարճաժամկետ աշխատանքով: Մոտ 140 մարդ նաև կունենա մշտական զբաղվածություն ՓԵՎԾ-ի կողմից վերականգնված ենթակառուցվածքներում:

Դիտվել է 1875 անգամ:
Print Friendly

Leave a Reply