«Լույսն» ընդունում է կրթաթոշակ տրամադրելու հայտեր աշխարհի 25 լավագույն բուհերի ուսանողներից

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 10, 2010 10:00

Մինչև հունիսի 15-ը աշխարհի առաջատար բուհեր ընդունված 18-40 տարեկան հայ ուսանողները կարող են դիմել «Լույս» հիմնադրամին` կրթաթոշակ  ստանալու համար: Այս տարվա դիմումների ընդունելությունը սկսվել է ապրիլի 1-ից և կշարունակվի մինչև հունիսի 15-ը: Իսկ արդեն ֆինանսավորում ստացած դիմորդների ցուցակը պարզ կդառնա հուլիսի կեսերին:

«Լույսի» տնօրենի օգնական և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը նախընտրեց մինչ դիմումների վերջնաժամկետի ավարտը թվային տվյալներ չհրապարակել ստացած դիմումների մասին. «Մի մասն արդեն իսկ դիմում է ներկայացրել, մի մասը` զանգով տեղեկացրել, որ առաջիկայում դիմում կուղարկի: Եթե հիմա թվային տվյալներ ներկայացնեմ, դա ամբողջական չի լինի»,- ասում է նա:

Դեռևս հաստատված չէ նաև հիմնադրամի այս տարվա բյուջեն: Այն կհաստատվի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ: «Անցած տարի բյուջեն հաստատվել է հունիսին, այնպես որ մեկ տարին դեռ չի լրացել»,- ասում է Էվոյանը:

«Լույս» հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2008-ի ապրիլի 18-ին, սակայն սկսել է գործել անցած տարվա մայիսից:

Հիմնադրամն անցած տարի ստացել է կրթաթոշակ տրամադրելու շուրջ 1000 դիմում, ներկայացրած պահանջներին համապատասխանել են 26-ը, որոնց և կրթաթոշակ է հատկացվել` ուսումն աշխարհի առաջատար բուհերում շարունակելու համար: Անցած տարի հիմնադրամի բյուջեն կազմել է 400 մլն դրամ:

«Լույսն» ունի 41 ուսանող.  ևս 15 ուսանողի ֆինանսավորում է «Այբ» կրթական հիմնադրամը, սակայն նրանք համարվում են «Լույսի» ուսանող և մասնակցում նրա կազմակերպած միջոցառումներին:

Լավագույն բուհերի ցուցակում այս տարի ընդգրկված է աշխարհի 10 երկրների 25 առաջատար համալսարան: Էվոյանն ասում է, որ լավագույն բուհերի ցուցակը կազմվել է ըստ ամերիկյան «Նյուզ ռիփորթի»: Քանի որ ցուցակում ընդգրկված լավագույն համալսարաններից առաջին  13-ն ամերիկյան բուհեր են եղել, հիմնադրամն ընտրել է ցուցակը գլխավորող ամերիկյան 10 բուհերը, ապա` մյուս երկրների 2-ական բուհ, մինչև լրացել է 25-ը: «Այսպես ենք վարվել, որպեսզի որևէ երկրի նախապատվություն չտրվի»,-ասում է Էվոյանը` ավելացնելով, որ այս տարի ֆինանսավորվող բուհերի ցուցակում արվեստի ոլորտի ուսումնական հաստատություններ ընդգրկված չեն, մինչդեռ ուսանողների հետաքրքրությունը դրանց նկատմամբ մեծ է, և  հույս ունեն, որ եկող տարի նաև արվեստի ոլորտի բուհեր ընդգրկվեն:

«Լույսը»  ուսանողներին կրթաթոշակ է  տրամադրում, որ կազմում է ոչ ավելի, քան ուսման ծախսերի կեսը: Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերին դիմելու համար ուսանողն արդեն իսկ ֆինանսավորում պետք է ունենա այլ աղբյուրից կամ ֆինանսավորման համար դիմած լինի որևէ համալսարանի կամ հիմնադրամի: Էվոյանն ասում է, որ ֆինանսավորում տրամադրելիս հիմնադրամը որևէ մասնագիտության նախապատվություն չի տալիս, կարևորվում է միայն լավագույն բուհի ուսանող լինելը:

««Լույս» հիմնադրամն ակնկալում է, որ ուսանողներն իրենց ներդրումը կունենան աշխարհում, նշանակալի դեր կունենան հասարակական կյանքի բարելավման գործում, և  ողջունում է նրանց քաղաքացիական ակտիվ մասնակցությունը Հայաստանի կյանքում: Սա չի ենթադրում անպայման աշխատանք հասարակական սեկտորում, սակայն հնարավորություն է տալիս, որ ուսանողներն իրենց ընտրած ոլորտում առաջնորդի դեր ստանձնելու մտավոր ու բարոյական կարողություններ ունենան, ինչպես նաև, որպես դեսպաններ, աշխարհի տարբեր ծայրերում հպարտորեն ներկայացնեն Հայաստանի մշակույթը»,- նշված է «Լույս» հիմնադրամի կայքում:

Հիմնադրամի ուսանողները պարտավորվում են մենթոր դառնալ հայաստանցի որևէ ավագ դպրոցականի համար և ներգրավվել «Լույսի» ամառային կամ ձմեռային 4-շաբաթյա ծրագրերում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է ապահովվի «Լույսի» ուսանողների վերադարձը Հայաստան, Էվոյանն ասում է, որ կարևորը ոչ թե այն է, թե որտեղ են նրանք գտնվում, այլ այն, որ նրանց ծրագրերն ու գիտելիքներն ուղղված լինեն Հայաստանի զարգացմանը: «Լույսի ուսանողները միշտ վիրտուալ շփման մեջ են, նաև պարտավորվում են տարին մեկ անգամ Հայաստան այցելել, այստեղ ներկայացնել իրենց ստացած գիտելիքները»,- ասում է նա:

Հիմնադրամը նաև պարբերաբար դասընթացներ է կազմակերպում հայաստանցի ուսանողների համար, որտեղ առաջատար համալսարանների շրջանավարտները ներկայացնում են արտերկրյա բուհեր ընդունվելու գործընթացի նրբությունները: Հարվարդի համալսարանի շրջանավարտ Լիլիթ Պետրոսյանն ասում է, որ արտասահմանյան բուհերը դիմորդին նախևառաջ դիտում են որպես անձի, անհատի, հետո նոր միայն որպես մասնագետի. «Արտասահմանյան բուհերին պետք չեն միայն լավ սովորող ուսանողներ: Նրանց պետք են ուսանողներ, ովքեր բազմակողմանի զարգացած են և հասարակության ակտիվ անդամ են»:  Նրա խոսքով` կարևոր է, որ դիմորդը կարողանա իրեն պատշաճ ներկայացնել. «Դիմորդը պետք է կարողանա ապացուցել, որ ինքը լավագույնն է և ճիշտ ուղի է ընտրել: Դա պետք է ապացուցի իր անցյալով և ապագայի ծրագրերով»:

Արփի Աթաբեկյանը «Լույսի» կազմակերպած սեմինարների մասնակիցներից է:  Այս տարի ավարտում է  ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի բակալավրիատը: Ասում է, որ մտադիր է կրթությունը շարունակել արտերկրում, իր ոլորտի լավագույն բուհերը Հոլանդիայում,  Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում  են: «Պետք է բուհ դիմեմ 2011-ին, և հիմա սեմինարներն ինձ օգնում են տեղեկանալու, թե ինչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ: Բացի այդ, դեռևս ֆինանսավորող հիմնադրամներ եմ փնտրում: Նաև «Լույսին» կդիմեմ, եթե բուհս համապատասխանի ցուցակին»,- ասում է Արփին:

Իսկ Աննա Բարսեղյանն արդեն դիմել է հիմնադրամին: Նա ընդունվել է Ավստրալիայի ազգային համալսարանի թարգմանչության բաժնի մագիստրատուրա: Նա 5 տարի սովորել է, ունի  նաև մի քանի տարվա աշխատանքային փորձ: Աննան դիմել է նաև այլ  կազմակերպությունների` ֆինանսավորում ստանալու համար: Նա նշում է, որ արտերկրում ուսանելուց հետո անպայման կվերադառնա Հայաստան:

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply