Վրաց գրականության շաբաթ Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2010 11:59

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում արդեն չորրորդ տարին է, ինչ երկու երկրների մշակույթի նախարարությունների և գրողների միությունների ջանքերով անցկացվում է Հայաստանում վրացական, Վրաստանում հայկական գրականության օրեր:

Ավանդական դարձած գրական այս նախագիծը Երևանում ու հանրապետության մարզերում կանցկացվի ս.թ. հունիսի 7-12-ը, կներառի ստեղծագործական հանդիպում-քննարկումներ, շնորհանդեսներ, հայ գրողների տուն-թանգարանների այցելություններ և այլն:

Հայաստանում վրաց գրականության օրերի անցկացման նպատակով Երևան է ժամանել ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլու գլխավորած վրաց գրողների /արձակագիր Ռևազ Միշվելաձե, արձակագիր Զուրաբ Թորիա, բանաստեղծ Պադրի Կութութելաձե, քննադատ-լրագրող Մանանա Գորգիշվիլի, թարգմանիչ Գիվի Շահնազար, գրող Անահիտ Բոստանջյան, Թամար Բլիաձե/ 8 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որը և հյուրընկալվեց ՀՀ մշակույթի նախարարությունում:

Ծրագրի շրջանակներում հունիսի 10-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլու”Արևի արցունքներ” բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Արդի վրացական պոեզիայի այս հատընտիրը հայերեն լեզվով կյանքի է կոչվել Գագիկ Դավթյանի թարգմանությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Հունիսի 11-ին Երևանում` ՀԳՄ դահլիճում տեղի կունենա”Արդի վրացական արձակ”անթոլոգիայի շնորհանդեսը: Այն ներառում է վրաց 15 արձակագիրների ավելի քան 20 գործեր` պատմվածքներ, նովելներ: Անթոլոգիան հայ ընթերցողին է ներկայացվում Հրաչյա Բայրամյանի և Մաղվալա Գեուրկովա-Սահակյանի թարգմանությամբ:

Հայաստանում վրաց գրականության օրերի մեկնարկի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշկույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, վրաց գրողական ողջ պատվիրակությունը:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply