Ո՞րն է զգուշավորության պատճառը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 24, 2010 11:16

Հայաստանի սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարության կայքում  կարելի է հանդիպել մի  հաղորդագրության, որով տեղեկացվում է, որ վերջերս անցկացվել է համահայկական խաղերի միջազգային կոմիտեի (իրականում պետք է լինի համաշխարհային կոմիտեի գործկոմի) այս տարվա առաջին նիստը: Ընդ որում, տեղեկությունը սկսվում է նրանով, որ միջոցառմանը մասնակցել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը: Այնուհետև իմիջիայլոց  հայտնվում է, որ ներկա են գտնվել նաև կոմիտեի նախագահ (խոսքը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի մասին է) Արմեն Գրիգորյանը, սփյուռքի համայնքի ներկայացուցիչներ:

Հետաքրքիր է, Գրիգորյանն  ինչպե՞ս կարող էր ներկա չգտնվել, եթե այդ կազմակերպության փաստացի ղեկավարն է: Եթե երկրորդական պլանում հայտնված նախագահի ներկայությունը պարտադիր է, ապա նախարարը, որի անունն առաջինն է նշվել, կարող էր նաև չմասնակցել միջոցառմանը: Ինչ վերաբերում է սփյուռքի ներկայացուցիչներին, ապա, նրանք  հենց այնպես արտասահմանյան երկրներից  ներկա գտնվող դիտորդներ չէին, այլ գործկոմի անդամներ: Իսկ  զարմանալին այն է, որ կարելի է ասել` այս միջոցառումն անցկացվել է փակ դռների ետևում: Այն կայացել է մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցում: Հրավիրված են եղել միայն հայկական առաջին հեռուստաալիքի և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչները:

Ի դեպ, նախկինում էլ անցկացվել են այս կազմակերպության գործկոմի նիստեր, և միշտ էլ բոլոր լրատվամիջոցներից գրչի մշակներ են հրավիրվել: Հարց է առաջանում, թե ինչն է  եղել այս անգամ զգուշավորության պատճառը: Թերևս կարելի է միայն ենթադրել: Գերատեսչության կայքում էլ իմիջայլոց նշվում է, որ միջոցառմանը պարզապես ներկա էր Արմեն Գրիգորյանը: Մինչդեռ խոսքը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոններն ազատած պաշտոնյայի մասին է:

Եվ քանի որ այդ ամենի հետ կապված տարաբնույթ խոսակցությունները շատ են, ինքնին հարց էր առաջացել, թե ևս մեկ հրաժարական չի՞ լինելու: Սակայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տարբերվում է նախորդ երկու կառույցներից, և  Գրիգորյանը չէր կարող այդպես աննկատ խաղից դուրս մղվել:

Բանն այն է, որ գործկոմի կազմում գերակշռում են արտասահմանյան երկրներում բնակվող, տարբեր հասարակական և կուսակցական կառույցների պատկանող գործիչներ: Այնպես որ  հնարավոր էր, որ  նրանք թելադրանքի կատարողներ չդառնային  և կողմ չքվեարկեին Գրիգորյանի հեռանալուն, որքան էլ ոմանց համար դա ցանկալի լիներ:  Դա էր  պատճառը, թե մեկ այլ բան, դժվար է ասել, բայց այդպես էլ ամեն ինչ անփոփոխ  մնաց: Այդուհանդերձ, այժմ արդեն ակնառու է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը չի կարող ինքնիշխան լինել, քանի որ սպորտի ոլորտում չունի այն ազդեցիկ դերը, որը վայելել է նախկինում: Փաստորեն իրավիճակը նույնն է, ինչ, ասենք, գեներալն առանց զինվորների: Հիշեցնենք, որ Գրիգորյանն այդ պաշտոնը ստանձնել էր այն ժամանակ, երբ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն ազատած Վարդան Օսկանյանը հրաժարվել էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ մնալուց:  Անկասկած, լինելով դիվանագետ, նա  հաշվարկել էր ամեն բան: Եվ սպասվում էր, որ Գրիգորյանը կհետևի նրա օրինակին, բայց նման բան չկատարվեց:

Ի դեպ, Համահայկական խաղերում զգալի ֆինանսներ են շրջանառվում: Պետությունն է միջոցառման կազմակերպման համար ֆինանսներ հատկացնում: Մյուս կողմից` հսկայական գումարներ են մտնում Հայաստան, քանի որ խաղերի մասնակիցներն իրենց միջոցներով են ամեն ինչ անում: Եվ փորձը ցույց է տվել, որ նրանց հստակորեն ուղղորդում են, թե որ հյուրանոցներում պետք է մնան, որտեղ սնվեն և այլն: Իսկ ընտրության հարցում պատահականություններ չեն լինում: Կա նաև մեդալի հակառակ երեսը: Իսկ թե ինչ  կլինի հետո, դժվար է ասել:

Փաստն այն է, որ Գրիգորյանի համար դժվար է լինելու: Համահայկական խաղերն աստիճանաբար կորցրել են իրենց հետաքրքրությունը: Բացի այդ, նախկինում կազմակերպված խաղերի ժամանակ անպակաս են եղել թիմերի միջև առաջացած ծեծկռտուքները:  Դեպքեր են եղել, երբ դրանցից հետո խաղերի մասնակիցները կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ընդ որում, նախորդ տարի խաղերի ծրագրով միջանկյալ կազմակերպված ֆուտբոլի և բասկետբոլի մրցաշարերն էլ անշուք են անցել: Բավական է միայն այն փաստը, որ բասկետբոլիստուհիների մրցաշարում հայտավորվել էր ընդամենը հինգ թիմ: Ընդ որում, թիմերի հայտավորման վերջնաժամկետները մի քանի անգամ վերանայվել էին, մինչ այդ ընդամենը նշված քանակով մասնակիցներ էին հավաքվել: Ի դեպ,  խաղերի վիճակահանությունն անցկացվել էր, կարելի է ասել, տառացիորեն մրցաշարը սկսելու նախօրյակին:

Ինչևէ, նիստում որոշվել է, որ համահայկական հերթական` 5-րդ խաղերն անցկացվելու են 2011-ի օգոստոսի 13-21-ին:  2011-ի խաղերի ծրագրում են տասը մարզաձև` բասկետբոլը, ֆուտբոլը, ֆուտզալը, վոլեյբոլը, աթլետիկան, թենիսը, սեղանի թենիսը, լողը, շախմատը, բադմինտոնը: Ի դեպ, հարց է բարձրացվել, որ առաջիկա  միջոցառման ծրագրում ընդգրկվեն հանդբոլը, բազկամարտը, լողափնյա վոլեյբոլը: Որպեսզի որևէ մարզաձև խաղերի ծրագրում ընդգրկվի, անհրաժեշտ է, որ ուժերը չափելու ցանկություն հայտնեն առնվազն 5 երկրների 10 քաղաքների ներկայացուցիչներ: Պետք է սպասվի, որ հայտեր ստացվեն: Եվ այդ հարցը որոշվելու է գործկոմի հաջորդ նիստում, որի անցկացման ժամկետը դեռևս պարզ չէ: Առաջիկա խաղերի գլխավոր մրցավար հաստատված Եղիշ Դավթյանը պարզաբանեց, որ մարզաբազաները վարձակալելու համար ֆինանսները սահմանափակ են, և եթե նոր մարզաձևեր ընդգրկվեն միջոցառման ծրագրում, ապա պարզ չէ, թե ինչ միջոցներով են արվելու այդ ծախսերը:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply