Հայոց լեզվի բարդ թեստերը կոչված են հեղինակազրկելու մայրենին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 10, 2010 12:22

Հայոց լեզու և գրականությունից քննությանը հայտ ներկայացրած 11163 դիմորդներից հունիսի 4-ին քննության են ներկայացել 10574-ը: Քննություն հանձնած դիմորդ շրջանավարտների 10,89 տոկոսը ստացել է անբավարար, իսկ գերակշիռ մասը` 68,27 տոկոսը ստացել է 8-13 միավոր: 13,5-17 է ստացել դիմորդշրջանավարտների 17,48 տոկոսը, իսկ 17,5-20` ընդամենը 3,38 տոկոսը: Առավելագույն 20 միավոր է վաստակել դիմորդների 0,01 տոկոսը` միայն 2 շրջանավարտ: Միջին գնահատականը 10,98 է:

Հայոց լեզվի և գրականության քննությունից հետո և՛ ծնողների, և՛ մասնագետների շրջանում խուճապ սկսվեց. ամեն կողմից բողոքներ են հնչում, որ թեստերը շատ բարդ են և բնավ գիտելիքները ստուգելու նպատակ չեն հետապնդում:

Այս տարվա թեստերի հեղինակներն են  ԵՊՀ դասախոսներ  Աշխեն Ջրբաշյանը և Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ըստ բանասեր և կրկնուսույց Սուսաննա Պողոսյանի` եթե անցած տարվա թեստերը շատ բարդ էին, ապա այս տարվանը եռակի ավելի բարդ են, հարցերի 10-15 տոկոսն էլ ծրագրային չէ: «Թեստերին պատասխանելու համար պետք է լինել բարձր ինտելեկտով հայոց լեզվի լավագույն մասնագետ, ոչ թե հանրակրթական դպրոցի 16-ամյա  շրջանավարտ»,- ասում է Պողոսյանը:

Կրկնուսույց Թամարա Ալեքսանյանի խոսքով` քննական աշխատանքը պարզապես հարցերի շարան է, ոչ թե թեստ, քանի որ պահպանված չեն թեստ կազմելու հիմնական սկզբունքները. չկա անցում պարզից բարդ հարցերին, խախտված է հարցերի տրամաբանական հաջորդականությունը և այլն: «Թեստերն այնքան բարդ չէին, որքան խճճված. ճիշտ պատասխանը գտնելու համար բավական ժամանակ է պետք, ինչը չունի դիմորդը քննասենյակում: Շատերն այս պատճառով էլ խճճվել են ու շտապելուց չեն կարողացել ճիշտ պատասխանը գտնել»,- ասում է Ալեքսանյանը: Նրա խոսքով` այս տարվա թեստերը  պահանջում են ոչ թե գիտելիք, տրամաբանություն, այլ ընդամենը մեխանիկական հիշողություն:

Ալեքսանյանն ասում է, որ թեստերում առկա են նաև սխալներ, օրինակ` 3-րդ թեստի 59-րդ հարցը, որ պահանջում է ընտրել դարձվածքը սխալ մեկնաբանած տարբերակը, ունի երկու ճիշտ պատասխան, սխալ են մեկնաբանված և՛ «ձեռքը բռնել», և՛ «ռուբիկոնն անցնել» արտահայտությունները, սակայն ճիշտ պատասխան է  համարվում միայն վերջինը:

Թեստի մի շարք հարցեր «անհեթեթ» է համարում նաև Պողոսյանը և որպես օրինակ  մատնանշում թեստի 1-ին տարբերակի 42-րդ հարցը, որը պահանջում է նշել, թե տրված հատվածներից որով է ավարտվում Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման, 44-րդ հարցը, որը պահանջում է նշել, թե Րաֆֆու «Սամվելից» մեջբերված հատվածը ում խոհերն է արտահայտում, 79-րդ հարցը, որը պահանջում է նշել, թե մեջբերված հատվածը «Անլռելի զանգակատան» որ ղողանջից է և նման այլ առաջադրանքները, որոնք  ոչ ծրագրային են և չեն ծառայում շրջանավարտի գիտելիքները ստուգելուն: «Երեխան մի քանի անգամ էլ պահանջված գրականությունը կարդա, միևնույն է, չի կարող անգիր հիշել, թե որ տողը որ գլխում է գրված, կամ որ միտքը որ հերոսն է արտահայտել: Նախորդ տարիներին գոնե միայն դասագրքում առկա հատվածներն էին մեջբերում, ինչը հնարավոր էր մտապահել»:

Պողոսյանն ասում է, որ չափազանց բարդ են նաև հայոց լեզվին վերաբերող հարցերը: «Այնպիսի բառեր կան թեստերում, որ երեխան դպրոցում 10 տարվա ուսումնառության ընթացքում գոնե մեկ անգամ չի հանդիպել, բառեր, որոնց բացատրությունը ճշտելու համար պետք է դիմել մատենադարանի ձեռագրերին»,- ասում է  նա և  մատնանշում թեստի 1-ին տարբերակի 55-րդ հարցը, որում կան, օրինակ, լառ, ժպրհել, պարտասուն և նման այլ բառեր, և   56 հարցը, որում համանուններն իրենց երրորդական իմաստով են ներկայացված, և հույլ բառի բացատրությունն է դանդաղկոտը, մայր բառինը` մթությունը և այլն:

«Հարցերը շատ խրթին ու խառն են շարադրված: Մինչև երեխան հասկանա, թե իրենից ինչ է պահանջվում, էլ ժամանակ չի ունենա հարցին պատասխանել»,- ասում է Պողոսյանը: Նման բարդ թեստեր կազմելը նպատակ ունի վատաբանել, սևացնել դպրոցը: Միաժամանակ երիտասարդ սերնդի մեջ վախ են առաջացնում մայրենիի հանդեպ, ինչը, ըստ Պողոսյանի, պատճառ է դառնում, որ խուսափեն հայագիտական մասնագիտություններից  ու հայոց լեզվի քննությունից:

Նույն կարծիքին է նաև Ալեքսանյանը, ում խոսքով`  չափազանց բարդ հայոց լեզվի թեստերն ուղղված են դպրոցի և ուսուցիչների դեմ. «Ուզում են հանրությանը հասկացնել, որ դպրոցի ուսուցիչը երեխային բուհ ընդունվելու գիտելիք տալ և կրկնուսույց լինել չի կարող»,- ասում է նա: Սակայն, ըստ Ալեքսանյանի, նման ձեռնարկը նաև հեղինակազրկում է հայոց լեզուն, և երիտասարդ սերունդը սկսում է չսիրել իր մայրենին: «Սա ջախջախիչ քաղաքականություն է և կարող է պատճառ դառնալ, որ երիտասարդը երես թեքի և՛ իր երկրից, և՛ իր մայրենիից,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ այսօրվա դիմորդները բուհում, միևնույն է, մոռանալու են այն ամենը, ինչ սովորել են բուհ ընդունվելու համար:- Այսօր ո՛չ դպրոցը, ո՛չ էլ բուհը չեն տալիս այնքան բարձր գիտելիքներ, որքան պահանջում են բուհական ընդունելության համար»:

Բազմաթիվ ծնողներ նույնպես փաստում են, որ  իրենց երեխաները ձգտում են ընտրել այնպիսի մասնագիտություն, որ հայոց լեզվից միասնական քննություն չհանձնեն: «Երեխաները խուսափում ու վախենում են մայրենիից:  Այնպես են անում, որ երեխաներն օտար լեզուն ավելի շատ սիրեն ու ավելի լավ սովորեն»,- ասում է տիկին Անաստասիան, ում դուստրը հայոց լեզվից 8 է ստացել: Աղջիկը դիմել է ԵՊՀ արևելագիտության  ֆակուլտետ, պարապել է կրկնուսույցի մոտ, ով և վստահեցրել է, որ առնվազն 16 միավոր կստանա հայոց լեզվից և գրականությունից: «Կրկնուսույցն ասում է, որ աղջկաս գրած թեստի 80 հարցերից 20-ը ոչ ծրագրային, բարդ հարցեր են,- ասում է Անաստասիան՝ հավելելով, որ երկակի պատասխան ունեցող հարցերով և բարդ թեստերով հնարավոր չէ ստուգել մայրենիի իրական իմացությունը:- Մասնագետը ողջ կյանքում այդ թեմաներն է ուսումնասիրում և գիտի ամեն մի մանրուք, մինչդեռ երեխան ուղեցույցի սահմաններից դուրս ոչինչ չգիտի, քանի որ մասնագետ չէ»:

Թեստերի հեղինակներից Աշխեն Ջրբաշյանն ասում է, որ թեստերի շուրջ բարձրացած աղմուկը չափազանցված է. թեստը հավասարաչափ կազմված է եղել շատ հեշտ, հեշտ, միջին բարդության, բարդ և շատ բարդ հարցերից: «Շատ բարդ հարցերը թեստի ընդամենը 10 տոկոսն են կազմում. այս հարցերը նախատեսված են բացառիկ տաղանդավորների համար,- ասում է Ջրբաշյանը,- մինչդեռ քննություններից դժգոհում են  նվազագույն գնահատական ստացածները, ովքեր չեն կարողացել պատասխանել հեշտ հարցերին»:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը թեստերի բարդությունն  արդարացնելու համար օրինակ է բերում ռուսական իրականությունից, որտեղ 3 կարգի բարդության խնդիրներ են ընդգրկված մաթեմատիկայի քննական գրավորում (մաթեմատիկայի, ոչ թե մայրենիի),  և ամենաբարդ խնդիրները կարողանում են լուծել միայն բացառիկ տաղանդավորները: Ըստ Խաչատրյանի` եղել է երկու աշխատանքային խումբ, որոնք զուգահեռ են աշխատել և չեն իմացել, թե վերջում ում կազմած թեստերը կլինեն քննական. դա իմացել է միայն ԳԹԿ տնօրինությունը:

Նրա խոսքով` այս տարի հայոց լեզվի և գրականության թեստերի հեղինակների աշակերտները նույնպես շատ բարձր գնահատական չեն ստացել՝ ընդամենը 16-17, քանի որ հեղինակները պահել են թեստերի բովանդակության գաղտնիությունը:

Նույնը հաստատեց նաև Ջրբաշյանը` նշելով, որ իր 14 աշակերտներից եղել են և՛ անբավարար ստացողներ, և՛ նվազագույն գնահատական ստացողներ, իսկ 1 աշակերտ էլ ստացել է 17,5 միավոր:

ԳԹԿ տնօրենը  խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչն է հայոց լեզվի ցածր գնահատականների պատճառը, թեստերի չափազանց բարդությո՞ւնը, թե՞ կրթական մակարդակի անկումը: Նշեց միայն, որ առաջիկայում բողոքարկման հանձնաժողովը կքննարկի և որոշակի եզրակացության կգա: Նա նաև չասաց, թե ինչ սկզբունքով է ձևավորվում բողոքարկման հանձնաժողովը, սակայն նշեց, որ լրագրողները կարող են մասնագետների թեկնածություն առաջադրել, եթե լավ մասնագետների ճանաչում են:

Դիտվել է 4276 անգամ:
Print Friendly

Leave a Reply