Մի ճակատագիր. հոգեկան ամուսնուց` ցմահ բանտարկյալ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 16, 2010 13:57

-Մարդուս տարել էին գարաժ, էդ աղջիկը նստել էր աթոռին,  փեշերը քշտել վերև, իսկ տղեն էրկաթից ձողը պահել էր մարդուս գլխին. «Կա՛մ ընկերուհուս մինետ կանես,կա՛մ գլուխդ կջարդեմ»: Մարդս էլ արել էր: Ինքն ա պատմել: Էդ վերջին կաթիլն էր: Բաժանվեցի:

Հասմիկի   առաջին ամուսինը հոգեկան հիվանդ էր: Դեղերով էր ապրում: Շեղումը միանգամից աչք չէր զարնում, ուստի կարողացել էր աշխատանք գտնել քաղաքի ռեստորաններից մեկում. երաժիշտ էր: Ու այդ երեկո ռեստորան  եկած կարմիր  զգեստով աղջիկը նրան շատ է դուր եկել: Ակնակապիճներից դուրս թռած աչքերով անընդհատ նայել է աղջկան: Ու երբ աղջկա ընկերն ասել է`«կուզե՞ս ընկերուհուս շինես», մեծ ուրախությամբ համաձայնվել է…

Այս պատմությունը Հասմիկը  հիշեց, երբ «Անկախի» թղթակցին պատմում էր, թե ինչպես հոգեկան ամուսնուց բաժանվելուց հետո ամուսնացավ ցմահ բանտարկյալի հետ:

«Ես միշտ կաշկանդված եմ եղել, հասարակ ընտանիքում եմ մեծացել. հերս էլեկտրիկ էր, մերս` տան կնիկ: Ուրիշի ծնողներն իրանց էրեխեքի մի արած ստից բանից ուրախանում էին,  աշխարհով մեկ էին լինում, իսկ երբ ես ուզում էի արածս բանով հպարտանալ, ինձ բշտում էին` ուրիշներից լավը չես»,- սկսեց Հասմիկը:- Միշտ մորս ձեռքի տակ՝ ոչ մի ինքնուրույն քայլ, դուրս էլ շատ չէին թողնում: Հետո մերոնք ինձ միշտ ձեռ էին առնում: Ես շարժուն էրեխա էի, որ մի կտրուկ շարժում անեի, տնազս կանեին ու թե` անշնորհք շարժումներ մի արա: 8-րդ դասարանում, երբ արդեն աղջիկն ուզում ա իրան սիրունացնի, հենց տատս ինձ հայելու առաջ տեսնում էր, ասում էր. «Ախչի՛, ի՞նչ ես քամակդ կոկում-սոկում, սիրտդ մարդ ա՞ ուզում»: Իմ կարծիքը երբեք հաշվի չեն առել, թե ես ինչ եմ ուզում: Օժիտիս համար կարի մեքենա ու սերվիզներ էին առնում, բայց ես մորս շորերն էի հագնում: Հեչ չեմ մոռանա, որ ուսանող  ժամանակ չստիկներով եմ գնացել դասի…»:

Հասմիկի ամուսինը նրա եղբոր ընկերն էր: Մինչև բանակ գնալը գյուղում ամենաբարձր «վարկանիշ» ունեցող փեսացուներից էր, սիրուն աչք-ունքով, բարձրահասակ, հումորով երիտասարդ էր, նաև ֆինանսապես ապահովված: Ու Հասմիկը  նույնիսկ երազել չէր կարող, որ նա իրեն բաժին կհասնի:

Չիտայում` սովետական բանակում ծառայելիս տղայի հայրը գնում է նրան տեսակցելու ու աչք է գցում հրամանատարի կնոջ վրա: Ու դրանից հետո սկսվում են տղայի անախորժությունները: «Գիշերով, առանց զենքի, կանգնացնում էին սահմանի բերանին` հսկելու, կողքերդ սոված գելեր, վախեցա` հետ եկա, բռնեցին մտցրին գուբախտ,- հետո պատմելու էր Հասմիկին,- գլուխս մտցնում էին ունիտազի  մեջ ու ջուր բաց թողնում»:

Հասմիկն ասում է, որ երբ բանակից հետո տեսավ նրան, ճակատի վրա խորը վերքեր կային: Հետո ամուսինը պատմել է, որ ճակատին ծխախոտ են հանգցրել: «Էս պատմության մեջ ամենաշատը ինձ ցավացրեց էն, որ շատ-շատերը ժամանակին նրա համար գլուխ էին կոտրում, իսկ հիմա երես էին թեքել ու ձեռ էին առնում»,- պատմում է Հասմիկը: Այդ ժամանակ 17 տարեկան էր, արդեն բժշկական ինստիտուտի ուսանող ու մտածեց, որ կբուժի նրան: «Ու ես տոն տվեցի, որ նա ինձ առաջարկություն անի: Ես եմ ուզել նրան»:

Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ տղան ծնվեց, ու սկսվեցին ցուրտ ու մութ տարիները: Ամեն օր գյուղից Երևան ճանապարհածախս էր պետք, ամուսինը չէր աշխատում, սկեսրայրն էլ տանը որդու հետ ամեն օր կռիվ էր սարքում. «Քեզ պահե՞մ, թե՞ քո կնկան ու էրեխուն»:

Հասմիկը  տարկետում է վերցնում: «Ու խրվեցի. գյուղի տուն, հողամաս, լիքը գործ: Տնեցիք էլ ասում էին, թե` էլ մի սովորի: Ես հասկացա, որ ուզում են` դառնամ էդ տան քոծը, բայց ես փոքրուց որոշել էի սովորել, որ առաջ գնամ, ինձ հարգել տամ»: Ի լրումն` Հասմիկի  ամուսինը ժամանակ առ ժամանակ վատանում էր: Նա ասում է, որ հիվանդությունը սրվելու ժամանակ ամուսինը սարսափելի նիհարում էր, աչքերը չռվում էին, անպատեհ ու երկար ծիծաղում էր: «Բայց ես չէի էլ մտածում բաժանվելու մասին,- հոգոց է հանում Հասմիկը,- նույնիսկ  էն ժամանակ, երբ նրան բռնացրին իր մորքուրի տղու կնկա հետ: Մարդս իմ հետ կիսվում էր, ու իմ մեղքը գալիս էր: «Ինքը տոն տվեց ու առաջինն էլ ինքը քայլ արեց»,- ասել էր ամուսինը:

Բայց գարաժի պատմությունը Հասմիկը չկարողացավ ներել. «Ականջներիս չհավատացի. գոռացի` անասու՛ն, ե՛զ, դե արի ինձ էլ արա»: Մատանին շպրտել էր երեսին ու երեխայի հետ գնացել հոր տուն:

«Դու գիտես հորս տանն էլ յուղ ու մեղր էի՞ն բաժանում,- հարցիս, թե գոնե այնտեղ կհանգստանար, պատասխանեց Հասմիկը,- դասից հետո հողն էի մշակում, էրեխես լաց էր լինում, գիշերները նոր դաս էի սովորում,  գումարած մերոնց վերջ չունեցող մուննաթ-զուննաթը»:

Այս վիճակը շարունակվեց մի քանի տարի: Բեկումնային պահը հասունացավ այն ժամանակ, երբ նորավարտ Հասմիկին, որ մի կերպ գործ էր ճարել օպտիկայի խանութում, զանգեցին ու պատվիրեցին, որ ինչ-որ մեկի աչքը զննի: «Լավ հագնված մի մարդ ու կնիկ էկան իմ հետևից, – հիշում է Հասմիկը,- ավտոյով երկար գնացինք, դարպասներից ներս մտանք: Ես էդտեղ հասկացա, որ բերդ ենք գնում: Հետո սկսեցին դռներ բացել. մեկը փակում էին, հետո նոր մյուսը բացում: Շատ  ուշ իմացա, որ նա հասարակ բանտարկյալ չէր, այլ «հարգված» դասից: Ու տեսա նրան: Աչքի ցանցաթաղանթը սնուցման կարիք ուներ: Նայեցինք իրար, ու սիրտս մի տեսակ կծկվեց: Հասկացա, որ գտել եմ մյուս կեսիս»:

Հասմիկի պատմելով՝ Արմենը սպիտակամաշկ, հմայիչ արտաքինով ու անմեղ հայացքով  տղա էր, ցմահ բանտարկյալ: Երեք ընկերներով, բանակում ծառայելիս, զենքերով փախել են: Երբ փախուստն իմացվել է, ու ոստիկանությունը նրանց որոնել է, նրանք, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ութ մարդ են սպանել,  այդ թվում` երկու ոստիկան, մեկ երեխա, մնացածն էլ` պատահական անցորդներ: Երեքին էլ դատապարտել են ցմահ բանտարկության:

Նրանք ծանոթացան  2003 թ., երբ Արմենն արդեն 9 տարի պատիժը կրող դատապարտյալ էր: «Ես մոտ 3 տարի գնում-գալիս էի բերդ,- պատմում է Հասմիկը,- հազար ու մի   մահանա  կարող էինք դրա համար ունենալ, օրինակ` աչքը բուժման կարիք ունի, համ էլ ծանոթ էի ճարել: Ինձ գրավել էր: Ինքն ուներ էդ հատկությունը, որ մարդկանց կարողանում էր իրանով անել»:

Հասմիկն ասում է, որ չէր էլ մտածում այն մասին, որ Արմենը ցմահ բանտարկյալ է: «Ինձ համար ապագա հասկացություն գոյություն չուներ,- ասում է նա,- ապրում էի նրան տեսնելու, նրա ներկայությունը զգալու համար: Ես գիտեի, որ որպես կին գնահատված ու սիրված եմ, նա զգացնել էր տալիս: Ու ես մտածեցի, որ է՛ս ա իմ բաժինը էս կյանքից»:

2006 թ. նրանք որոշում են ամուսնանալ: Պսակադրության արարողությունը կատարվում է բանտում՝ քաղաքացիական ակտերի գրանցման բաժնի(ԶԱԳՍ) աշխատակցի մասնակցությամբ: Նրանք ինքնամոռաց տրվում են իրար. ցմահ բանտարկյալներին օրենքը թույլ է տալիս տարվա մեջ 3 օր անցկացնել հարազատի հետ. Արմենը դա վերցնում էր Հասմիկի ծննդյան օրը: Իսկ մնացած հանդիպումները` օրը 150 դոլարով, կազմակերպում էր Հասմիկի  սկեսուրը: «Մնացած ժամանակ հեռախոսով խոսում էինք,- պատմում է Հասմիկը,- երևի օրվա մեջ մի 3 ժամ: Մենք միշտ էլ իրար հետ խոսելու բան ունեինք: Բայց նա երբեք ինձ չպատմեց, թե  ինչո՞ւ ա բանակից փախել ու թե ինչո՞ւ են սպանել: Էդ թեման տաբու էր»:

Հասմիկը,  որն այդ ժամանակ արդեն քաղաքում վարձով էր ապրում ու հիվանդանոցում ակնաբույժ էր, հղիանում է: Նա ասում է, որ դա ամուսնու ու սկեսրոջ ցանկությունն էր: Նրա համար սկեսուրը, որ  ապրում էր  Մոսկվայում,  բնակարան է գնում Երևանում: Երեխայի ծնվելուց հետո Հասմիկի հոգսերն ավելի էին շատացել: Չնայած դայակ ուներ, չէր հասցնում: Եվ այլևս չէր կարողանում օրվա մեջ այդքան ժամանակ տրամադրել իր Արմենին: «Դառել էի գիժ, ինձ ընդհանրապես չէի հետևում: Գործից գալիս էի տուն՝ հոգնած,  հեռախոսը զանգում էր` չէի լսում, կամ զարյադկեն նստած էր: Էրեխեն մի կողմից էր լաց ըլնում: Տղես` մյուս կողմից պահանջներ էր դնում: Դայակը, ասենք, էրեխուն հետևեց, բա մնացա՞ծը: Մարդս սկսեց բողոքել, թե ինձ ուշադրություն չես դարձնում: Բայց արար աշխարհը գիտեր, որ մտքերիս մեջ իրանից էն կողմ բան չկա:  Խանութ մտնելուց, թե ուրիշները իրանց էին շոր առնում, ես մենակ տղամարդու շորեր էի նայում»:

Հասմիկը՝ անխնամ դեմքով ու բացակայող հայացքով, շտապելուց տեղում անհանգիստ շարժումներ էր անում: Այդ պահին հիշեց մեկուկես տարեկան աղջկա փսխելուց հետո կեղտոտ մնացած մետլախը, սանհանգույցում կուտակված լվացքի դեզը, տղայի մի շոր վերցնելուց հետո ննջասենյակի տակնուվրա իրավիճակը, նրա դասերից բացակայություններն ու իրեն բանի տեղ չդնելը, Արմենի պատճառով մյուս հարմար թեկնածուին մերժելը: Նայեց հայելու մեջ ու տեսավ անքնությունից ուռած աչքեր: Բացեց պայուսակն ու տեսավ հանգստացնող դեղերի կույտ, որ ամեն օր խմում էր: Հիշեց, թե ոնց սեփական որդին, որ արդեն 17 տարեկան էր, երեսով էր տվել, թե  չափից դուրս շատ ժամանակ է հատկացնում ամուսնուն, էդ պահին հիշել էր նրան պահած ժամանակ մոմի ճրագի վրա տաքացրած կաթը, սկեսրայրի աչքերից թաքուն պահած մի կտոր ավելի ուտելիքը, նյարդերը տեղի էին տվել ու պոռթկացել էր. «Դու ինձ պտի չասես, թե ես ինչը ոնց անեմ…..»:

Պարզվեց, որ Արմենը որոշել էր բաժանվել կնոջից: Պատճառը երեխայի կնունքի խաչի կորուստն էր: Մի ամիս առաջ սկեսուրը եկել էր Մոսկվայից, մեծ կնունք էին արել, ու սկեսուրը թանկարժեք խաչ էր գնել, որ 10 օր հետո կորել էր: «Հարցը խաչը չէր, ոչ էլ դրա թանկ լինելը,- ասում է Հասմիկը,- մարդս ասեց` դու անուշադիր ես իմ էրեխու ու իմ նկատմամբ: Քեզնից հոգնել եմ, սաղ օրը նվնվում  ես ու ոնց տենում եմ ՝ ես քո համար չկամ, զանգում եմ՝ չես վերցնում կամ անհասանելի ես: Ուզում եմ քեզնից հանգստանամ»:

Հասմիկը չի հասկանում, թե ինչու ամուսինը որոշեց ամուսնալուծվել: «Ասեց` կարող ա հետո հանգամանքները փոխվեն, բայց հմի ըտենց ա պետք: Հոգնել էր` կարող էինք իրար ընդհանրապես չտեսնել: Ես հարևան ունեմ, որ 20 տարի ա մարդու հետ չի ապրում, բայց զագսով բաժանված չեն: Ես դա իրան չեմ ների: Ո՞վ իմանա` ինչ կա մեջը. կիսուրս իրան ընդեղ ամեն ինչով ապահովել ա, օրուգիշեր ինտերնետների ու ադնակլասնիկների մեջ ա»:

Հասմիկի  սկեսուրը, որ հարսին շատ է սիրում, երկու կրակի արանքն էր ընկել: «Ընենց փաստաբան ա վարձել, որ էրկուսիս շահերն էլ պաշտպանի. էրեխա կա, զագսով չենք կարող բաժանվել, դատ պիտի լինի»,- ասում է Հասմիկը:

Հասմիկը միշտ շտապում էր, ու ես նրա պատմությանը ծանոթանում էի աստիճանաբար: Երբ հաջորդ անգամ  տեսա նրան, հաճելիորեն զարմացա. փոխվել էր, սիրունացել, խնամված ու շպարված էր: Բայց շպարը չէր ծածկել ներքին ապատիան, որ պարզ զգացվում էր: «Որոշել եմ կանգ առնեմ ու հասկանամ, թե ինչ ա կատարվում,- ասաց նա,- քուրս ասում ա` ուրիշներին էրեխեն միացնում ա, ձեզ` բաժանեց: Մի քիչ էլ իմ մասին կմտածեմ, մինչև տեսնեմ, թե ճակատագիրն ինչ դուռ ա բացելու: Աստված որ մի դուռ փակում ա, մյուսը բացում ա…»:

(պատմությունն իրական է,

անունները փոխված են)

Դիտվել է 4028 անգամ:
Print Friendly

Leave a Reply