Ի՞նչ է կատարվել Վալենսիայում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 11, 2010 10:00

Մարզասերները տեղյակ են, որ  Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փայլուն են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները, տիրանալով 5 ոսկե, 6 արծաթե, 5 բրոնզե մեդալի և ընդհանուր թիմային  հաշվարկով իրենցից առաջ են թողել միայն Ռուսաստանի ընտրանուն: Սակայն ստուգատեսում տեղի է ունեցել մի աղմկահարույց միջադեպ: Մեր մարզիկի տարած հաղթանակից հետո ադրբեջանցի ծանրորդը հրաժարվել է բարձրանալ պատվո պատվանդան և տեղ զբաղեցնել նրա կողքին: Իսկ երբ, ի պատիվ հայ դյուցազնի տարած հաղթանակի, Հայաստանի  օրհներգի հնչյունների ներքո բարձրացվել է  եռագույնը, սահմանակից երկրի պատվիրակությունը ցուցադրաբար մեջքով շրջված է  «հետևել» այդ ամենին:

Վերադարձից հետո կատարվածի մասին խնդրեցինք պատմել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանին:

-Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդները մեծ ներուժ ունեն և դա հայտնի է բոլորին: Ընդ որում, նրանցից պարտվելն ամոթալի չէ: Մեր երիտասարդ մարզիկներից մի քանիսը ներկայումս փայլուն հանդես են գալիս նաև մեծահասակների միջազգային ստուգատեսներում: Եվ այն, որ Իսպանիայում էլ մեր երկրի ներկայացուցիչներից վեցն անմասն չմնացին խաղարկված պարգևներից, օրինաչափ էր:  Առաջնությունը լավ էր կազմակերպված, երեք տասնյակ երկրների ծանրորդներ էին մասնակցում: Սակայն, բոլորի տրամադրությունը փչացրեց այդ միջադեպը: Եվ իրենց անվայել պահեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Ընդ որում, այդ ամենն ուղղակիորեն կապ ունի Հայաստանի հետ: Թերևս այդպիսի արարքն իր նախադեպը չի ունեցել: 62 կգ քաշայինների պայքարում  Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆիրիդուն Գուլիևը չկարողացավ հրում վարժության ժամանակ բարձրացնել 145 կգ:  Մարզիկը ծանրաձողը հասցրեց կրծքին, փորձեց այն գլխավերևում պահել, սակայն վարժությունը ավարտին չհասցրեց: Մեկ վայրկյան անգամ ծանրաձողը նրա գլխավերևում չմնաց: Բնականաբար, մրցավարները չարձանագրեցին, որ ծանրությունը բարձրացվել է: Եվ քանի որ ոսկե մեդալի հարց էր վճռվում, ադրբեջանցիները ոչ միայն մեծ աղմուկ բաձրացրին, այլև իսկական գրոհ ձեռնարկեցին մրցավարների, մրցավարական հանձնաժողովի վրա, սկսեցին սպառնալ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Ուրսոյին:

Վտանգ կար, որ ամեն բան կարող է վերաճել ձեռնամարտի, դահլիճ հրավիրվեցին մեծ թվով ոստիկաններ: Օրենքի պահապանները պաշարեցին մարզասրահը և վերականգնեցին կարգուկանոնը: Իսկ այս ամենը մեր հետ կապ ուներ այնքանով, որ Հայաստանի ներկայացուցիչ Վլադիկ Կարապետյանը, սանձելով 141 կգ-ոց ծանրաձողը, հաղթող էր ճանաչվում ոչ միայն այդ մրցաձևում, այլև երկամարտում: Եվ երբ կրքերը հանդարտվեցին, կազմակերպվեց մրցանակաբաշխությունը: Պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ Կարապետյանը: Իսկ  երկրորդ մրցանակակիր դարձած  Գուլիևը պատվանդանին այդպես էլ չմոտեցավ, հրաժարվեց: Սակայն, երրորդ մրցանակակիր թուրք ծանրորդը  բարձրացավ  պատվանդան և ստացավ բրոնզե մեդալը: Երբ հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը, Ադրբեջանի պատվիրակության բոլոր անդամները թիկունքով կանգնեցին:  Թուրքիայի պատվիրակության անդամներից ոմանք  նույնպես միացան այդ ակցիային:

– Հայաստանի ներկայացուցիչները որևէ կերպ չհակադարձեցի՞ն:

– Վալենսիայում հայկական մեծ համայնք կա և առաջին իսկ օրվանից մեզ ուշադրության կենտրոնում էր պահում: Մեզանից անբաժան էր Հայաստանի հյուպատոսը` Մհեր Բադալյանը: Նա հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ անում էր հնարավորը, որ մեր մարզիկներն ապահովված լինեն թարմ մրգերով, հյութերով և օտար երկրում որևէ բանի կարիք չունենան: Իսկ մրցումների օրերին մեծ թվով հայրենակիցներ էին գալիս դահլիճ: Եվ կատարվածը խիստ զայրացրել էր  նրանց: Այս միջադեպի ականատես մի քանի հարյուր հայերն անմիջապես փորձեցին դահլիճ մտնել, հատկապես անհանգիստ էին կանայք: Դժվար չէր կանխագուշակել, թե ինչ կարող է լինել այդ ամենի հետևանքը:  Անհնարին էր, որ ադրբեջանցի երեք-չորս տասնյակ մարդուց բաղկացած պատվիրակությունն այդ իրարանցման հետևանքով զոհեր չունենար: Ես և Մհեր Բադալյանն անմիջապես հասկացանք, որ սադրանքը կարող է հաջողվել և, ի վերջո, վնասել մեզ: Երկուսս էլ ինչքան հնարավոր է բարձր սկսեցինք բղավել, որ մարդիկ հաշվեհարդար տեսնելու, ինքնադատաստան անելու մտադրությունից հետ կանգնեն: Եվ  բղավոցներն օգնեցին: Մեր հայրենակիցները կանգնեցին և այլևս դահլիճ չներխուժեցին: Հակառակ պարագայում, եթե մարդկային զոհեր լինեին, ամեն բան կմոռացվեր, մենք էլ կարող էինք  դառնալ մեղավոր:

– Իսկ ադրբեջանցիները և թուրքերն այդպես էլ մարսեցի՞ն իրենց արարքը:

– Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան կատարվածի կապակցությամբ դժգոհություն հայտնեց ու զեկուցագրեր ներկայացրեց ծանրամարտի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաներին: Դրանց կցվել են միջադեպի մասին լուսանկարներ և տեսագրություն:  Բացի այդ, արձանագրություն է կազմվել, որի տակ ստորագրել  են մրցավարական հանձնաժողովի անդամները: Միջադեպին ներկա չէր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տոմաշ Այանը: Սակայն մրցումների երրորդ օրը մեր հայրենակիցը ժամանեց  Վալենսիա: Մենք մեր վրդովմունքն ենք հայտնել: Եվ դա արվել է այն նպատակով, որպեսզի այլևս չկրկնվի: Ի դեպ, Տոմաշ Այանը ևս խիստ զայրացել էր և հայտնեց, որ սպորտը տարբեր ժողովուրդներին մերձեցնելու համար է, այն չպետք է քաղաքականացվի: Միջադեպից հետո, զրուցելով Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալի հետ, որը վարժ տիրապետում է ռուսերենին, ամոթանք հայտնեցի իրենց  երկրի ներկայացուցիչների պահվածքի համար: Նա  խնդրեց ներել, սակայն պարզաբանեց, որ ադրբեջանցիներն իրենց եղբայրներն են, չէին կարող սատար չլինել նրանց:

– Իսկ այդ միջադեպի համար պատիժ լինելո՞ւ է, թե ոչ:

– Հարցը քննելու է ծանրամարտի միջազգային  ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի պատիժը: Չի բացառվում, որ Ադրբեջանի ծանրամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականներին երկու տարով զրկեն ամեն կարգի միջազգային ստուգատեսների մասնակցելու իրավունքից կամ էլ տուգանեն 500 հազար եվրո: Թուրքիայի հավաքականին էլ սպառնում է նկատողություն և 100 հազար եվրո տուգանք:

– Մեր երկրի հավաքականի կազմում կայի՞ն մարզիկներ, որոնց մրցելույթից դժգոհ եք:

– Մրցահարթակ էին դուրս եկել 8 մարզիկ և 1 մարզուհի: Միայն Արեն Ներսիսյանը (77 կգ) չի բարելավել իր անձնական ցուցանիշները: Այնպես որ` դժգոհելու առիթ չկա: Այդուհանդերձ, + 94 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը և Միշա Մուրադյանը ոչ թե պետք է բավարարվեին  արծաթե և բրոնզե մեդալներով, այլ չեմպիոն դառնային: Նրանք ոսկե մեդալը զիջեցին Վրաստանի ներկայացուցչին: Մնում է սպասել, որ  օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում Գոռը կապացուցի, որ մեծ ներուժ ունի: Այդ ստուգատեսում մեր երկրորդ մասնակիցը կլինի  56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, որ Վալենսիայում երեք ոսկե մեդալ նվաճեց:

– Ինչպիսի՞ն են երկաթախաղի մեր վարպետների հետագա ծրագրերը:

–  Բուղարիայի  մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է (hունիսի 11-20-ը) մինչև  20 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունը, որում կարողությունները կփորձի Հայաստանի երեք մարզիկ: Մրցահարթակ դուրս կգա նաև գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Ապա պատվիրակներ կգործուղենք  Թայ Պեյ, որտեղ հուլիսի սկզբին կայանալու են ծանրամարտի ուսանողական խաղերի ծրագրով մրցումներ: Սեպտեմբերին էլ տարվա գլխավոր ստուգատեսն է. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելու է  աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2012-ի օլիմպիական խաղերի համար:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply