«Nabucco» օպերայի վախճանը. ի՞նչ արժե ադրբեջանական գազը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 1, 2009 12:07

nabucco_gas_pipelineԵթե իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Nabucco» օպերան ոգեշնչում էր իտալական անկախության համար մղվող պայքարը, ապա “Nabucco” գազամուղի նախագիծը ներկայացնում է եվրոպական երկրների` ռուսական գազից անկախանալու համար պայքարը:

2006-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը նոր ռիսկի առաջ կանգնեցրեց Եվրոպային, որը, նախկինում հրաժարվելով միջուկային հիմքով էլեկտրաէներգիա ստանալուց, հարկադրված եղավ ակտիվացնելու գազի այլընտրանքային ուղիները: Այդ այլընտրանքներից է “Nabucco” կոչվող գազամուղը, որը, շրջանցելով Ռուսաստանը, միջինասիական ու ադրբեջանական գազը պետք է հասցնի Եվրոպա:

Մեդվեդևի` հունիսի 29-ին Բաքու կատարած այցը «Nabucco»-ի համար ասես վերջակետ լիներ. վերահաստատվեց ադրբեջանական գազը գնելու Ռուսաստանի պատրաստակամությունը (ընդ որում` ռուսներն այն գնում են եվրոպական գներով). ստորագրվեց պայմանագիր, ըստ որի` Ռուսաստանը 2010-ի հունվարի 1-ից կգնի ադրբեջանական գազ: Սկզբնական շրջանում՝ 500 մլն խմ, բայց, ինչպես նշեց «Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլլերը, հետագայում քանակը կաճի: Փաստորեն գնվում է այն գազը, որ համարվում է «Nabucco»-ի հիմնական սնուցողը:

Թուրքմենստանը և Ուզբեկստանը, որ ևս պետք է մասնակցեին «Nabucco»-ին, իրենց հերթին Ռուսաստանի ու Չինաստանի հետ գազը նրանց վաճառելու մասին համաձայնություններ են ձեռք բերել: Բացի դրանից` ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը, կարող են վետո դնել Կասպյան ավազանով անցնող ցանկացած գազամուղի կառուցման վրա` տարբեր պատճառաբանություններով, օրինակ, էկոլոգիական անվտանգության համար:

Արդյունքում Ռուսաստանը գնալով կվերածվի այնպիսի գազային հսկայի, որից եվրոպական երկրների ստրատեգիական կախումն արդեն բացարձակ կդառնա: Առանց այն էլ այժմ Ռուսաստանն ապահովում է Եվրոպայի ընդհանուր օգտագործման գազի 40 տոկոսը: Մասնավորապես` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների գազի 90 տոկոսը կախված է Ռուսաստանից:

Ադրբեջանն իր հերթին կանգնում է մի շարք մարտահրավերների առաջ. գազը վաճառելով ռուսներին` փակում է այն դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությունը, էապես կրճատում է Թուրքիայի տրանզիտային կարևոր դերը Եվրոպայի համար` այդպիսով ավելի բարդացնելով Թուրքիայի` ԵՄ ինտեգրման գործընթացը, ի վերջո կորցնում սեփական գազի հանդեպ եվրոամերիկյան հետաքրքրությունը, դրա հետևանքով էլ` նրանց քաղաքական աջակցությունը: Իսկ Վրաստանն էլ, կորցնելով իր տրանզիտի դերը, կորցնում է իր նկատմամբ արևմուտքի հետաքրքրությունը:

Մյուս կողմից` Ադրբեջանը ձեռք է բերում Ռուսաստանի պես ստրատեգիական գործընկեր: Ինչքա՞ն ամուր կլինի այս գործընկերությունը, և կարո՞ղ է արդյոք այն ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Մեդվեդևը Բաքվում հայտարարեց` «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բավական մոտ պատմական հեռանկարում, և Ռուսաստանը դրա համար կանի ամեն բան»: Ադրբեջանական գազը գնելու պայմանագրի կնքման օրն արված այս հայտարարությունն արդյոք խոսո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի նոր քաղաքականության մասին:

Հարցին պատասխանելու համար որոշենք «Nabucco»-ով պայմանավորված ադրբեջանական գազի քաղաքական գինը։

Առաջին՝ «Nabucco»-ն Եվրոպայի անիրատեսական երազանքն է. այն տնտեսապես անշահավետ է ու չափազանց քաղաքականացված: 30 մլրդ խմ գազ Եվրոպա փոխադրող այս գազամուղի միայն մեկնարկի համար անհրաժեշտ է 15մլրդ խմ գազ, իսկ ադրբեջանական ռեսուրսները լավագույն հաշվարկներով կազմում են մոտ 5 մլրդ խմ: (Չնայած Բաքուն հայտարարել է, որ արդեն 2013-2014-ին գազի ծավալները կհասցնի մինչև 12 մլրդ խմ-ի, բայց նախագծի համար 8 մլրդ եվրո ներդնող ընկերությունները ռիսկի չեն կարող գնալ` սպասելով գազի ավելացման մասին Բաքվի հուսադրումներին)։

Երկրորդ՝ եթե անգամ «Nabucco»-ն կառուցվի, միայն Թուրքիան ստանալու է դրանով եկող գազի 1/3-ը, ուստի նախագիծը կապահովի Եվրոպայի գազի կարիքների ընդամենը 5 տոկոսը: Բացի դրանից` Ֆրանսիան ու այլ եվրոպական երկրներ հետաքրքրված չեն «Nabucco»-ով, քանզի ունեն սեփական գազի ստացման այլ ուղիներ: Իսկ Գերմանիան, Լեհաստանը կամ Իտալիան հետաքրքրված են ուզբեկական գազը փոխադրող “South Stream” նախագծով: «Nabucco»-ի անդամ-երկրների հետաքրքրությունը «Գազպրոմ»-ի այսօրինակ նախագծերի նկատմամբ հարցականի տակ է դնում նույնիսկ դրա պահանջարկի հանգամանքը:
Երրորդ` ադրբեջանական գազը, ըստ նախագծի, անցնելու է Վրաստանով դեպի Թուրքիա, ապա Եվրոպա. օգոստոսյան պատերազմը, որի ընթացքում մեկը մյուսի հետևից փակվեցին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ն ու «Բաքու-Սուպսա»-ն, ցույց տվեց, որ վրացական տարածքով գազ ու նավթ տանելն ապահով չէ:

Չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտը մեծ ռիսկի կենթարկի գազամուղը:
Ադրբեջանից Հայաստանով դեպի Եվրոպա էներգակիրների տեղափոխումն ավելի էժան է, և եվրոպացիները միշտ հարց են ունենում` «միգուցե սպասել հակամարտությունների կարգավորմա՞նը»:

Հինգերորդ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր հերթին ծանր կացության մեջ է դրել եվրոպական երկրներին, որոնք արդեն պետք է վերանայեն մինչ այդ ստեղծած քաղաքական բնույթի գազամուղների ու երկաթգծերի նախագծերը և շեշտը դնեն միայն տնտեսական պրագմատիկ հաշվարկների վրա: Այս առումով ուշագրավ է «Nabucco»-ի հունգարական բաժնետեր «MOL» ընկերության տնօրեն Ժոլթ Հերնադիի` անցյալ տարվա սեպտեմբերի վերջին արած հայտարարությունը, թե` «Դատարկ գազամուղը չափազանց թանկ է»:

Վեց՝ եվրոպացիները կերազեին, որ իրանական գազը մասնակցեր «Nabucco»-ին (այդպես էլ ի սկզբանե ծրագրված էր), քանի որ միայն իրանական գազի պաշարները բավական են ողջ Եվրոպային գազով ապահովելու համար: Սակայն ամերիկյան վետոն` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, անհնարին է դարձրել այս հնարավորությունը:

Փաստորեն «Nabucco»-ն ներկայիս ձևաչափով անիրականանալի է։
Ուրեմն` ադրբեջանական գազն արդեն կորցրել է ստրատեգիական իր նշանակությունը: Այս հանգամանքը Մեդվեդևը լավ է հասկանում: Եվ ուղղակի անհեթեթ էին Բաքվում շրջանառվող «Ադրբեջանի կողմից Ռուսաստանին նախապայմաններ առաջարկելու» կամ «գազ Լեռնային Ղարաբաղի դիմաց» տեսակետները:

Բաքուն, որ իր համար պրոբլեմներ էր ստեղծում մի քանի մլրդ խմ գազի պատճառով (սկզբում` Թուրքիայից նեղանալու ու նրան չվաճառելու, ապա` նրա համար գազի գինը թանկացնելու, դրանից առաջ` «Nabucco»-ին միանալու պատրաստակամության, այժմ` Եվրոպային սպառնալու ու Ռուսաստանին ծախելու մասին հայտարարություններով), այժմ կանգնած կլինի իր համար անցանկալի մարտահրավերների առաջ:

Առաջին՝ գազը վաճառելով Մոսկվային` Ադրբեջանը կորցնում է Արևմուտքին իր կողմը գրավող կարևոր լծակը` գազը։
Երկրորդ՝ գազը Ռուսաստանին վաճառելու քայլին ամենայն հավանականությամբ կհետևեն եվրոպական կառույցների և ԱՄՆ-ի քննադատություններն ու ամենատարբեր բանաձևերի ընդունումն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման ու ժողովրդավարության պակասի մասին:

Երրորդ՝ Թուրքիան դեպի Եվրոպա տրանզիտի իր դերի նվազմանը զուգահեռ կհեռանա Ադրբեջանից (սրան կարող է հետևել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի քայլերը)։

Ադրբեջանական գազը, բացի նրանից, որ չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության վրա, պրոբլեմներ է ստեղծելու հենց Բաքվի համար:

Դիտվել է 2874 անգամ:
Print Friendly

Leave a Reply