Միջնորդել է Ն.Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարել 2009 թվականի հուլիսի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 11:11

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Ավետիսյանը 2010 թվականի հունիսի 8-ին  գրավոր միջնորդագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տ.Նավասարդյանին՝ օրենսդրությանը հակասող ակտը վերանայելու մասին:

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կատարվել է դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, համաձայն որի նշանակված պատժաչափը կրճատվել է 1/2-ով երեք տարի մեկ ամիս մեկ օրով, որի արդյունքում վերջնական պատժաչափը կազմել է երեք տարի 10 ամիս 29 օր: Կայացված որոշման ստուգմամբ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կողմից դատապարտյալ Ն.Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարվել է 2010 թվականի ապրիլի 30-ից` դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

«Համաներում հայտարարելու մասին» որոշումը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2009 թվականի հունիսի 19-ին, որը կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, մինչդեռ դատապարտյալ Ն.Փաշինյանը արգելանքի է վերցվել 2009 հուլիսի 1-ին, իսկ մեղսագրվող արարքը կատարել է մինչև համաներման ակտի ընդունումը, հետևաբար դատարանի կողմից նշանակված և չկրած պատժի մասի հաշվարկը պետք է կատարվեր 2009 թվականի հուլիսի 1-ից, այն է` նշանակված և չկրած յոթ տարի ժամկետով ազատազրկումը  «Համաներում հայտարարելու մասին»  ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թվականի որոշման 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պետք է կրճատվեր կիսով չափ` երեք տարի վեց ամիս, իսկ վերջնական պատժաչափը կկազմեր` երեք տարի վեց ամիս:

Վ.Ավետիսյանը միջնորդել է «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի պետին՝ վերանայել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 25.05.2010 թվականի թիվ 31 որոշումը և դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարել 2009 թվականի հուլիսի 1-ից:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply