Էրդողանն արժանի է շքանշանի որպես պաղեստինցիների կեղծ բարեկամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 9, 2010 11:23

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրք ղեկավարի կողմից մի այնպիսի հրաշալի դերակատարման, որն անգամ հոլիվուդյան ամենափորձառու աստղերը չէին կարող կատարել:

Թուրքիայի վարչապետն արժանի է Օսկարի մրցանակի` իրեն որպես մեծ հումանիստ և պաղեստինյան ժողովրդի պաշտպան ներկայացնելու համար: Գազայի հատվածի ժողովուրդը, անկասկած ճնշումների է ենթարկվում և զրկանքներ կրում, սակայն Էրդողանր նրանց փրկության ասպետը չէ: Չի կարելի կեղտոտ ձեռքերով մարդու իրավունքների պաշտպան լինել: Սա երկերեսանիության գագաթնակետն է:
Ինչպե՞ս կարող է 17 տարի շարունակ Հայաստանը շրջափակած Թուրքիան հավաստիորեն կոչ անել Իսրայելին վերացնել Գազայի շրջափակումը:
Ինչպե՞ս կարող է Էրդողանը դատապարտել Իսրայելի հարձակումները պաղեստինցիների վրա, երբ թուրքական օդուժը պարբերաբար ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը (Քուրդիստանը), սպանելով ու խեղելով անմեղ մարդկանց, կանանց և երեխաներին:
Ինչպե՞ս կարող է Թուրքիայի վարչապետը դատապարտել պաղեստինցիների հանդեպ Իսրայելի դաժան վերաբերմունքը, երբ իր սեփական երկրում ալևիները, ասորիները, հայերը, հույները, հրեաները և քրդերը զրկված են իրենց ամենատարրական իրավունքներից:
Ինչպե՞ս կարող է Թուրքիան խոսել Պաղեստինի կամ Արցախի բռնազավթման մասին, երբ նա բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսն ու Արևմտյան Հայաստանը:
Ինչպե՞ս կարող են թուրք ղեկավարները մեղադրել Իսրայելին և Չինաստանին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, երբ իրենք ժխտում են Թուրքիայի կողմից իրագործած՝ 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության իրողությունը:
Ինչպե՞ս կարող է Թուրքիան իրեն հայտարարել Պաղեստինի հարցի պաշտպան և իսլամական աշխարհի առաջնորդ` լինելով Մերձավոր Արևելքում Իսրայելի ավելի քան կեսդարյա ամենամոտ ռազմական դաշնակիցը, ինչպես նաև թույլ տալով Իսրայելի օդուժին թուրքական օդային տարածքներն օգտագործել ընդդեմ արաբական երկրների և Իրանի` ռմբակոծման փորձեր կատարելու համար:
Ինչպե՞ս կարող են Սիրիան, Իրաքը և Իրանը վստահել Թուրքիային, երբ վերջինս վտանգի է ենթարկում իրենց ազգային ապահովությունը, թույլ տալով Իսրայելին հետախուզական կայաններ տեղակայել սահմանի երկայնքով` լրտեսելու իրենց երկրները:
Ինչպե՞ս կարող է էրդողանը մարդու իրավունքների պաշտպան լինել, երբ բազմաթիվ լրագրողներ, իրավաբաններ, կղերականներ ու մարդու իրավունքների պաշտպաններ հետապնդվում, անգամ սպանվում են նրա երկրում:
Ինչպե՞ս կարող են թուրք ղեկավարները պնդել, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է, մինչդեռ շարունակում են պահպանել ռազմական դաշինքն ու բազմամիլիարդ դոլարների առևտուրն իսրայելյան պետության հետ: Թուրքիան ձևացնում է, թե իբր կողմ է արաբական երկրներին` միաժամանակ դավեր նյութելով Իսրայելի հետ` ի վնաս իրենց ազգային անվտանգության:

Իսրայելը և Միացյալ Նահանգները հավասարապես պատասխանատու են Թուրքիայի երկերեսանի կեցվածքի համար. նրանք համատեղ աջակցել, պաշտպանել և քողարկել են թուրքերի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները, Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև քուրդ փոքրամասնության ճնշումն ու էթնիկ զտումները: Վերջին 60 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները միլիարդավոր դոլարների արտաքին օգնություն և ռազմական աջակցություն են ցուցաբերել Թուրքիային` նրա հավատարմությունը շահելու ապարդյուն ակնկալիքով: Սա Միացյալ Նահանգների ռեսուրսների վիթխարի վատնում է, քանզի Թուրքիան, Իրաքի պատերազմի սկզբում ամերիկյան զորքերին անգամ թույլ չէր տալիս անցնել իր երկրի սահմանը:

Թուրքիան խելամտորեն շահարկեց Գազայի հատված ուղևորվող օգնության նավատորմի վրա Իսրայելի անխոհեմ հարձակումը և ձգտում է լրացնել այն բացը, որն առաջացել է արաբական պետությունների անպատասխանատու անգործության հետևանքով: Էրդողանը նույնքան մեղավոր է օգնություն տանող գործիչների սպանվելու և վիրավորվելու համար, որքան և Իսրայելի ղեկավարները: Նա լռելյալն խրախուսել է նրանց նավարկումը դեպի Գազայի ծովափ, քաջ գիտակցելով, որ արյունալի առճակատումն անխուսափելի է, և որը բարձրացնելու է իր վարկը երկրի ներսում և դրսում: Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանը ևս շքանշանի է արժանի երկերեսանիության համար, քանի որ հանդես եկավ Իսրայելի երկչոտ դատապարտմամբ, շարունակելու համար զենք գնել այդ երկրից և նավթ վաճառել նրան: Ահա այսպիսի թուրք-ադրբեջանական զորակցություն:

Իհարկե, տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը ևս գործել է միևնույն երկերեսանիությամբ, ինչպես Թուրքիայի ղեկավարները: Հոլոքոստի վերանայման վերաբերյալ յուրաքանչյուր դրսևորումի դեմ պայքարելուն զուգընթաց, Իսրայելի իշխանությունները չեն զլացել աջակցել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Սակայն հիմա, երբ Էրդողանն իր տենդագին ձայնն է բարձրացրել ընդդեմ Իսրայելի, իսրայելցիները կառչել են Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի դեմ որպես զենք օգտագործելու ընձեռնված հնարավորությունից: Հայերը պետք է մերժեն նման կեղծավորությունը: Իսրայելի կառավարությունն անկեղծ չէր ինչպես Հայոց ցեղասպանությունը ժխտելիս, այնպես էլ այժմ` նրա ճանաչմանն աջակցելիս: Ամոթալի է քաղաքական էժանագին խաղեր խաղալ մի այնպիսի ահավոր ու աղետալի հիմնախնդրի հետ, ինչպիսին է Ցեղասպանությունը: Իսրայելը և այլ պետություններ պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը միայն մեկ պատճառով, որովհետև դա բացարձակ ճշմարտություն է:

Առայժմ Թուրքիան միայն խոսում է և ոչ մի գործողություն չի ձեռնարկում պաղեստինյան հարցի ուղղությամբ: Էրդողանը Իսրայելի դեմ իր բոցավառ ճառերից այն կողմ չի անցել: Եթե նա պաղեստինցիներին պաշտպանելու գործում անկեղծ է, ապա պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը.

· Չեղյալ հայտարարել Իսրայելի հետ բոլոր ռազմական կապերն ու պայմանագրերը,

· Ուժը կորցրած ճանաչել Իսրայելի հետ բացահայտ և գաղտնի բոլոր ռազմական և ռազմավարական, այդ թվում, համատեղ-հետախուզական համաձայանագրերը,

· Փակել Թուրքիայի դեսպանատունը Թել Ավիվում և Իսրայելի դեսպանատունը` Անկարայում:

Անցյալ շաբաթվա արյունալի առճակատումից հետո, ներքին սուր տարաձայնություններ ի հայտ եկան Թուրքիայում, երբ Էրդողանը Իսրայելին մեղադրեց Տասը պատվիրաններից մեկը խախտելու մեջ: “Մի սպանիր” պատվիրանը թուրքերեն արտասանելուց հետո, Էրդողանն այն կրկնեց անգլերեն և եբրայերեն, համոզվելու համար, որ հրեաները “կկարողանան հասկանալ” իր խոսքերը: Ի պատասխան, Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն թուրք հանրությանն ասաց, որ Էրդողանն ինքն է խախտել երկու այլ պատվիրաններ` “Մի գողացիր” և “Մի ստիր”:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply