Հելեն Քելլեր
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | հունիսի 17, 2010 10:00
Ի՞նչ է զգում մարդը, երբ հանկարծ կուրանում է ու հայտնվում կատարյալ մթության մեջ: Խուճապ, ահուսարսափ: Այսուայնկողմ է նետվում` չիմանալով ինչ անել, ապա աստիճանաբար սկսում է հանդարտվել ու… լսել: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե նա զրկվի նաև լսողությունից: Աներևակայելի է, ողբերգական… Սկզբում: Քմահաճ, անհամբեր, ինքնակամ աղջնակ: Ծնողները նույնիսկ չեն փորձում առարկել նրան, աշխատում են գուշակել նրա յուրաքանչյուր ցանկությունը` երբեմն հազիվ զսպելով անհամբերությունը, և միայն ավագ խորթ եղբայրն է առաջարկում տունն ազատել այդ «սարսափից»: Բայց կյանքն այլ բան հրամցրեց: Մի քանի տարի անց այդ էակը, որը կարծես ոչնչի ունակ չէր, կդառնա ուսյալ ու կիրթ մի անձնավորություն, ում մասին Մարկ Տվենը կասի.«XIX դարն ուներ երկու իսկապես մեծ անհատականություն` Նապոլեոնն ու Հելեն Քելլերը»:
Մանկությունը
Հելեն Քելլերը ծնվել է 1880թ. հունիսի 27-ին, Այվի Գրին կալվածքում, Արթուր և Քեյթ Ադամս Քելլերների ընտանիքում: Կյանքի առաջին մեկուկես տարին նա ապրել է սովորական առողջ երեխաների նման: Բայց 19 ամսականում աղջնակը հիվանդացավ մի հիվանդությամբ, որը բժիշկները ախտորոշեցին իբրև «ստամոքսի ու գլխուղեղի անոթների խցանում»: Ըստ երևույթին, խոսքը քութեշի կամ էլ ուղեղաբորբի (մենինգիտ) մասին էր: Հիվանդությունը, ճիշտ է, կարճատև էր, սակայն Հելենին զրկեց տեսողությունից ու լսողությունից: Իր հիվանդության մասին հետագայում նա կգրի.«Եկավ նա, փակեց ականջներս, աչքերս, և ես կարծես խորասուզվեցի նորածին մանկան անգիտակից թմբիրի մեջ»: Սկզբում նա չհասկացավ, թե ինչ կատարվեց. աստիճանաբար սովորեց խավարին, ու կարծես մոռացավ, թե ինչ կար դրանից առաջ:
Խելացի աղջնակը 7 տարեկանում արդեն, ընտանիքի անդամների հետ շփվելու համար հորինել էր ավելի քան 60 նշան:
1886-ին Հելենի մայրը, ոգևորված համր ու կույր Լորի Բրիջմանի օրինակով (Չարլզ Դիկենսն իր «Ամերիկյան գրառումներում» նկարագրել է այդ դեպքը), ուղևորվեց Բալթիմոր` կույր ու համրերի խնդիրներով մասնագիտացած բժշկի մոտ: Նա Հելենի մորը ծանոթացրեց ճանաչված գիտնական Ալեքսանդր Բելլի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր խուլ երեխաների հետ: Բելլը խորհուրդ տվեց Մասաչուսեթսի նահանգում գտնվող Պերկինսի դպրոց դիմել, որտեղ նախկինում սովորել էր Բրիջմանը: Դպրոցը Հելենին ուսուցիչ տրամադրեց` քսանամյա Էնն Սալիվանին, որը նույնպես տեսողության խնդիրներ ուներ: Այս ծանոթությունը 49-ամյա բարեկամության հիմքը դրեց: «Խեղճ երեխա, նրա ըմբոստ հոգին խավարի մեջ սնունդ է փնտրում, նրա անվարժ ձեռքերն ավերում են այն ամենը, ինչին դիպչում են, որովհետև նա պարզապես չգիտի, թե ինչ է պետք անել հանդիպած իրերի հետ,- նրա մասին կասի Էնն Սալիվանը, որ եկել էր Հելենին համատարած խավարից ազատագրելու:
Սալիվանն առաջին հերթին պահանջեց աղջնակին տան մյուս անդամներից մեկուսացնել այգու փոքր տնակում: Նրա առաջին խնդիրն աշխույժ աղջնակա մեջ կարգուկանոն սերմանելն էր:
Առաջին հաջողությունը եղավ այն պահին, երբ Հելենը հասկացավ, որ Էննի ձեռքի հպումը, որն ուղեկցվում էր իր ձեռքերին ջուր լցնելով, նշանակում է`«ջուր»: Դրանից հետո նա Սալիվանի հոգին պարզապես հանում էր` իրեն շրջապատող իրերի նորանոր նշաններ պահանջելով: Հիվանդությունը չխանգարեց աղջկան բնության գեղեցկությունն ու դրա ողջ բարդությունը ճանաչելու ցանկությանն ու կյանքն իմաստավորելուն: Նրա ուսուցիչներն էին բնությունը, գրքերն ու սեփական սիրտը, որն անդադար պատասխաններ էր պահանջում իր խավար աշխարհում ծառացած հարցերին:
«Իմ դաստիարակության մեջ մասնակցություն է ունեցել այն ամենը, ինչը խշշում էր , քչքչում, դայլայլում, մարգագետնային ծաղիկները, ծաղկած ծառերը: Աղջնակը շոշափում էր, խաղում ու մտորում:«Իմ կյանքի պատմությունը գրքում տեղ գտած նկարագրություններն ապշեցնում են, ու ակամա հարց է առաջանում`ո՞վ է կույրը:
1890 թ., երբ Հելենը 10 տարեկան էր, նրան պատմեցին նորվեգացի մի աղջկա` Ռագնիլդա Կաատի մասին, որը կարողացել էր խոսել սովորել: Նրա օրինակով ոգեշնչված աղջիկը, Սալիվանի հսկողությամբ, սովորեց ըստ Թադոմի մեթոդի իմաստավորված մտածել ու խոսել. ձեռքով հպվում էր խոսակցի շուրթերին` զգալով դրանց տատանումը (վիբրացիան), իսկ այդ նույն պահին Սալիվանը նրա ափի մեջ համապատասխան տառերն էր ուրվագծում: Հելենը Բրայլի մեթոդով սովորեց կարդալ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն ու լատիներեն:
1888 թ. Հելենը սկսեց հաճախել Պերկինսի կույրերի համար նախատեսված դպրոցի պարապմունքներին: 1894-ին Հելենն ու Էննը տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ էլ հաճախում էին Ռայթ-Հյումասոնի խուլերի դպրոցը:
1898 թ. նրանք վերադարձան Մասաչուսեթս, որտեղ Հելենն ընդունվեց քեմբրիջյան իգական դպրոցը: Շուտով նա Ռեդքլիֆի քոլեջ ընդունվելու թույլտվություն ստացավ:
Այստեղ նա մի նոր ուժ է ստանում` ծանոթանալով հին մտածողների աշխատություններին.«Երբ կարդացի Դեկարտի «Ես մտածում եմ, հետևաբար ես կամ» մաքսիմը, իմ մեջ կարծես արթնացավ նախկինում նիրհած մի զգացում: Ես վեր բարձրացա իմ սահմանափակ կարողություններից. իսկույն չգնահատեցի փիլիսոփայության` իբրև իմ կյանքն ուղղորդող աստղի դերը, սակայն այժմ բերկրանք եմ զգում` հիշելով, թե քանի անգամ է այն սթափեցրել ինձ անելանելի իրավիճակներում, ինչքան հաճախ է հնարավորություն տվել զգալու կյանքի այլ հաճույքներ, որոնք անհասանելի են իմ երկու փակ զգայարանների համար»:
Իսկ մինչ այդ` 4 տարի առաջ` 1896-ին, Մարկ Տվենն ու Հենրի Ռոջերսը (բիզնեսմեն ուբարգործ) 16-ամյա Հելենին տեսել էին գրող-խմբագիր Լոուրես Հուտտենի տանը: 1900 թ. Մարկ Տվենն ընդունակ ու շնորհալի Հելենի համար նամակով դիմեց ընկերոջ կնոջը` Էմիլի Ռոջերսին: Հելենին ներկայացնելով որպես «զարմանահրաշ երեխա»` նա հույս հայտնեց, որ աղքատության պատճառով աղջիկը ստիպված չի լինի ուսումը թողնել: Նա խնդրեց Էմիլիին հիշեցնել ամուսնուն այն առաջին տպավորության մասին, որ ունեցել էին Հելենին հանդիպելիս և նրան օգնելու նպատակով զրուցել «Ստանդարտ օյլ»-ի (որի փոխնախագահն էր Հենրին) մյուս սեփականատերերի հետ:
Ռոջերսը շռայլ գտնվեց. նա իր կնոջ հետ իրականացրեց Ռեդքլիֆում Հելենի բարձրագույն կրթության հնարավորությունը: Նրանք նույնիսկ տարիներ անց էլ ամենամսյա թոշակով աջակցում էին Հելենին: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց «Աշխարհը, որում ապրում եմ» գրքի ձոնով.«Հենրի Ռոջերսին, իմ բազմամյա թանկագին բարեկամին»: Իսկ Ռոջերսների անձնական օրինակի ներդիրում նա գրել էր.«Միսիս Ռոջերս, այն աշխարհը, որտեղ ես ապրում եմ, ամենալավը բարեկամների` Ձեր և միստր Ռոջերսի բարությունն է»:
1904 թ.` 24 տարեկանում Հելենը գերազանց ավարտեց Ռեդքլիֆը` դառնալով բարձրագույն կրթություն ստացած առաջին կույր ու խուլ մարդը: Հետագայում նա սովորեց հնչյուններ արտաբերել, իսկ ավելի ուշ դասախոսություններ էր կարդում մեծ լսարանների առջև. ելույթ էր ունենում կույրերի խնդիրներին նվիրված կոնգրեսներում: Սպիտակ տանը նա զրուցել է պրեզիդենտ Կուլիջի հետ` Կույրերի ու խուլերի օգնության ֆոնդին պետական աջակցություն կազմակերպելու շուրջ:
Ինչպես ճապոնական մեծ շունը դարձավ ամերիկյան ակիտա
1937-ի հուլիսին Հելեն Քելլերն այցելեց Ակիտա վարչական տարածք, որպեսզի իմանա հայտնի ակիտա-ինու ճապոնական ցեղատեսակի շան` երկու տարի առաջ սատկած Խատիկոյի մասին: Հելենը ցանկություն հայտնեց նույն ցեղատեսակի շուն ունենալու մասին: Մեկ ամսից նրան նվիրեցին Կամիկաձե-գոյին, որը շուտով սատկեց ժանտախտից: Դրանից հետո` 1939-ի հունիսին, ճապոնական կառավարությունը Հելենին նվիրեց Կամիկաձեի ավագ եղբորը` Կինձան-գոյին:
Համարվում է, որ հենց Քելլերն է ակիտա-ինու ցեղատեսակը «ներմուծել» Ամերիկա, իսկ 1938-ին հաստատվեց այս ցեղատեսակի ստանդարտը և մի քանի ցուցահանդես կազմակերպվեց, որոնք ընդհատվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմով:
«Ակիտայի օրագրում» Քելլերը գրում է.«Եթե երբևիցե գոյություն է ունեցել բրդոտ հրեշտակ, ապա դա Կամիկաձեն է: Ես գիտեմ, որ այլևս երբեք այսպիսի քնքշանք չեմ տածի որևիցե ուրիշ կենդանու հանդեպ: Միայն ակիտան ուներ այն որակները, որոնք գրավում են ինձ. հեզությունը, շփվելու ունակությունն ու քնքշությունը»:
Այդ ցեղատեսակն այժմ հայտնի է նաև որպես «ամերիկյան ակիտա»:
Չնայած այն հանգամանքին, որ Քելլերն ինքնուրույն չէր կարողանում գրել, նա 7 գրքի հեղինակ է, որոնցից մեկը` «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրական է: «Իմ կյանքը բարեկամության ժամանակագրություն է: Իմ բարեկամներն ամեն օր նորից են կերտում իմ աշխարհը: Առանց նրանց հոգատարության, իմ արիությունը բավարար չէր սիրտս ու հոգիս հետագա կյանքին նախապատրաստելու ու ամրապնդելու համար: Սակայն, ինչպես և Սթիվենսոնը, կարծում եմ, որ ավելի լավ է գործել, քան երևակայել դրա մասին»:
1964-ի սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը Հելեն Քելլերին պարգևատրեց պետական քաղաքացիական բարձրագույն երկու պարգևներից մեկով` Ազատության մեդալով:
Հելեն Քելլերը մահացել է 1968 թ. հունիսի 1-ին, քնի մեջ, իր 88-ամյակից 26 օր առաջ: Հոգեհանգիստը կայացավ Վաշինգտոնի Ազգային տաճարում: Աճյունասափորը տեղադրվել է նույն տաճարի պատի մեջ, որտեղ հանգչում է նաև նրա ուսուցչի` Էնն Սալիվանի աճյունը:







Facebook
Tweet This