Բելառուսում տեղի է ունեցել Ազգային մշակույթների հանրապետական 8-րդ փառատոնը Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 9, 2010 20:37
Հունիսի 4-6-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվեց Ազգային մշակույթների հանրապետական 8-րդ փառատոնը, որին մասնակցեցին Բելառուսում բնակվող 34 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում Բելառուսի 6 մարզերի եւ մայրաքաղաք Մինսկի հայ համայնքների ներկայացուցիչները:
Եռօրյա փառատոնի ընթացքում ամենաբարձր գնահատականի արժանացան հայկական պարի, կենցաղի ներկայացումները, խոհանոցը, ինչի շնորհիվ էլ հայկական տաղավարը ճանաչվեց լավագույնը:
Փառատոնի հանդիսավոր բացմանը մասնակցեց աշխատանքային այցելությամբ Գրոդնոյի մարզ ժամանած Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը Գրոդնոյի մարզպետ Սեմյոն Շապիրոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց Բելառուսում բնակվող ազգությունների համերաշխ գոյակցմանը նպատակաուղղված Բելառուսի պետական քաղաքականությունը, երկրի իշխանությունների կողմից բելառուսահայության նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ ուշադիր վերաբերմունքը:
ՀՀ դեսպանը եւ մարզպետը քննարկեցին նաեւ հայ-բելառուսական ապակենտրոնացված, մասնավորապես` ՀՀ Շիրակի մարզի եւ Բելառուսի Գրոդնոյի մարզի միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր:
Հանդիպելով Գրոդնոյի հայ համայնքի հետ, դեսպան Խաչատրյանը տեղեկացրեց ՀՀ ներքաղաքական կարեւոր իրադարձությունների, արտաքին քաղաքականության ասպարեզում ծառացած խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ դեսպանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք կապերի առավել ընդլայնման եւ խորացման գործընթացի շրջանակներում բելառուսահայ համայնքի ներգրավվածության եւ Հայաստանի հետ գործակցության զարգացման անհրաժեշտությունը:






Facebook
Tweet This
Email This Post
