Բույսերի բանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 17, 2010 9:00

Բուսական բարդ  ու բազմազան աշխարհի մասին նոր ու կարևոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Բուսաբանները մի հետաքրքիր թեզ են առաջ քաշում, ըստ որի, հնարավոր է` բույսերը նույնպես բանականություն ունեն: Այդ նպատակով փորձեր են արվել դեռ նախորդ հարյուրամյակներից և հայտնաբերել են բույսերի արձագանքների հետաքրքրաշարժ օրինակներ, որոնք լուրջ հիմք են տալիս խոսելու բուսական բանականության մասին: Գիտնականները նույնիսկ կարծում են, որ բույսերը հիշողություն և զգացմունքներ ունեն:

Սավաննայի կիզիչ արևի տակ, խոշոր եղջերավոր անասունները ակացիայով են սնվում: Այստեղ գիտնականները բախվել են մի շատ հետաքրքիր երևույթի. ակացիայով սնվող շատ եղջերավորներ մեկը մյուսի հետևից սատկում էին: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ակացիաները առեղծվածային կերպով զգում են իրենց պակասելը և պաշտանվելու համար արտադրում են հատուկ նյութ` տանին, որն էլ կենդանիների սատկելու պատճառն էր: Տանինի մակարդակը 4 անգամ ավելի էր այնտեղ, ուր բուսակեր կենդանիների առատություն կար  և որտեղ ակացիաների սպառումը բարձր էր: Սա վկայում է, որ ակացիաները ընտրողաբար են տանին արտադրում` իրենց քանակի  չափից դուրս պակասելը կանխելու համար:

Որոշ բույսեր հողի բերրիության ցածր մակարդակի պատճառով ձեռք են բերել  միջատներ որսալու հատուկ հմտություն. դա փոխհատուցում է հողի սննդարար նյութերի պակասի հետևանքով առաջացած քաղցը: Այդ «որսորդ» բույսերը նաև տարբերում են իրենց բազմացմանը նպաստող փոշոտող միջատներին և նրանց վնաս չեն հասցնում:

Ամերիկացիները մարդու մեջ հաշվել են 26000 գեն, իսկ հասարակ բրինձը 50000 գեն ունի, ինչը վկայում է բրնձի էվոլյուցիոն հնության և մեծ հարմարվողականության մասին: Այս հանգամանքը` «որքան զարգացած է օրգանիզմը, այնքան շատ են այդ օրգանիզմի գեները» դրույթը վերանայելու անհրաժեշտություն է առաջացնում: «Փորձեք ողջ ձմեռ բոբիկ ոտքերով կանգնել սառը ջրի մեջ, սնվել բացառապես արևի էներգիայով և ածխաթթու գազով և կհասկանաք բրնձի հարմարվողականության աստիճանը»,- կատակում են գիտնականները:

Բույսերի բանականության ուսումնասիրման գործում ակտիվ դեր ունի Գերմանիայի Բոնն քաղաքի համալսարանը, որտեղ ուսումնասիրվում են տարբեր բույսերի զարմանահրաշ հատկությունները: Բուսաբան Դիտտեր Ֆոլքմանի խոսքերով` համալսարանի և այլ բուսաբանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բույսերը զգում են իրենց շրջապատող աշխարհը: Փորձի համար նա փոքր փայտիկով մերսում է ոլոռի աճող ծիլը, և դրանից հետո այն շարունակում է աճել խթանված մասով: Սա պայմանավորված է ոլոռի բեղիկների ծայրերում գտնվող հատուկ ընկալիչներով, որոնք գրգիռների մասին ազդանշան են ուղարկում  «կենտրոն», որտեղից եկած պատասխանը ստիպում է ծիլին զարգանալ հենց այդ ուղղությամբ:

Այս առումով հետաքրքիր հատկություններ ունի խոլորձը (միմոզան): Նույնիսկ մատով թեթևակի հպումից հետո տեղի է ունենում բույսի տերևների կծկում: Դարասկզբին խոլորձի վրա տարբեր փորձեր էին կատարվում. դրանց միջով հոսանք էին բաց թողնում, քնեցնող քլորոֆորմ էին տալիս, մոմով վառում էին տերևները, և ամեն անգամ բույսի հակազդեցությունը տարբերվում էր նախորդներից:

Թաիլանդում աճող “ՊՌրՎՏՊՌցՎ” (պտտվող) անունով բույսը պարում է երաժշտության ազդեցության տակ` շարժելով տերևները և ցողունը: Բայց եթե բույսին ձեռքով հպվեք, նա չի շարժվի, այսինքն` բույսը զգայուն է միայն երաժշտական ալիքների նկատմամբ: Բույսերի երաժշտական «ճաշակը» փորձելու համար, նրանց անընդհատ լսեցրել են տարբեր ոճի երաժշտություն: Մի մասին` դասական  և ջազ, մյուսին` ծանր ռոք: Առաջին խմբի բույսերը լավ աճում էին, իսկ ծանր ռոք լսող բույսերը` թոշնում ու չորանում: Հետևաբար, երաժշտության միջոցով կարելի է բարձրացնել բույսերի նյութափոխանակությունը:

Ճապոնիայի Տոխուկո համալսարանում, որը ղեկավարում է Մինորու Ուեդան, կատարվել են նաև բույսերի քնի ու զգացողությունների ուսումնասիրման փորձեր, և ի հայտ են եկել մի շարք իրողություններ: Զարմանալի է որոշ բույսերի ռեժիմով քնելու հատկությունը: Մութն ընկնելուն պես` տերևները փակվում են, և բույսը քնում է, իսկ լույսը ծագելուն պես արթնանում է` բացելով տերևները: Ֆոլքմանը  փորձում էր խաբելով քնեցնել  խոլորձ բույսին` արհեստական մութ միջավայր ստեղծելով, և այն քնում էր: Պարզվեց որ, որոշ քիմիական նյութեր պատասխանատու են բույսի քնելու և արթնանալու գործում: Մինորու Ուեդայի կարծիքով, եթե բույսի քունը սիստեմատիկորեն խանգարվի, բույսը կսկսի թոշնել և դեղնել, այսինքն` քունը նույնպես էական նշանակություն ունի բույսի երկարակեցության համար:

Գիտնականների փորձերի  շնորհիվ, հաստատվեց նաև բույսերի հիշողության վարկածը: Երկու նույնատիպ բույս մի քանի օր շարունակ դրվեց հորիզոնական դիրքով, և որոշ ժամանակ անց դրանցից մեկը, հիշելով իր նախորդ աճի ուղղությունը, սկսեց թեքվել դեպի վեր: Իսկ երբ բույսերը  վերադարձրին սովորական ուղղահայաց դիրքին, նրանք, չմոռանալով իրենց վրա կատարված փորձը, թեքվեցին դեպի հորիզոնական ուղղությունը. ընդ որում, թեքության աստիճանները տարբեր էին, այսինքն` մի բույսը լավ հիշողություն ուներ, իսկ մյուսը` վատ:

Մեր օրերում գիտնականները փնտրում են շատերին անհավանական թվացող երևույթը`բույսի ուղեղը: Որոշ գիտնականներ հակված են այն կարծիքին, որ բույսի ուղեղը գտնվում է նրա արմատներում և կատարում է յուրատեսակ վերահսկիչ գործառույթներ, իսկ որոշ գիտնականներ էլ ժխտում են դա: Ֆոլքմանը նաև կարծում է, որ բույսերը կենդանիների հետ շատ ընդհանրություններ ունեն, իսկ այս և նման այլ փորձերը խարխլում են մարդու բանականության եզակիության մասին դրույթը: Բուսական աշխարհը դեռ շատ զարմանահրաշ գաղտնիքներ ունի, որոնք սպասում են նորանոր բացահայտումների:

Հակոբ Վարդանյան

Դիտվել է 2627 անգամ:
Print Friendly

Leave a Reply