Լուծվել է միասնական տառատեսակի օգտագործման հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2010 15:49

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը։ Համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը։ Համավճարի ներդրմամբ նաեւ կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը և օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը։

Տիգրան Սարգսյանը կարևորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում։

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքի տիրապետման համար կառավարությունը որոշել է այդ տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու նպատակով նրանց զբաղեցրած շենքերը, շինությունները, դրանց օգտագործմանն ու սպասարկմանն անհրաժեշտ հողամասերով հանդերձ հետ վերցնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ից և նվիրաբերել ՀՀ համապատասխան  համայնքներին` այնտեղ բնակվողներին սեփականության իրավունքով անհատույց օտարելու պայմանով։ Որոշման մյուս կետերով ճշտվել է մնացած շենք-շինությունների պատկանելության հարցը։

Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Դրա նպատակն է պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում ապահովել միասնական` «յունիկոդ» տառատեսակի կիրառումը։ Միայն այս տառատեսակն է սերտիֆիկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին։ Վարչապետը տեղեկացրել է, որ այս հարցն արծարծել են ՏՏ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպություններ ու բավական մեծ հեղինակություն ունեցող կազմակերպություններ։ Պետական կառույցները և կառավարությունն` առաջին հերթին, պարտավոր են պահպանել սահմանված չափանիշները։

Վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, գործադիրը դրանով իսկ գումար է հատկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության վարչական շենքի հիմնանորոգման համար, պայմանով, որ ֆինանսավորումը կիրականացվի փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 208 մլն 115 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակակազմի ավելացման հետևանքով նրանց սննդով, հանդերձանքով և հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով, հաստատել այդ գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը։

Գործադիրը սկսված աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով 90 մլն դրամով ավելացրել է ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման համար նախատեսված գումարը։

Դիտվել է 2021 անգամ:
Print Friendly

Leave a Reply