«Գրողի ծոցը. երեսուն ու ութ տձև հայրեններ». Կարեն Ղարսլյանի նոր գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 10, 2010 10:37

«Շապիկին ողջ գրքի պարունակությունն է մեկ էջի վրա: Եթե չկարողանաք ընթերցել այդ կերպ, փորձեք թերթել»:

Ընթերցողին ուղղված այս մաղթանքով է սկսվում հայ ժամանակակից գրող Կարեն Ղարսլյանի  «Գրողի ծոցը.  երեսուն ու ութ տձև հայրեններ» նոր ժողովածուն:

Հունիսի 9-ին՝  Սիրահարների այգում, Կարենի  գրքի շնորհանդեսն էր:  Նրա անդրանիկ «X կադր/ վայրկյան» բանաստեղծությունների  ժողովածուն  լույս  է տեսել 2003թ., որում օգտագործված ոչ ցենզուրային բառապաշարի պատճառով Երևանի որոշ գրախանութներ մերժել են վաճառել այն, իսկ բարձրացված աղմուկի արդյունքում Հանրային հեռուստատեսությունը Կարենին հռչակել էր տարվա մարդ:

Նոր գիրքն արդեն՝ առանց պատճառաբանության, մերժել է  ընդունել վաճառքի Երևանի Բուկինիստը:

«Էսօր էնքան շատ գրականություն ա տպվում  ու էնքան շատ գրողներ կան, որոնք իրարից առանձնապես ոչնչով չեն տարբերվում, և այդ ամբողջի ֆոնի վրա Կարենի գրականությունն առանձնանում է,- շնորհանդեսը բացեց գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը,-  և պետք է ասեմ, որ «Ինքնագիր» ակումբը չի տպում ամեն մի պատահական հեղինակի, և այդ առումով «Ինքնագրում» տպվելն արդեն չափանիշ է»:

Ժողովածուն  հրատարակել է « Ինքնագիր» գրական ակումբը՝  Ինքնագիր մատենաշարի շրջանակներում: Այն կազմակերպել է Վահան Իշխանյանը՝ հեղինակի ֆինանսավորմամբ:

Շնորհանդեսին եկել էին Կարենի հարազատները, արվեստագետներ ու արվեստասեր մարդիկ:

Գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը ներկաներին ասաց, որ գրքի վերնագրում գործածված հայրեն բառը միանգամից զուգորդում է Քուչակի հետ և որպես դրան ապացույց բերեց ժողովածուում տեղ գտած մի բանաստեղծություն, որտեղ հեղինակը դիմում է. «Քուչակ ախպեր»:

«Գիրքը սիրո, ավելի կոնկրետ մարմնական սիրո թեմայի մասին է,- ասաց բանաստեղծուհին,-   այն լեցուն է սեռական էներգիայով. դա  սիրո և մարմնական սեքսի փառաբանում է: Իսկ հղումը Քուչակին իմ կարծիքով կարևոր է մշակութաբանական առումով, որպես ավանդույթի նշում, որ ես էստեղից եմ գալիս: Որովհետև միջնադարյան կղերականությունը  մոնոպոլիզացրել է հոգևորը, իսկ աշխարհիկ մշակույթի ավանդույթները գալիս են Քուչակից, և Կարենն կարծես դրանով ասում է, որ  ես էդ գիծն եմ շարունակում»:

Միաժամանակ ժողովածուի միջավայրը  ժամանակակից  աշխարհն է. ինտերնետ աշխարհի մեջ մտած մարդը:

«Մարդը սոցիալական կենդանի չէ, ցանցային է»,- գրում է հեղինակը բանաստեղծություններից մեկում:

«Իսկ  սոցիալական հարաբերություններն այժմ վերաճել են վիտուալի,- այդ միտքը մեկնաբանում է Վիոլետը,- մարդը մտնում է ցանցի մեջ ու կորում. դառնում է ցանցային էակ»:

Ժամանակակից տեխնոլոգիաները մուտք են գործել ամենուր, և Կարենը, որ 2005թ. գտնվում է Միացյալ նահանգներում, այգում Սկայպի միջոցով շփվում էր շնորհանդեսի մասնակիցների հետ և պատասխանում լրագրողների հարցերին:

Նա նույնպես հաստատեց Քուչակի հետ կապը, ասելով, որ վերնագրում օգտագործված ծոց բառը գործածվում է Քուչակի մոտ  և գրեթե լեյտմոտիվի դեր է տանում նրա հայրեններում:

Մեկնաբանելով գրքի վերնագիրը, Կարենն ասաց, որ, ի տարբերություն տարածված բացասական ընկալման, որն առաջացնում է մարդկանց մոտ «գրողի ծոց» արտահայտությունը, ինքը դրա մեջ տեսնում է այլ իմաստներ. «մասնավորապես ծոցը դիտարկում եմ որպես փաթաթվելու համար հարմարանք»:

Ինչու՞ Կարենը հայրենիքում չէ:  «Ես փորձեցի տեսնել այլ իրականություն, ինչպես նաև Հայաստանն այլ աչքերով,-«Անկախի» հարցին պատասխանում է գրողը,-  սակայն դրա մեջ կա նաև երկրորդ և երրորդ շերտ, որի իմաստն այն է, որ  Հայաստանում եղածս ժամանակ ինձ հաճախ էին մատնանշում ամերիկյան դեսպնատան տեղն,  ասելով, որ այնտեղ է իմ տեղը. գնա գրողի ծոցը: Դա երևի ասվում էր այն պատճառով, որ արտահայտածս մտքերը ցանկալի կամ ընդունելի չէին,  և դա հոգեբանորեն ազդում էր իմ վրա: Ի վերջո, ես ուզեցի  գնալ այդ գրողի ծոցը և  տեսնել թե ինչպիսին է այն: Կարող եմ ասել, որ գրողի ծոցը այդքան էլ վատ տեղ չի»:

Սա «Ինքագիր»ակումբի երրորդ հրատարակությունն է: Գիրքը տպվել է 1000 օրինակով:

Դիտվել է 2719 անգամ:
Print Friendly

Leave a Reply