ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթի քննարկմանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 9, 2010 21:59

Հունիսի 9-ին Ազգային ժողովը ձեռնամուխ եղավ ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկմանը:

Ըստ օտարալեզու կրթության կազմակերպումը թույլատրող նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի, օտար լեզուներով կրթությունը կազմակերպող ուսումնական հաստատությունները կարող են գործել բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ և իրականացնել միջնակարգ կրթության երկրորդ (5-9-րդ դասարաններ) և երրորդ (10-12-րդ դասարաններ) աստիճանի հանրակրթական ծրագրեր: Ընդ որում, ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզու և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները: Առաջարկվում է սահմանափակել նաև նշված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը. ՀՀում դրանց թիվը 15-ն է, որից 8-ը` Երևան քաղաքում, իսկ ՙնույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է՚:

ԱԺի նիստում հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը`պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ կառավարության համար սկզբունքային փոփոխությունը ՙԼեզվի մասին՚ օրենքի հիմնական դրույթում բացառություն նախատեսելն է: Ըստ այդմ, առաջարկվում է հետևյալ ձեւակերպումը. ՙՀՀում գործող ուսումնական հաստատություններում և կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՚: Նախարարը հայտարարեց նաև, որ մնացյալ բոլոր դրույթները` կապված կրթական աստիճանի, օտարալեզու ծրագրեր իրականացնող դպրոցների թվաքանակի, երկրորդական են և քննարկելի: Նախարարը վստահեցրեց, որ պատգամավորների առաջարկությունների և առարկությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի քննարկման ավարտին:

ՙԲարգավաճ Հայաստան՚ի ներկայացուցիչ Ն.Զոհրաբյանը` արձագանքելով նախարարի հայտարարությանը, հայտնեց, որ ԲՀԿն պնդում է իր առաջարկները`այլալեզու կրթությունը պետք է իրականացվի միայն ավագ դպրոցում` 10-12-րդ դասարաններում, նաև առավել հստակեցվի և, եթե հնարավոր է, նվազեցվի օտարալեզու դպրոցների թվաքանակը: ՙՄեզ համար դա երկրորդական չէ, այլ` սկզբունքային՚,-ասաց պատգամավորը` վստահեցնելով, որ իրենց քվեարկությունը կախված կլինի նշված առաջարկների վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ: Նա հայտարարեց նաև, որ կառավարության նախաձեռնության թենախնական և թելրամշակված տարբերակի վերաբերյալ իրենց կարծիքը բացասական է:

Նախագծերի քննարկումը կվերսկսվի ԱԺի հունիսի 10-ի առավոտյան նիստում: Պատգամավորների հարցերին կպատասխանի հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, որից հետո պատգամավորները և խմբակցությունները կներկայացնեն իրենց տեսակետները:

Նշենք, որ ՙՄենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը՚ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները և նրանց միացած համախոհները ԱԺի ընթացիկ քառօրյա նիստերի առաջին օրվանից բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի մուտքի առջև` դիմավորելով պատգամավորներին ՙԱմոթ՚, ՙԿրթությունը` հայերեն՚, ՙԼեզու հանձնողը` դավաճան՚ վանկարկումներով և ՙՊահանջում ենք Արմեն Աշոտյանի հրաժարականը՚, ՙԼեզուն գույք չէ պարտքի դիմաց՚, ՙԱզգադավ օրինագիծը հանել անդարձ՚ պաստառներով: Նրանք պատգմավորներին նաև հանձնվել են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկությունների և առարկությունների փաթեթը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply