Վտանգված է Հայաստանում գործող շների միակ կացարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 18, 2010 20:40

Արդեն 7 տարի է` 200-ից ավելի թափառող շներ ապաստան  և հոգատարություն են գտել Արինբերդի 17Ա հասցեում գտնվող 3600 քմ տարածքով շների կացարանում: Այն միակն է Հայաստանում:  Կացարանի յուրաքանչյուր շուն ունի իր վանդակը  և անունը` Ռեքս, Թալին, Պեպսի, Աբրահամ և այլն:

Կացարանը ստեղծվել է 2003-ին, կամավորների կողմից: Կացարանի նախաձեռնող-հիմնադիր Նունե Մեհրաբյանն ասում է, որ շատ է սիրում կենդանիներին և անընդունելի է համարում ավելի քան 30 տարի Հայաստանում կիրառվող թափառող շների դեմ պայքարի մեթոդը` շների սպանդը: «Գիշերվա կրակոցներից ու շների կաղկանձից բազմիցս սթրեսներ եմ տարել, անգամ հիվանդանոցում հայտնվել: Որևէ նորմալ մարդ չի կարող շների անխնա սպանդն ընդունել»,- ասում է Նունեն:  Մասնագիտությամբ դաշնակահարուհի Նունեն որոշում է նախաձեռնություն ցուցաբերել և Հայաստան ներմուծել թափառող շների դեմ պայքարի արևմտյան տարբերակը` շների ստերիլիզացիան:

Նունեն ասում է, որ ստերիլիզացման դեպքում որոշ ժամանակ անց մնում են միայն այդպիսի շները, որոնք էլ իրենց «մահով են մահանում»: Շներին կրակելով հնարավոր չէ կրճատել թափառող շների թվաքանակը. այս պարագայում գործում է շների ինքնապահպանման բնազդը, և վերարտադրողականությունն աճում է: «Շների սպանդը բացարձակ սխալ մոտեցում է: Ավելի լավ է որևէ քայլ չձեռնարկեն, և ունենանք թափառող շների որոշակի թվաքանակ,  քան զուր տեղը շներին կրակեն»,- ասում է նա:

Նունեն  դիմում է քաղաքապետարան, որտեղ նրան պատասխանում են, որ ստերիլիզացման համար ֆինանսական միջոցներ չկան, սակայն եթե համապատասխան պայմաններ լինեն, կդիմեն պայքարի այդ մեթոդին: Նունեն էլ նախաձեռնում է թափառող շների ժամանակավոր կացարանի հիմնումը, որտեղ, ըստ նախնական գաղափարի,  թափառող շներին պետք է վիրահատեին և որոշ ժամանակ անց բաց թողնեին նույն բակում, որտեղից բռնել էին:

Ըստ Նունեի` երբ բակի շներին սպանում են, որոշ ժամանակ անց նորերն են հայտնվում այդ տեղում: Էգ շների հետևից ոհմակներով այլ շներ են գալիս: Բացի այդ, ձագեր ունեցող շունը ագրեսիվ է դառնում` մարդկանց մեջ վտանգ տեսնելով նրանց համար: ,Իսկ եթե բակում կա պատվաստված և ստերիլիզացված շուն, դրա հետևից նոր շներ չեն գալիս և քանակը չի փոփոխվումե,- ասում է նա:

Միջազգային ստանդարտներին համապատասխան 2 վիրահատարան ստեղծելուց և որոշակի քանակությամբ շներ ստերիլիզացնելուց ու բաց թողնելուց հետո պարզվում է, որ այս շները նույնպես դառնում են սպանդի զոհ: Նման հեռանկարից խուսափելու համար ստերիլիզացված շներին այլևս բաց չեն թողնում, այլ պահում են  կացարանում: Այսպես շների ժամանակավոր կացարանը դառնում է նրանց մշտական օթևանը, իսկ շների թիվն էլ հետզհետե աճում է ու այժմ գերազանցում է 200-ը:

Կացարանի շները ստերիլիզացված են, բացառությամբ էգ շների որոշակի թվաքանակի, որոնք կացարանում բազմանալու հնարավորություն չունեն:

«Հիմա այլևս պայմաններ չկան, որ նոր շների էլ կացարանում ապաստան տանք:  Ավելի շատ  շուն այս չափի տարածքում այլևս չի կարելի պահել, դա ճիշտ վերաբերմունք չէ կենդանիների  նկատմամբ»,- ասում է Նունեն:

Կացարանի բոլոր բնակիչները  սպանդից փրկված շներ են: Ըստ Նունեի` սրտացավ մարդիկ, ովքեր  տեղյակ են կացարանի գոյությանը, բակի շների մասին իրենց են ահազանգում: Սակայն երբեմն նաև շների տերերն են նրանցից հրաժարվում` հանձնելով կացարան: Նման շուն է Ռեքսը. տերերը նրան մի քանի ամսով են թողել կացարանում, բայց նա արդեն 2 տարի է այստեղ է բնակվում: Նունեն ասում է, որ Ռեքսի նախկին տերերը նրանկռվացրել են այլ շների հետ, և Ռեքսը մինչև հիմա էլ մյուս շներին հանգիստ չի կարողանում վերաբերվել:

Կան ավելի դաժան իրավիճակից փրկվածներ: Օրինակ` շներից մեկին պատահական մի կին գտել է աղբանոցում` պոլիէթիլենային տոպրակի մեջ, կպչուն ժապավենով փաթաթած: Խեղդվելուց փրկված և կացարան հանձնված փոքրիկ շնիկը համալրել է այստեղի բնակիչների շարքը:

Հանրապետությունում գործող միակ կացարանը, սակայն, ամեն պահի կարող է ֆինանսական սուղ միջոցների պատճառով դադարեցնել գործունեությունը: «Ֆինանսական միջոցները մեզ մոտ միշտ էլ սուղ են եղել և միշտ մտավախություն կա, որ տվյալ օրը կարող է լինել վերջինը»:,- ասում է Նունեն` ավելացնելով, որ շներին ամեն օր պետք է ապահովել 15-17 կգ բրնձով, 70-75 կգ մսով, պետք է  ապահովել բժշկական և խնամքի պարագաներով, հոգալ կոմունալ ծախսերը և նաև վճարել կացարանի աշխատակիցներին (շներին խնամում են շատ փոքր անձնակազմով` ընդամենը 5 հոգով):

Նունեի խոսքով`  երբեմն-երբեմն կենդանասեր մարդիկ կացարան են գալիս, սնունդ բերում շներին կամ գալիս են ուղղակի շներին սիրելու, խնամելու համար:

Սակայն, եթե ողջ աշխարհում ընդունված է, որ շուն պահելու համար մարդիկ շների ժամանակավոր կացարաններից են ընտրում նրանց, ապա Հայաստանում այդ տարբերակը չի գործում, նման բան շատ հազվադեպ է պատահում:  «Այստեղ համարում են, որ թափառող շունը տան համար պիտանի չէ, մինչդեռ, սրանք ավելի բարձր դիմադրողականություն ունեն, ավելի նվիրված են ու գնահատում են իրենց տրված խնամքն ու սերը: Այս կենդանիներին պահելն ավելի հեշտ է, քան հատուկ ցեղատեսակների շներին»,- ասում է Նունեն և  վստահեցնում, որ կացարանի դռները միշտ բաց են կենդանասեր մարդկանց համար:

Շուն ձեռք բերելու կամ կացարանին օգնելու համար  կարող եք զանգահարել  091 41 24 59 հեռախոսահամարով կամ այցելել Արինբերդի 17 Ա հասցեում գտնվող շների կացարան:

Դիտվել է 3039 անգամ:
Print Friendly

Leave a Reply