Բացահայտվել է մի քանի միլիարդ դրամի հասնող մաքսանենգության դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2010 13:49

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից երկու տարի շարունակ՝ 2007-2008թթ. կատարված  առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 12 անձի:

Մասնավորապես, դեռեւս  2008թ. հունիսի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի  205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` 2007-2008թթ. ընթացքում  «Միկ-Մակ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Հիշյալ քրեական գործին հետագայում  միացվել է եւս երկու քրեական գործ՝ հարուցված «Հովհան Սաք» ՍՊ ընկերության կողմից 2007թ. ընթացքում հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու եւ Հ.Ն.-ի կազմակերպմամբ «Ռազլույս» և «Տիտա Լամինատ Ֆլոր» ՍՊ ընկերությունների տնօրենի կողմից ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, կեղծ ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքերի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը 2010թ. ապրիլի 7-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընդունվել  վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ  մասնավորապես պարզվել է, որ երկու տարի շարունակ միեւնույն ընկերությունների անվամբ ձեւակերպվել է, թե  Հայաստան է ներկրվել պոլիէթիլենային հումք, շինարարական մեխ, ինքնակպչուն ժապավեն եւ ցածր մաքսային արժեքով հարկվող կամ ընդհանրապես չհարկվող նույնատեսակ այլ ապրանքներ: Մինչդեռ՝ նախաքննությամբ ապացուցվել է, որ դրանց անվան տակ, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պահանջով փաստացի ներկրվել է մի քանի միլիարդ դրամի հասնող տարբեր տեսակի կենցաղային ապրանք, էլեկտրատեխնիկա, շինանյութ եւ այլն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության երեք աշխատակցի 2010թ. հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար:  Ընդհանուր առմամբ քրեական գործով արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել 12 անձի, մեկի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ կազմակերպված խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply