Կամավոր բժշկական ապահովագրություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2010 11:19

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը կամավոր բժշկական ապահովագրության է անցել: Բժիշկները սեփական օրինակով են ուզում ցույց տալ, որ ապահովագրությունն առավել որակյալ և մատչելի է դարձնում մատուցվող ծառայությունը, քանի որ այն վերահսկվում է նաև ապահովագրող ընկերությունների կողմից:

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկայացրել են իրենց ծառայությունները: Գրեթե բոլոր փաթեթներում թանկարժեք վիրահատություններն ու հետազոտություններն ընդգրկվել են, այսինքն` նման դեպքերում ապահովագրական ծառայությունը կփոխհատուցի բոլոր ծախսերը: Հրավիրված ապահովագրական կազմակերպություններին նախապես ներկայացվել է կենտրոնի պահանջները և առաջարկությունները:

«Էրեբունի»  բժշկական կենտրոնը` որպես գործատու, կունենա իր մասնակցությունը. ցածր աշխատավարձ ունեցողների ամսավճարի մինչև 40%-ը կվերցնի իր վրա, բարձր աշխատավարձ ստացողների համար, թեև ամսական 8-10 հազար դրամ վճարելը դժվար չի լինի, դարձյալ կազմակերպությունը 10%-ի չափով կմասնակցի:

Կենտրոնի ղեկավարությունն աշխատակիցների հետ քննարկել է կամավոր բժշկական ապահովագրական ծրագրերում ընդգրկվելու հարցը:

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը նշել է, որ ապահովագրական բժշկությունն այսօր ողջ աշխարհում կայացած համակարգ է` պատշաճ բժշկական սպասարկում ապահովելու տեսանկյունից:

Հայաստանում դեռևս չի գործում բժշկական ապահովագրությունը, սակայն հստակ է, որ դրա հիմնական ուղղվածությունը սոցիալապես անապահով խմբերին պետբյուջեի գումարներով լիարժեք ու որակյալ բուժօգնություն ցուցաբերելն է:

«Կամավոր ապահովագրական բժշկության առաջին առավելությունը որակյալ բուժսպասարկման մատչելիությունն է: Երբ ավելի խորն ենք ուսումնասիրում, բազմաթիվ այլ առավելություններ են տեսանելի դառնում: Ստացվում է, որ ապահովագրական գործակալությունը դառնում է հիվանդի հովանավորը, վերհսկում է մատուցվող բուծառայության որակը, հետևում է` հիվանդը գոհ է, թե դժգոհ: Բացի այդ, գործակալությունը բուժծառայություններ մատուցող բուժհիմնարկներին պարտադրում է անընդհատ բարելավել և զարգացնել ծառայությունները, լուրջ մրցակցության դաշտ է ձևավորվում», – ներկայացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը:

Բժշկական կենտրոնի ղեկավարները վստահ են, որ մինչև պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելը, ապահովագրության այս ձևը լուրջ դերակատարում կունենա բնակչության առողջության պահպանման գործում:

Տեղեկությունն ըստ www.moh.am-ի

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply